«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2007-11-13 | #209, 2007-11-14 | #210, 2007-11-15


ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Էդգար Մանուչարյանը կրկին հրավիրվել է հավաքական

Ֆուտբոլի Եվրոպայի 2008-ի առաջնության ընտրական մրցաշարը մոտենում է վերջնագծին: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Նոյեմբերի 17-ին եւ 21-ին կայանալիք հանդիպումները վերջնականապես կորոշեն Եվրո-2007-ի եզրափակիչի բոլոր մասնակիցներին:

Հայաստանի ազգային հավաքականը, որ վերջին շրջանում բավական լավ խաղ է ցուցադրում, ավարտական երկու հանդիպումներում կմրցի Պորտուգալիայի եւ Ղազախստանի ընտրանիների հետ: Մեր հավաքականը ներկայում ընտրական «A» խմբում 8 հավաքականների մրցավեճում 10 խաղից հետո վաստակել է 9 միավոր եւ ընթանում է 6-րդ տեղում:

Նոյեմբերի 13-ից մեր հավաքականը սկսել է նախապատրաստությունն ընտրական երկու հանդիպումներին: Մեր ֆուտբոլիստները հանգրվանել են «Ռեջինե» հյուրանոցում: Նոյեմբերի 13-ին հավաքի հրավիրված ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել «Փյունիկի» մարզադպրոցում: Երեկ հավաքականը եւս երկու պարապմունք անցկացրեց «Բանանցի» մարզադպրոցում: Հավաքականի մարզիչներ Թոմ Ջոնսն ու Վարդան Մինասյանը ուսումնամարզական հավաքի են հրավիրել 22 ֆուտբոլիստի: Երկարատեւ ընդմիջումից հետո կրկին ազգային հավաքական են հրավիրվել Էդգար Մանուչարյանն ու Կարեն Ալեքսանյանը: Ուրախալի է, որ «Այաքսի» ֆուտբոլիստը վերջապես ապաքինվել է վնասվածքից եւ կրկին հրավիրվել է հավաքական: Էդգարն արդեն վերսկսել է իր մրցելույթներն «Այաքսի» երիտասարդական թիմում եւ նույնիսկ գոլի հեղինակ է դարձել: Հուսանք, որ նրան կհաջողվի կրկին լավ մարզավիճակ ձեռք բերել եւ ամրապնդվել ինչպես «Այաքսում», այնպես էլ ազգային հավաքականում: Վնասվածքից ապաքինվել է նաեւ մոլդովական «Զիմբրուում» հանդես եկող Կարեն Ալեքսանյանը:

Ուրախալի է, որ կրկին շարք է վերադարձել մեր փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին: 33-ամյա դարպասապահի համար պորտուգալացիների հետ հանդիպումը կլինի հոբելյանականՙ 50-րդ խաղն ազգային հավաքականի կազմում: Հետաքրքրական է, որ Բերեզովսկին հավաքականում իր անդրանիկ ելույթն ունեցել է հենց Պորտուգալիայի հավաքականի դեմՙ 1996-ի օգոստոսի 31-ին Երեւանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Այդ խաղում նրան հաջողվեց անառիկ պահել դարպասը: Ընդ որում խաղավերջում նրա դարպասին 11 մ հարված նշանակվեց, սակայն պորտուգալացու հարվածը դիպավ ձողին: Բերեզովսկու հետ ընտրական խաղերին է նախապատրաստվում նաեւ Իրանի «Ռահահան» թիմի դարպասապահ Գեւորգ Կասպարովը:

Հավաքականի պաշտպանական գիծը կկազմեն փյունիկցիները: Հավաքին հրավիրվել են Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կարեն Դոխոյանը, Աղվան Մկրտչյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը:

Կիսապաշտպաններից հավաքականի մարզիչները նախապատվությունը տվել են Լեւոն Փաչաջյանին, Հենրիխ Մխիթարյանին (երկուսն էլՙ «Փյունիկ»), արարատցիներ Վահագն ու Արթուր Մինասյաններին եւ Արթուր Ոսկանյանին, Արարատ Առաքելյանին, Եղիշե Մելիքյանին (երկուսն էլՙ «Բանանց»), Ռոմիկ Խաչատրյանին («Ունիվերսիտատյա», Ռումինիա) ու Արտավազդ Քարամյանին («Պոլիտեխնիկ», Ռումինիա): Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ հանդես կգա Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:

Բացի Էդգար Մանուչարյանից, առաջիկա խաղերին են նախապատրաստվում նաեւ հավաքականի մյուս հարձակվողներըՙ Սամվել Մելքոնյանը, Գեւորգ Ղազարյանը (երկուսն էլՙ «Բանանց»), Ռոբերտ Զեբելյանը («Խիմկի», Ռուսաստան) եւ Համլետ Մխիթարյանը («Ռահահան», Իրան):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4