Յուսուֆ (Հովսեփ) եւ Էստրելիտա Քարշերի նախկին հյուրանոցային համարըՙ թիվ 358 սենյակների համալիրը Օտտավայում (Կանադա) գտնվող «Շատո լորիեյում», ներկայումս վերաբացվել է եւ դարձել «Տուն Յուսուֆ Քարշի 9 նշանավոր լուսանկարների», որոնցում պատկերված են Պիկասոն, Հեմինգուեյը, Բեռնար Շոուն, Չերչիլը, Էյնշտեյնը, Լիքոքը, Պաբլո Կասալսը, Ջորջիա Օ՚ Ֆիֆին եւ Ժան Պոլ Ռիոպելը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
«Հրաշալի բնակարան էր, որտեղ սիրում էինք ապրել: Հյուրանոցները սովորաբար ժամանակավոր վայրեր են, բայց մենք մշտապես այստեղ էինք եւ դա մեզ հարազատ էր դարձրել նաեւ աշխատակազմի հետ», ասել է վերաբացման արարողության ժամանակ տիկին Էստրելիտան, որն իր ամուսնու հետ մինչեւ 1998 թվականը այնտեղ ընդունել է աշխարհի մեծամեծներինՙ 20-րդ դարի հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներին, ովքեր ցանկացել են հավերժացնել իրենց հիշատակը:
«Ոգին եւ շունչը դեռեւս առկա են: Սիրտդ խայտում է ներս մտնելիս», ավելացրել է նա:
Մարդու սիրտն անկասկած կխայտա, իմանալով այդ հյուրանոցային համարի գինըՙ 1800 դոլար գիշերը:
2008-ին լրանում է Քարշի ծննդյան հարյուրամյակը: Նա ծնվել է Թուրքիայում 1908-ի դեկտեմբերի 23-ին: 1924-ին հաստատվել է Կանադայում: Ցանկացել է բժիշկ դառնալ, բայց նյութականի չգոյության պատճառով հրաժարվել է այդ մտքից: Հորեղբայրը նրան Բոստոն է ուղարկել լուսանկարչություն սովորելու հայտնի հայ լուսանկարիչ Ջոն Կարոյից: Այնտեղ նա ուսումնասիրել է լույսի եւ ստվերի գաղտնիքները: Օտտավայում արվեստանոց է բացել 1932-ին, «Շատո լորիե» է տեղափոխվել 1972-ին:
Լուսանկարչական «սեանսները» իրադարձություններ էին, նա կարողանում էր վարպետորեն զինաթափ անել իր առաջ նստած «զոհին», հիշում են ժամանակակիցները: «Այդ «զոհերից» ամենահայտնին դեռեւս Չերչիլն է, որին նա կարողացել էր համոզել առանց իր մշտական «սիգարի» նկարվել: Զայրացկոտ քաղաքական գործչի այդ նկարը հիացրել էր բոլորին եւ արժանացել նամականշի վրա հավերժանալու պատվին: Նրա նկարներով «հավերժացել» են նաեւ, բացի վերոհիշյալներից, Քենեդին, Խրուշչովը, Կաստրոն, Մանդելան, Թետչերը, դերասաններ Է. Թեյլորը, Գ. Քելլին, Գ. Պեկը եւ այլք:
Քարշը արժանացել է 17 պատվավոր կոչումների, միակ կանադահպատակն է, որն ընդգրկված է «Ով ով է» միջազգային հանրագիտարանի 20-րդ դարի ամենահայտնի դեմքերի շարքում: Նրա գործերը մշտապես ցուցադրվում են Կանադայի ազգային պատկերասրահում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Մետրոպոլիտենում, Ջորջ Իսթմեն ապարանքում, Փարիզի ազգային գրադարանում, Լոնդոնի եւ Ավստրալիայի դիմանկարների ազգային թանգարաններում»:
Քարշը մահացել է 2002-ի հուլիսին, 93 տարեկանում: Թաղված է Օտտավայի «Նոթր Դամ» գերեզմանատանը:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ