«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2007-11-09 | #207, 2007-11-10 | #208, 2007-11-13


ԴՐԱՄԱՏԻԿ ՎԵՐՋԱԲԱՆ

Վերջնագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ առաջնությունը: Ավարտական տուրն անվանեց առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին: Այդ պայքարը դրամատիկ ավարտ ունեցավ:

28-րդ տուրում ուշադրության կենտրոնում մրցանակային տեղերի հավակնորդ թիմերիՙ «Բանանցի», «Արարատի» եւ «Միկայի» մասնակցությամբ հանդիպումներն էին: Պարգեւների արժանանալու համար նրանց միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Այս առումով ամենադյուրինը «Բանանցի» խնդիրն էր, որը մրցում էր «Կիլիկիայի» հետ: «Բանանցի» ֆուտբոլիստների առավելությունն առաջնության հետնապահի նկատմամբ ակնհայտ էր, որն արտահայտվեց մրցակցի դարպասը խփած 6 անպատասխան գոլերով: Արդյունավետ խաղով հատկապես աչքի ընկավ Արսեն Բալաբեկյանըՙ խփելով 3 գնդակ: Մեկական անգամ գոլի հեղինակ դարձան Սամվել Մելքոնյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Արա Խաչատրյանը: Այդպիսով, «Բանանցն» անկախ մյուս հանդիպումների արդյունքներից, ինչպես եւ անցած առաջնությունում, գրավեց 2-րդ տեղը:

Իսկ ահա բրոնզե մեդալների համար չափազանց համառ մրցակցություն էր ծավալվել «Արարատի» եւ «Միկայի» միջեւ: «Ուլիսի» հետ խաղում «Արարատին» բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, եթե «Միկան» չկարողանար հաղթել «Գանձասարին»: Բրոնզե մեդալների բախտը վճռվեց հանդիպումների վերջին րոպեներին:

Արարատցիները, որ նախորդ երեք խաղերում պարտություններ էին կրել ու թույլ էին տվել «Միկային» ընդհուպ մոտենալու իրենց, ակտիվ սկսեցին «Ուլիսի» հետ հանդիպումը: 16-րդ րոպեին նրանք կարող էին հաջողության հասնել, սակայն իր վարպետությունը դրսեւորեց «Ուլիսի» դարպասապահ Մայիս Ազիզյանը: Իսկ 24-րդ րոպեին արդեն «Ուլիսը» կարող էր բացել հաշիվը, երբ Գոռ Աթաբեկյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն շեղ հարվածեց: Իսկ ահա արարատցիներն ավելի հաջողակ գտնվեցին: 34-րդ րոպեին Գեւորգ Նռանյանի հարվածը հասավ նպատակին եւ «Արարատը» հաշվի մեջ առաջ անցավ:

Դեռ նոր էր սկսվել 2-րդ խաղակեսը, երբ «Ուլիսը» վերականգնեց հավասարակշռությունը: Աչքի ընկավ փորձառու Գագիկ Սիմոնյանը: Նախկին արարատցին, որը մրցաշրջանի վերջում է տեղափոխվել «Ուլիս», տուգանային հարվածով խոցեց Նիկոլայ Սարգսյանի պաշտպանած դարպասը: Գոլը ստիպեց արարատցիներին կրկին մեծ ջանքեր գործադրել հաղթելու համար: Եվ դրանք ի վերջո պսակվեցին հաջողությամբ: 64-րդ րոպեին ձախ թեւից փոխանցում ստանալով, Մարկոսը եզրափակեց գրոհըՙ խփելով իր 22-րդ գոլը:

Թվում էր, թե «Արարատին» կհաջողվի խաղը հաղթական ավարտի հասցնել: Սակայն խաղավարտից մեկ րոպե առաջ տուգանային հրապարակում Գագիկ Սիմոնյանին վայր գցելու համար մրցավարը 11մ հարված նշանակեց «Արարատի» դարպասին: Վճռորոշ հարվածն իրացնելու ծանր ու պատասխանատու գործն իր վրա վերցրեց «Ուլիսի» դարպասապահ Մայիս Ազիզյանը: Հարվածն անվրեպ էր: Գրանցվեց մարտական ոչ-ոքի (2-2): Զուգահեռ ընթացող «Միկա»-«Գանձասար» հանդիպման ելքը վճռվեց ավելացված ժամանակում: Բրազիլացի Ալեքսի խփած միակ գնդակը բրոնզե մրցանակակիր դարձրեց «Միկային»ՙ առանց պարգեւների թողնելով «Արարատին»:

Երկրի չեմպիոն «Փյունիկը» Գյումրի էր մեկնել առանց փորձառու մի շարք ֆուտբոլիստների: Թիմի երիտասարդներին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ «Շիրակին»: Վերջինս Կարեն Խաչատրյանի խփած 2 գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկին»:

Այսպիսով, ավարտվեց հերթական առաջնությունը, որում ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, համառ պայքար ծավալվեց մրցանակային տեղերի համար: Հետաքրքրական է, որ անցած առաջնության լավագույն հնգյակը նույնությամբ պահպանեց իր տեղը մրցաշարային աղյուսակում: «Շիրակն» ու «Ուլիսը» նախորդ տարվա համեմատ մեկ հորիզոնական բարձրացել են, իսկ «Կիլիկիան» 6-րդ տեղից նահանջել է վերջին հորիզոնական:

Ամփոփիչ աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ28183758-2257
2. Բանանց28164856-2652
3. Միկա28148642-2450
4. Արարատ28154949-4249
5. Գանձասար281161135-3139
6. Շիրակ28971227-3734
7. Ուլիս28861421-4630
8. Կիլիկիա28122510-705

Ռմբարկուները

Մարկոս«Արարատ»22
Արսեն Բալաբեկյան«Բանանց»15
Հենրիխ Մխիթարյան«Փյունիկ»12
Գեւորգ Ղազարյան«Բանանց»12
Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»10
Սամվել Մելքոնյան«Բանանց»10

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4