«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2007-11-09 | #207, 2007-11-10 | #208, 2007-11-13


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՎՐԱՍՏԱՆԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը փոխել է «ժողովրդավար» Սաակաշվիլու դավանած նախկին արժեքները

«Վարդյա» հեղափոխության գլխավոր դերակատար, Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համար իշխանությունը կարծես առավել թանկ կատեգորիա է դարձել, քան էր մինչեւ նախագահական աթոռին բազմելը: Եթե նախապես Սաակաշվիլու համար կարեւոր էին ժողովրդավարական արժեքները, ամերիկյան օգնությամբ ու աջակցությամբ, որոնց փողհարումը վերջին 4 տարիներին հարավկովկասյան երկրների ֆոնին յուրօրինակ տարբերանշան էր, ապա վրաց ընդդիմության նոյեմբերի 2-ին սկիզբ առած հանրահավաքի մասնակիցներից ավելի քան 600-ին մարմնական վնասվածքներ ու թունավորում «պատճառելուց» հետո, պարզվում է, այդ «արժեքներում» տեղի են ունեցել մետամորֆոզներ:

Նախ, իբր ժողովրդավարության բոլոր քննությունները Վրաստանը բռնել էր, հիմա էլ արդեն պետականության քննությունն է, ըստ երկրի նախագահի, հանձնել Վրաստանը: Եվ եթե Շեւարդնաձեի իրականության դեպքում ժողովրդի դեմ ուժային մեթոդների կիրառությունը բերեց հեղափոխության ու բնավ էլ չէր կարող ողջունվել, ապա նոյեմբերի 7-ին բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու ժամանակ կիրառված բռնությունները, պարզվում է, Սաակաշվիլու դատողությունների ներկայիս պրիզմայում լիովին հիմնավորված ու ընդունելի պիտի լինեն, չնայած միջազգային կոչվող հանրությունը, ի դեմս տարբեր կառույցների ու կազմակերպությունների, նաեւ պետությունների, առայժմ միայն դատապարտել է ինչպես ոստիկանության բռնությունները ցուցարարների, այնպես էլ լրատվամիջոցների դեմ:

«Կարգուկանոնի հաստատումը ոչ մի տեղ գեղեցիկ չէ, հաճելի գործընթաց չէ», շաբաթ օրը հայտարարել է Սաակաշվիլին, ավելացնելով, որ ոստիկանությանն անձամբ հրաման է տվել գործել օրենքի շրջանակներում, զգույշ լինել, գործել անկոմպրոմիս: «Աստված փրկեց, որ այդքան մասշտաբային բախումներից հետո ավելի շատ տուժածներ կան ոստիկանության շարքերում: Օրենքի շրջանակներում ուժի կիրառման մենաշնորհը պետությանն է», հայտարարել է Վրաստանի նախագահը:

Նոյեմբերի 7-ի գիշերվանից Վրաստանում հաստատված արտակարգ դրությունը դեռ շարունակվում է, չնայած երկրի նախագահ Սաակաշվիլու հայտարարությանը, թե կարճ կտեւի: Եվ եթե ընդհանուր առմամբ արտակարգ դրության մասին պարզ դիտարկումը ոչինչ չի տա եւ դժվար է այդ մասին կռահել զուտ փողոցներից ու առօրյա կյանքից, ապա լրատվամիջոցների աշխատանքի առնչությամբ Վրաստանում բացառիկ իրավիճակ է:

Երկրի բնակչությունը միայն մեկ հեռուստաաղբյուրի` Հանրային հեռուստատեսության հույսին է որեւէ տեղեկություն ստանալու համար: Դեռեւս առանց եթերի են մնում «Իմեդի» եւ «Կավկասիա» հեռուստաընկերությունները, մյուսների եթերում արդեն որերորդ օրը միայն ֆիլմեր են ցուցադրում:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այս ճամբարում էլ «արշալույսները խաղաղ չեն»: Նախապես միասնական նախագահացուի մասին խոսող ընդդիմությունն այսօր արդեն մի քանի «գլուխ» ունի, թեեւ մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հարցում գոնե, դեռեւս մնում է միասնական: Վրաց միասնական ընդդիմությունը չի պաշտպանել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջա քաշելու մասին հայտարարած օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլուն:

Վրաց ընդդիմադիրներն ընդգծում են, որ 10 ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածուի անունը կհնչեցվի, երբ վերականգնվի «Իմեդի» հեռուստաընկերության եթերը: Այդ առնչությամբ էլ հեռուստաընկերության պատասխանատուները նշում են, որ նոյեմբերի 7-ին ընկերության տարածք մտած ոստիկանները ոչնչացրել են թանկարժեք տեխնիկա, որի վերատեղադրումը երկար ժամանակ է պահանջում:

Պատարկացիշվիլին թերեւս իրականում այնքան էլ հետաքրքրված չէ նախագահական աթոռով, քանի որ պատրաստակամություն է հայտնել ընդդիմության միասնական թեկնածուի դեպքում փոխել ընտրություններին մասնակցելու իր որոշումը: Չնայած նույն հաջողությամբ կարելի է ենթադրել, թե Պատարկացիշվիլին ունի վստահություն, որ վրաց ընդդիմությունը միասնական թեկնածու առաջադրելուն չի հասնի: Ամեն դեպքում, ըստ վրացական կայքէջերի, լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին որոշել է առաջադրվել:

Ինչեւէ, 2008-ի հունվարի 5-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հանգամանքը ողջունելի են համարել տարբեր միջազգային կառույցներ: Ավելին, եվրոպական երկրների եւ կառույցների ներկայացուցիչներն այդ ընտրությունները Վրաստանի համար յուրօրինակ քննություն են որակում` նկատի ունենալով Վրաստանի վարկի եւ այդ երկրի հանդեպ վստահության հաստատման կարեւորությունը:

Ու չնայած, տարբեր գնահատականներով, հունվարի 5-ին արտահերթ ընտրություններ նշանակելը Սաակաշվիլու հաջողված քայլն է կամ ստեղծված իրավիճակից հաջողված ելք, ամեն դեպքում, նույն Սաակաշվիլու համար, հատուկ ցուցանիշ պետք է լինի Ժնեւում միջազգային կազմակերպություններում Վրաստանի առաքելության ղեկավար, նաեւ Շվեյցարիայում Վրաստանի դեսպան Լեւան Միկելաձեի հրաժարականը: Միկելաձեն, ըստ տարածված հաղորդագրության, անհնար է համարել նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո զբաղեցնել այդ պաշտոնը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4