Մեսխեթցիների հայրենադարձման աջակցության միջազգային հիմնադրամի շնորհանդեսը նախատեսված է անցկացնել արդեն դեկտեմբերին Թբիլիսիում: «Նովոստի-Գրուզիա» գործակալության տեղեկացմամբ, այդ մասին հայտնել է Փոքրամասնությունների իրավունքների հարցերով եվրոպական կենտրոնի ավագ խորհրդատու Թեմուր Լոմսաձեն:
Ըստ նրա, 2007 թվականի հոկտեմբերի 17-ին ստեղծված հիմնադրամի հիմնադիրները մեսխեթցիների կազմակերպությունների առաջնորդներն են, որ գործում են մեսխեթցիների բնակության գրեթե բոլոր երկրներում: Առավել հետաքրքրական է, որ, ըստ Լոմսաձեի, մի շարք միջազգային կազմակերպություններ հիմնադրամին ֆինանսական աջակցություն ցույց տալու ցանկություն են հայտնել: Միեւնույն ժամանակ, ավագ խորհրդատուն չի մանրամասնել, թե որոնք են այդ կազմակերպությունները:
Միջազգային հիմնադրամի ստեղծման որոշում է կայացվել դեռեւս հոկտեմբերի 12-13-ին Վրաստանի Գուդաուրի հանգստավայրում մեսխեթցիների հայրենադարձման հարցերով տեղի ունեցած միջազգային գիտաժողովում: Ընդ որում, ստեղծվել է նաեւ միջազգային աշխատանքային խումբ, որը կօժանդակի հայրենադարձման գործընթացին:
Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա հուլիսի 11-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Խորհրդային իշխանությունների կողմից 20-րդ դարի 40-ական թվականներին Վրաստանից բռնի տեղահանված անձանց հայրենադարձման» օրենքը, որով նախատեսվում է 1944-ին տեղահանված թուրք-մեսխեթցիների վերադարձը Վրաստան:
Օրենքի համաձայն, Վրաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեսխեթցիները մինչեւ 2009-ի հունվարի 1-ը իրենց բնակության վայրում Վրաստանի դեսպանատներ պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը: Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած վրաց պարտավորության համաձայն, այդ հարցը պետք է լուծվի մինչեւ 2011-ի ավարտը:
«Ազգը» անդրադարձել էր վրաց խորհրդարանում մեսխեթցիների հայրենադարձման առնչությամբ ընդունված օրենքին եւ տեղեկացրել, որ դրա համար օրենքով որեւէ ֆինանսավորում չի նախատեսվում, ինչպես նաեւ չի նշվում որեւէ վայր, ուր կարող են վերադառնալ մեսխեթցի թուրքերը: Եվ եթե նախկինում հայրենադարձողների հավանական բնակության վայր էր նշվում հայաբնակ Ջավախքը, ապա այժմ նման լրացումներ չեն արվում մեսխեթցիներին վերաբերող հարցերում:
Միեւնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, որ Վրաստան վերադառնալու ցանկություն ամենայն հավանականությամբ կունենան քչերը, իսկ նրանցից էլ առավել եւս քիչ թվով թուրք-մեսխեթցիներ կհամաձայնեն բնակություն հաստատել սիբիրյան կլիմայական պայմաններ ունեցող Ջավախքում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ