Սիդնեյից (Ավստրալիա) «ՌԱ Կուսակցության Արտակ Դարբինյան ակումբի» վարչությունը տեղեկացնում է, որ լույս է ընծայել դոկտ. Ավետիս Յափուջյանի նորՙ «Յուշեր ՌԱԿ-ի ընկերներէ եւ համակիրներէ» խորագրով հատորըՙ կուսակցության 85-ամյակի առթիվ:
Յափուջյանը նոր անուն չէ Հայաստանի մտավորականության շրջանակների համար: Նա Հայաստանում է պաշտպանել իր ատենախոսությունը եւ Երեւանի համալսարանի գիտխորհրդի կողմից ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճանը: Հեղինակ է մոտ երեք տասնյակ հատորների, որոնցից կարելի է հիշել «Հայ ժողովուրդի մեծ գոյամարտը եւ Հայաստանի Հանրապետութիւնը ստրկացնողները» (1968), «Ո՞վ կազմակերպեց փետրուարեան արկածախնդրութիւնը եւ ի՞նչ եղաւ անոր ետեւանքը» (1969 թ.), «Արեւմտահայաստանի կորուստը եւ անոր պատասխանատուները» (1970), «Եւ վերածնաւ Հայ ժողովուրդը Հուրէն ու Սուրէն (1971), «Հայաստանի Հանրապետութեան քաղաքական, զինուորական, տնտեսական, ընկերային կացութիւնը» (1972), «Հայ ժողովուրդին անկախութեան պայքարը Կիլիկիոյ մեջ: 1919-1921» եւ «Կիլիկիան միջազգային քաղաքականութեան ոլորապտոյտին մէջ» (երկու հատոր, 1977), ինչպես նաեւ «Համառոտ պատմութիւն ՌԱ Կուսակցութեան պատմութեան» (1977) ուսումնասիրությունները: Ֆրանսերենից եւ անգլերենից հայերեն է թարգմանել 25 արժեքավոր հատորներ: Քսաներեք տարի անընդմեջ (1967-1990 թթ.) վարել է պատասխանատու խմբագրի պաշտոնը Կահիրեի (Եգիպտոս) «Արեւ» օրաթերթի: 1990 թվից ապրում է Սիդնեյում (Ավստրալիա), որտեղ այժմ ՀԲԸՄ-«Միութիւն» ամսաթերթի խմբագիրն է, եւ «ՌԱԿ Արտակ Դարբինեան ակումբի» պատվո նախագահը:
Հարյուր տասնվեց էջերից բաղկացած գրքի Ա մասում հուշեր են Էօժեն Միրզա Բաբազյանից, Համբարձում Գարայանից, Բարսեղ Թաշճյանից, Երուանդ Չերքեզյանից, դոկտ. Նուպար Պերպերյանից, Ալեքսանդր Սարուխանից, Վահագն Տեփոյանից, եւ այլ կուսակցական ընկերներից, իսկ Բ մասում կուսակցության համակիրներից:
Գիրքը գրված է անմիջական եւ իրեն հատուկ զուսպ հումորի զգացումներով: Յափուջյանը գրական ասպարեզ մուտք է գործել երգիծաբանությամբ: Այդ պաստառով էլ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ:
Գիրքը բացի անհատներին բնութագրելուց, նաեւ պատմական լուրջ արժեք է իրենից ներկայացնում տալով եգիպտահայ համայնքի որոշակի ժամանակահատվածի քչերին հայտնի մանրամասնությունները, որոնք երանելի հիշողություններ են զարթնեցնում ընթերցողի մտքում: Հեղինակը անմիջական մասնակցություն ունենալով հասարակական կյանքին, լավատեղյակ է այդ բոլորից: Հատորը ունենալ ցանկացողները կարող են դիմել «arcaustralia@hotmail.com» կայքին:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ