Թե ինչպիսի անհարմարությունների, ավելինՙ տանջանքների են ենթարկվում մարդիկ երթուղային տաքսիներով երթեւեկելու ժամանակ, ծանոթ են շատերին: Այնուամենայնիվ, անդրադառնալն ավելորդ չենք համարում, մանավանդ որ խնդիրն այդպես էլ չի լուծվում: Երթուղային տաքսիում միմյանց գիրկ նստելուց, սրա, նրա գլխին կամ ուսին հենվելուց զատ ստիպված ենք դիմանալ նաեւ անտակտ վարորդների գռեհիկ խոսքերին ու պահվածքին:
Ավանի 81 համարի երթուղային տաքսու երիտասարդ վարորդը միգուցե տեղյակ չէ, որ մեքենայի մեջ արգելվում է ծխելՙ հատկապես, երբ ուղեւորների մեջ կան հղի կին ու փոքրիկ երեխաներ: Ու երբ հարգալից տոնով խնդրում ես վարորդին, որպեսզի հանգցնի ծխախոտը, լսում ես հետեւյալ բարբաջանքը. «Քուրիկ ջան, կարողա՞ գլխիս կանտրոլ ես կայնել: Ընենց չանես, ըստե կայնեմ ու սաղիդ իջեցնեմ: Տենամ էդ ժամանակ ինչ եք անելու»:
Մեկ այլ օրինակ: 100 համարի երթուղային տաքսու վարորդին զգուշացնում են, որ, ըստ օրենքի, արգելվում է տաքսիների մեջ ծխելը: Իսկ վարորդն առանց շրջվելու, գլանակն էլ բերանում պատասխանում է. «Ո՞վ ա ասել, ըտենց օրենք չկա: Ուրդե ուզեմ ու ինչքան ուզեմ կծխեմ»:
Սրանք մեր առօրյայի մի մասն են: Շատերը համակերպվում են, համբերությամբ լսում վարորդի փողոցային արտահայտություններն ու ծաղրը:
Երեւանում գործում են բազմաթիվ թեժ գծեր, որտեղ զանգահարելով կարելի է տեղեկացնել այսօրինակ վարորդների վարքագծի մասին:
«Ազգի» հարցին, թե «ստանո՞ւմ եք արդյոք բողոքներՙ կապված երթուղային տաքսու վարորդների ու մեքենայի մեջ ծխելու վերաբերյալ», աշխատակցուհին պատասխանեց, որ նման բնույթի զանգեր, բողոքներ չեն ստանում: Մեր համաքաղաքացիները հեռախոս չունե՞ն, թե՞ թմրել են, կարծում եմ, սա համատարած ապատիայի դրսեւորում է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ