«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2007-11-13 | #209, 2007-11-14 | #210, 2007-11-15


ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ` ՓԱՍՏԻ ԱՌԱՋ

Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար

Երեքշաբթի` նոյեմբերի 13-ի գիշերվա Երեւան-Բեյրութ ուղիղ չվերթը չհասավ վերջնակետ, չվերթի ուղեւորները կրկին հայտնվեցին Երեւանում: «Ազգի» տեղեկությունների համաձայն, ինքնաթիռը վերադարձել էր` չհատելով Թուրքիայի սահմանը, քանի որ վերջինիս իշխանությունները թույլ չէին տվել օգտագործել Թուրքիայի օդային միջանցքը:

Երեւան-Բեյրութ չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերությունից տեղեկացանք, որ թուրքական իշխանությունները, առանց պաշտոնական տեղեկացման ու հիմնավորման, նոյեմբերի 13-ից արգելել են հայկական ավիաընկերությունների չվերթերը Թուրքիայի տարածքով: Այդ պատճառով Հալեպ եւ Բեյրութ չվերթերը տեղի չեն ունենա:

«Արմավիան» տեղեկացնում է ուղեւորներին, որ նույն ուղղություններով հնարավոր է թռչել` օգտվելով սիրիական ավիաընկերությունների ծառայություններից, որոնց չի արգելվում օգտվել թուրքական օդային միջանցքից:

Հիշեցնենք, որ խոսքը այսպես կոչված H50 միջանցքի մասին է, որ տրամադրվել է Հայաստանին այն պարզ տրամաբանությամբ, որ դրա կարիքն ու անհրաժեշտությունն ուներ նաեւ Ադրբեջանը: Բացի այդ, Թուրքիայի` մեզ արած «լավության» մասին բազմիցս նշել ու ընդգծել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ այդ օդային միջանցքի դիմաց Հայաստանն էլ իր տարածքով թույլ տվեց թռչելու ադրբեջանական ավիաընկերությունների ինքնաթիռներին:

Իսկ նոյեմբերի 13-ին արդեն իրականություն դարձած օդային միջանցքից օգտվելու արգելքի մասին քաղաքական շրջանակներում Թուրքիան հայտարարություններ արեց Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման 106 բանաձեւի առնչությամբ: Պարզվում է, դրանք միայն քաղաքական հայտարարություններ չէին ու արդեն ոչ թե թուրքական շանտաժի մաս չեն կազմում, այլ իրողություն են:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.- Նոյեմբերի 18-ից «Արմավիա» ընկերության Երեւան-Դուբայ-Երեւան չվերթերը կիրականացվեն արդեն շաբաթական երեք օր` երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին, ընդ որում, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը` սկսած 33.000 դրամից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4