Ս. Սարգսյան. «Ես շատ վաղուց եմ սկսել ինձանից` սկսած կարմիր լույսի տակ կանգնելուց...»
Երեկ «ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը վարչապետ Սերժ Սարգսյանին հարց ուղղեց, որն ուներ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Արման Բաբաջանյանին քաղբանտարկյալներ համարելու շեշտադրում, նաեւ նրանց վաղաժամկետ ազատմանն էր վերաբերում: Հարցի մեջ կար հղում` վարչապետի Սեֆիլյանի մարտական ընկերը լինելու վերաբերյալ եւ եռյակի բանտարկված լինելու պարագան երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասական ազդելու առումով. «Ես իմ մարտական ընկերների հետ հարաբերություններում փաստաբանի կարիք չեմ զգում: Եվ պետք է ասեմ` զարմացած եմ, քանի որ դուք իրավաբան լինելով` պետք է հասկանաք մի պարզ բան, որ վարչապետի եւ իշխանության տիրույթում չեն ո՛չ դատարանները, ո՛չ դատախազությունը, իսկ դուք կոչ եք անում, որ ես իմ լիազորություններից դուրս գործերով զբաղվեմ: Իհարկե, դուք դրանից հետո կարող եք եզրակացնել, որ ձեր պատկերացումները բարոյահոգեբանական մթնոլորտի իրականացման մասով չեն կատարվում, սակայն երբեք նկատի չեմ ունեցել, որ պետք է այնպես անեմ, որ հանրապետության բոլոր քաղաքացիների, բոլոր մարդկանց սրտով բան անեմ: Որեւէ մեկն այդպիսի բան չի կարող անել»:
Հետագա պարզաբանում-պատասխան ձեւաչափն ընթացավ հետեւյալ կերպ. Զ. Փոստանջյանը պնդեց, թե այդ գործը դուրս է եկել դատական մարմինների իրավասության տարածքից ու կառավարության` վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի իրավասության ներքո է, ու թվեց հանձնաժողովի անդամ-վարչապետի մարդ համարվող հանձնաժողովի անդամների անունները, վարչապետն էլ ԱԺ պատգամավորին հիշեցրեց, որ այդ հանձնաժողովն անկախ է:
Հետաքրքրական էր նաեւ «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանի եւ վարչապետի երկխոսությունը: Անահիտ Բախշյանը նույն` երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը կարեւորելուն հղում անելով (այդ մասին խոսել էր վարչապետը բյուջեն ներկայացնելիս), հարցրեց, թե «ՍԻԼ գրուպի» տարբեր կառույցներում ընթացող ստուգումն արդյոք Խաչատուր Սուքիասյանի քաղաքական կողմնորոշման հետեւա՞նք է եւ չի՞ ազդում նույն բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: «Բոլորն ասում են, որ մեր տնտեսությունը երեք կլանի միջեւ է բաշխված: Որ դուք թվարկեցիք` ո՞ր կլանին է պատկանում...Եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում, ուրեմն նա պետք է դուրս մնա՞ հարկային ոլորտից... Եթե որեւէ մտահոգիչ բան չկա` ինչո՞ւ են աղմկում, ինձ համար տարօրինակ է` ինչու են զուտ տնտեսական գործունեությունը քաղաքականացնում», սա վարչապետի պատասխանն էր` երկրում հարկային քաղաքականությունը խստացնելու խոստումով, որովհետեւ դա է, ըստ վարչապետի, հավասար մրցակցային դաշտ ստեղծելու առաջին նախապայմանը: Իսկ երբ Անահիտ Բախշյանը, բերելով դպրոցում տնօրեն աշխատելիս իր վարվելակերպի օրինակը, վարչապետին խորհուրդ տվեց արդարության հաստատումը սկսել իրենից, իր շրջապատից, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ես շատ վաղուց եմ սկսել ինձանից` սկսած կարմիր լույսի տակ կանգնելուց, դուրս եկած մնացածով»: Եվ առաջարկեց նայել տարիներ հրապարակվող խոշոր հարկատուների ցուցակը` տեսնելու , թե այնտեղ ովքե՞ր են խոշոր հարկատուները, ի՞նչ առնչություն ունեն իր հետ, ուսանողական տարիներին իր հետ սովորե՞լ են, թե ոչ. «Որեւէ մեկն ինձ չի կարող կշտամբել, եւ ես երբեք բարոյական իրավունք չէի ունենա որեւէ մեկին ցուցում տալու` հարկային-մաքսային մարմիններից պաշտպանելու իմ ծանոթ-բարեկամներին.. Հասկանո՞ւմ եք, ես չեմ ոչ այս ամբիոնից, ոչ էլ որեւէ մեկի աչքերին նայելով` սուտ ասել»:
Իսկ արդեն լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողներից մեկը շարունակեց թեման` նկատելով, որ Միխայիլ Բաղդասարովի «Միկա-ցեմենտն» ընդհանրապես չկա 300 խոշոր հարկատուների ցանկում, վարչապետը լրագրողի հարցը վերահասցեագրեց հենց Բաղդասարովին: «Բայց նա Ձեզ մերձավոր գործարա՞ր է» ճշտող հարցն ունեցավ բացասական պատասխան: