«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2007-11-13 | #209, 2007-11-14 | #210, 2007-11-15


«ՀԱՅՓՈՍՏԻ» ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԷՐ, ՔԱՆ ՍՈՄԱԼԻՈՒՄ ԵՎ ԿՈՆԳՈՅՈՒՄ

Իսկ նոր կառավարիչն առայժմ «նոր բիզնես կառուցելու ճանապարհին է»

«Հայփոստից» 100 աշխատակից է ազատված: Երեկ այս տեղեկատվությամբ սկսեց Հայաստանում իր առաջին մամուլի ասուլիսը ընկերության հոլանդացի կառավարիչ Հանս Բոնը: Նա հայտնեց, որ դա ավելի շուտ կարգապահական նկատառումներով էր պայմանավորված: Այնուհետեւ ընկերության ղեկավարը երկար ելույթ ունեցավ, ներկայացնելով այն միջոցառումները, որոնք նախատեսված են «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ծրագրով եւ որոշ դրույթներ մի քանի անգամ կրկնելով: Ըստ Հանս Բոնիՙ գլխավոր նպատակը մաքուր եւ թափանցիկ ընկերություն ստեղծելն է: Այդ ուղղությամբ նախատեսվում է ստեղծել մարդկային կապիտալ, որն ի զորու կլինի աշխատել ընկերությունում: Այդ մարդկանց հետ կկնքվեն անժամկետ պայմանագրեր: Հանս Բոնը հայտնեց նաեւ, որ արհմիության հետ բանակցություններ են տարվում, որ կնքվի պայմանագիր 3 տարի ժամկետով:

«Մենք նոր բիզնես կառուցելու ճանապարհին ենք», ասաց «Հայփոստի» հոլանդացի տնօրենը: Նա ծրագրով նախատեսված «Փոստբանկի» ստեղծման ուշացումը պայմանավորեց այն հանգամանքով, որ դրա համար նախ եւ առաջ «Հայփոստը» պետք է դարձնել թափանցիկ եւ վստահելի կազմակերպություն բոլոր հաճախորդների համար: Այլապես անիմաստ կլիներ բոլոր ներդրումները, որ արվում են: Ի դեպ, կատարված ներդրումների մասին որեւէ տեղեկություն չտրվեց: Միայն ասվեց, որ այդ մասին կհաղորդվի որոշ ժամանակ հետո կայանալիք հաջորդ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչ վերաբերում է «Հայփոստի» վիճակին, ապա Հանս Բոնի կարծիքով, Խորհրդային Միության փլուզումից հետո կառավարումն այստեղ որեւէ կերպ չի փոխվել: Ընկերության արտադրողականությունն ավելի ցածր է, քան Սոմալիում եւ Կոնգոյում, ինչի պատճառը համարվեց այդ ընկերության անարդյունավետ կառավարումը:

Ընկերությունում իրավապահ մարմինները շարունակում են նախկինում կատարված եւ հայտնաբերված խախտումների քննությունը, ուստի Հանս Բոնը նախընտրեց գնահատական չտալ: Սակայն նա ասաց, որ դրանք լուրջ խախտումներ են եղել, որոնք չի հայտնաբերել անգամ աուդիտը եւ որոնց վերաբերյալ առաջիկա մի քանի ամիսներին արդյունքներ կլինեն:

«Հայփոստի» աշխատակիցները պետք է ապահովված լինեն բոլոր անհրաժեշտ պայմաններով, այդ թվումՙ փոստային բաժանմունքների անվտանգության ապահովմամբ, ջեռուցմամբ, ապահովագրությամբ, առողջապահության, արձակուրդային փաթեթով եւ իրական աշխատավարձերով: «Իրական աշխատանքային ծանրաբեռնվածությունՙ իրական աշխատավարձերով», հստակեցրեց Հանս Բոնը: «Մեծ կրճատումներ չեն սպասվում», հավաստիացրեց ընկերության ղեկավարը, միաժամանակ նշելով, որ առաջիկա տարիներին լինելու են վերակազմավորումներ: Նա ասաց նաեւ, որ յուրաքանչյուր աշխատակից ունենալու է իր աշխատանքի կոնկրետ նկարագրությունը եւ 12 ամիսը մեկ անգամ գնահատվելու է նրա կատարած աշխատանքը:

Որպես այս ընթացքում արձանագրված առաջընթաց ընկերության կառավարիչը նշեց, որ այս տարվա առաջին 9 ամիսներին «Հայփոստի» եկամուտներն աճել են 40 տոկոսով: Թեեւ աճել են նաեւ ծախսերը, բայց դրանք նույն տեմպով չեն աճել, ինչպես եկամուտները: «Մենք այնքան էլ շահութաբեր չենք», խոստովանեց Հանս Բոնը, սակայն նշեց, որ աշխատակիցների արտադրողականությունը բարձրացել է: Եթե նախկինում մեկ աշխատակիցը սպասարկում էր 2 նամակ, ապա այժմՙ 6 նամակ: Միաժամանակ առայժմ Երեւանում ապահովվել է նամակների առաքման եվրոպական եւ ամերիկյան ստանդարտը, երբ երեկոյան ուղարկված նամակներն արդեն առավոտյան հասնում են հասցեատիրոջը:

Տեղեկացվեց նաեւ, որ յուրաքանչյուր փոստային բաժանմունք ապահովված կլինի ինտերնետ կապով, իսկ թերթերի տարածման եւ բաժանորդագրման առնչությամբ «Հայփոստի» կառավարչի պատասխանն առավել քան անորոշ էր: Նա նշեց, որ ինքը հայերեն չգիտի եւ հայկական թերթեր չի կարդում, որ պետք է արագ տեմպերով ավելացվի արտերկրում լույս տեսնող լրագրերի վաճառքը:

«Հայփոստի» կառավարման հետագա ժամանակաշրջանում ի՞նչ տեղի կունենա, կկատարվի՞ նախատեսված ծրագիրը եւ մենք կունենա՞նք արեւմտյան չափանիշներին համարժեք փոստային ծառայություն եւ դրան զուգակցված բանկային ծառայություններ, ցույց կտա ապագան: Ներկայումս առաջին էական փոփոխությունը, որ աչքի է զարնում, ուժեղացված անվտանգության միջոցառումներն են, որպիսիք չկան անգամ նախագահի նստավայրում կամ ամերիկյան դեսպանատանը: Անվտանգության ծառայության պահակակետերը տեղակայված են «Հայփոստի» շենքի յուրաքանչյուր հարկում: Բացի դրանից, անվտանգության ծառայության աշխատակիցներից ոմանք էլ մամուլի ասուլիսի սրահում ստանձնել էին խստապահանջ ուսուցչի դեր եւ փորձում էին սաստել լրագրողներին կամ Հանս Բոնի փոխարեն պատասխանել նրանց հարցերին: Երեւի «շեֆին» դուր գալու եւ աշխատավայրում «ոտքը պնդացնելու» խնդիրն են փորձում լուծել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4