«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2007-11-13 | #209, 2007-11-14 | #210, 2007-11-15


ԼԻԳԵՏԻԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԾԻԱԾԱՆԸ

Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը վերջերս տեղի ունեցավ XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկիՙ Դյորդ Լիգետիի (GyՓrgy Ligeti) նվիրված դաշնամուրային համերգ: Համերգը բացառիկ էր մի քանի իմաստով: Նախ, այն կարելի է դիտարկել որպես հարգանքի տուրք անցյալ տարի վախճանված հանճարին, որի անունը, ցավոք, մեզանում հայտնի է լոկ մասնագիտական նեղ շրջանակներում: Համերգին մասնակցեցին ԵՊԿ պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի (եւ մասնավորապեսՙ իր ասիստենտ Հայկ Մելիքյանի) դասարանի ուսանողները, որն ինքնին անսովոր երեւույթ էՙ նկատի ունենալով նվագացանկի հարցերում կոնսերվատորիայի պահպանողականությունը: Կատարված բոլոր ստեղծագործությունների տեխնիկական հսկայական բարդությունը նույնպես վկայում էր այն հազվագյուտ նվիրվածության մասին, որով պատրաստվել է համերգը: Եվ վերջապես, ոչ սակավաթիվ հանդիսատեսի ներկայությունն ու վերաբերմունքը ժամանակակից երաժշտության նկատմամբ արթնացող հետաքրքրության ուրախալի նշան էր:

Համերգի բացման խոսքում ԵՊԿ պրոֆ. Իրինա Տիգրանովան ներկայացրեց կոմպոզիտորի կենսագրական տվյալներըՙ Տրանսիլվանիայում հրեական ընտանիքում անցած մանկությունը, աքսորը համակենտրոնացման ճամբար, Հունգարիայի կոմունիստական ռեժիմից փախուստը Ավստրիա եւ Գերմանիա, ինչպես նաեւ նրա երաժշտական ոճի նկարագիրըՙ նոր, զարմանալի մի երաժշտական լեզվի ստեղծում, որտեղ արմատապես վերաիմաստավորվեցին հնչյունի դերը, «մեղեդի» եւ «հարմոնիա» հասկացությունները, որի արտահայտչականությունը վեր է սովորական զգացմունքայնությունից, սակայն իր մեջ ներառում է անձնականն ու համամարդկայինը: Այնուհետեւ երաժշտագետը հերթը զիջեց դաշնակահար Հայկ Մելիքյանին, որի կատարմամբ համերգի առաջին բաժնում ունկնդրեցինք Լիգետիի վաղ շրջանի ստեղծագործությունըՙ «Musica ricercata» շարքը (1951-53):

27-ամյա Հայկ Մելիքյանի նվագի մասին խոսելիսՙ կցանկանայի խուսափել «երիտասարդ» բառից: Նրա կատարումը վկայում է մասնագիտական հասունության մասինՙ իր բոլոր մանրամասներում: Շարքի կատարումը արդարացրեց բոլոր սպասելիքներըՙ ունկնդրիս պատճառելով ամեն մի հնչյունը վայելելու գերագույն հաճույք: Հայկի նվագում չկա «առաջնային» եւ «երկրորդական» պլան. ամեն մի նոտան վրա է հասնում գրեթե վիրաբուժական մի ճշգրտությամբ, սակայն միեւնույն ժամանակ լի է կենդանի, թրթռուն ապրումովՙ կարծես երաժիշտը հնչյունների միջոցով արտահայտում է բառային ձեւավորում չստացած խորքային զգացմունքները: Նա կարիք չունի մեղեդու եւ հարմոնիայի դասական պայմանականությանՙ ստերեոտիպային հույզեր արթնացնելու համար: Այդ առումով Լիգետիի երաժշտությունը նրա ներաշխարհի բացահայտման լավագույն նյութն է, քանի որ նա ունակ է ընդգրկելու իր բարդ ներքին կառուցվածքը մեկ առանձին հնչյունում: Նրան հատուկ է զարմանալի մի պլաստիկա, որն իր ձեռքերի եւ մարմնի բոլոր թեթեւ շարժումները համաձայնեցնում է ակնկալվող հնչյունի հետ: Սկզբում տեսնում ես արտահայտիչ մի ժեստ, իսկ այնուհետեւ վրա է հասնում այդ ժեստից ծնունդ առած հնչյունըՙ եւ այդ ամենը առանց արհեստականության չնչին նշույլի:

Համերգի երկրորդ բաժնում ունկնդիր եղանք ուսանողների կատարմամբ Լիգետիի բարդագույն շարքինՙ դաշնամուրային Էտյուդներին (1988-94): Ու թեպետ ամբողջական պատկերացում կազմելու համար ծրագրում բացակայում էին 14 էտյուդներից 2-ը, իսկ հայտարարված «հայաստանյան պրեմիերան» այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը, այդ բաժինը նույնպես հսկայական տպավորություն թողեցՙ առաջին հերթին, ուսանողների նվիրման շնորհիվ: Այն զարգանում էր կարծես ընթացիկ crescendo-ով. այդ առումով գովելի է ուսանողների հերթականության ընտրությունը: Դա բոլորովին էլ չի նշանակում, որ կային թույլ ելույթներ: Բոլոր ուսանողներն էլ քրտնաջան աշխատանք տարան. միայն այսպես կարելի է ընկալել Լիգետիի Էտյուդների կատարման սխրանքը: Պարզապես երբեմն զգացվում էր նոր երաժշտության կատարման հարցերում անփորձությունը. արտահայտչական երանգապնակը երբեմն ծավալվում էր դասական երաժշտությանը հատուկ սահմաններում, եւ Լիգետիի ծայրահեղություններն իրագործվում էին ոչ լրիվ կերպով:

Այդ առումով գերեցին 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Բաղրամյանի, ինչպես նաեւ ասպիրանտ Տաթեւիկ Մովսիսյանի ելույթները: Առաջինի կատարմամբ թիվ 9, «Գլխապտույտ» անվանված էտյուդը միանգամայն համապատասխանում էր կոմպոզիտորի մտահղացմանը, այնինչ երկրորդըՙ «Ծիածանը» թիվ 5 էտյուդում իրոք բացահայտեց թարմ ու գեղեցիկ գույներ: Երկուսի մոտ էլ զգացվում էր երաժշտության խորը ըմբռնում եւ վերապրում:

Համերգն ավարտվեց Հայկ Մելիքյանի ելույթով, որը հնչեցրեց թթ. 4 եւ 14ՙ «Ֆանֆարներ» եւ «Անվերջանալի սյունը» էտյուդներըՙ կրկին ցուցաբերելով կատարողական մեծ վարպետություն ու վիրտուոզություն, արժանանալով ունկնդիրների հիացմունքին:

Վերջում կցանկանայի նշել, որ Հ. Մելիքյանի եւ իր նմանների շնորհիվ մեզանում, թերեւս արդեն անցել է այն ժամանակը, երբ ժամանակակից երաժշտությունը լսեցնելու համար հարկ էր լինում դիմել տարբեր հնարներիՙ հանդիսատեսի ուշադրությունը գրավելու նպատակով: Գրախոսվող համերգը միանգամայն «լուրջ» էր, այնտեղ չկային ժամանակակից արվեստին մշտապես վերագրվող թատերականության եւ ցուցամոլության տարրեր, սակայն այն ընդունվեց եռանդով եւ ոգեւորությամբ: Վստահ եմ, որ այդ կարգի աշխատանքները ընդունակ են վերջ դնելու մեր արվեստի աղետալի գավառականությանըՙ հասցնելով այն որակապես նոր մակարդակի:

ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՈՎ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4