«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2007-11-13 | #209, 2007-11-14 | #210, 2007-11-15


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Ֆրանսիա, որտեղ այսօր ընկերական հանդիպում կանցկացնի տեղի իր հասակակիցների հետ: Այդ հանդիպումը մեր ֆուտբոլիստների համար ուժերի լավ ստուգատես կլինի նոյեմբերի 20-ին Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղից առաջ:

Ընտրական 2-րդ խմբում հանդես եկող Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 խաղից հետո 4 միավորով նախավերջինՙ 4-րդ տեղում է: Մեր ֆուտբոլիստները մրցաշարը սկսեցին Լիխտենշտեյնի հավաքականի հետ սեփական հարկի տակ կայացած խաղում տոնած հաղթանակով (1-0): Այնուհետեւ հետեւեց խոշոր հաշվով (0-4) կրած պարտությունը Ուկրաինայում: Սամվել Պետրոսյանից հավաքականի ղեկն ընդունած Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները Երեւանում նախ ոչ-ոքի (1-1) խաղացին չեխերի հետ, ապա 0-2 հաշվով կրկին զիջեցին ուկրաինացիներին: Վերջին խաղում մեր հավաքականը Չեխիայում 0-3 հաշվով պարտվեց դաշտի տերերին:

Ընթացիկ մրցաշրջանում Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումը վերջինն է մեր ֆուտբոլիստների համար: Հաջորդ տարի նրանք երկու անգամ ուժերը կչափեն Թուրքիայի հավաքականի հետ: Առաջին խաղը կկայանա օգոստոսի 20-ին, Երեւանում, պատասխան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, մրցակցի դաշտում:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար թիմ է հրավիրել դարպասապահներ Գեւորգ Պրազյանին ու Գրիգոր Մելիքսեթյանին, պաշտպաններ Արտակ Անդրիկյանին, Կարեն Խաչատրյանին, Կառլեն Մկրտչյանին, Միքայել Սիմոնյանին, Արթուր Ստեփանյանին, Հրայր Մկոյանին, Հայկ Չիլինգարյանին, կիսապաշտպաններ Արամ Բարեղամյանին, Սարգիս Կարապետյանին, Նորայր Սահակյանին, Հենրիխ Մխիթարյանին, Գորիկ Խաչատրյանին, հարձակվողներ Կարապետ Գեւորգյանին, Գեւորգ Նռանյանին, Արսեն Բալաբեկյանին ու Վարդան Պետրոսյանին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4