«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2007-11-14 | #210, 2007-11-15 | #211, 2007-11-16


ԱՄՆ-Ն ԱՐԴԵՆ ՈՐՈՇԵ՞Լ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՊԱԳԱՆ

«Հեղափոխական վարդերը» չամրացան վրացական հողում

Արդեն իսկ պաշտոնական մակարդակով արված հայտարարությունների համաձայն, այսօր Վրաստանում կդադարեցվի արտակարգ դրությունը, որ նախապես խորհրդարանի կայացրած որոշմամբ, պիտի տեւեր մինչեւ նոյեմբերի 22-ը: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` արտակարգ դրություն հայտարարելու որոշումը ոչ միայն նորմալ չընդունվեց, այլեւ միանշանակ քննադատության, դժգոհության ու մտահոգության առիթ տվեց միջազգային կառույցներին եւ եվրոպական պետություններին:

Ու չնայած վերջին օրերի վրաստանյան իրականության իրադարձություններից գրեթե բոլորի առնչությամբ մեկնաբանություններ անող ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան ողջունել է այդ որոշումը, բնական է ենթադրել, որ առանց ամերիկյան եւ եվրոպական կառույցների ճնշման նախագահ Սաակաշվիլին ինքն իրեն չէր զրկի հունվարի 5-ին արտահերթ նախագահական ընտրությունների ճանապարհին ընդդիմության նկատմամբ միավորներ վաստակելու շատ հարմար հնարավորությունից:

Իսկ որ արտակարգ դրությունն «աշխատում էր» նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրող Սաակաշվիլու օգտին, վկայում է թեկուզ գործող միակ հեռուստաընկերության` Հանրային ալիքի գործունեությամբ սահմանափակված հեռուստաեթերը: Հանրային հեռուստաընկերությունն էլ, լիուլի փոխարինելով վրացական «վարդերի» հեղափոխության տեսախցիկ դարձած «Ռուսթավի-2» հեռուստաալիքին, ամբողջապես զբաղված է Վրաստանի նախագահի քարոզչությամբ, անգամ անձնական PR-ով:

Մյուս կողմից էլ, ներկայիս միասնական ընդդիմության համար եթեր տրամադրած եւ ընդդիմությանը ֆինանսավորող Բադրի Պատարկացիշվիլուն, ըստ էության, պատկանող «Իմեդի» հեռուստաընկերությունը ոչ միայն եթերազրկված է մնում արդեմ մոտ 10 օր, այլեւ Թբիլիսիի քաղաքական դատարանի նոյեմբերի 14-ի որոշմամբ այլեւս չունի գործող լիցենզիա այն պատճառաբանությամբ, թե իր եթերում հնչել են իշխանության տապալման կոչեր: Չի գործում նաեւ «Իմեդի» ռադիոն:

«Իմեդիի» հետ կապված մեկ այլ առանձնահատկություն էլ նոյեմբերի 7-ին վրաց ոստիկանության աշխատակիցների կողմից հեռուստաընկերության տարածքում սարքավորումների ջարդուփշուր անելու հանգամանքների հստակեցումն է: Իշխանական մեծամասնությունը խորհրդարանում ներկայացնող Գիվի Թարգամաձեն հայտարարել է, թե հեռուստաընկերությանը պատճառված տեխնիկական վնասի դեպքում կլինի հատուցում:

Ցայսօր որեւէ կառույց, որեւէ կազմակերպություն չի գնահատել պատճառված վնասը, որն, ըստ հեռուստաընկերության պատասխանատուների, այնքան զգալի է, որ վերականգնելու համար երկար ժամանակ է պահանջվում: Բացի այդ, բավականին արտառոց է ստացվում հնարավոր հատուցման հետ կապված իրավիճակը, քանի որ հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների ավերումների «Իմեդիի» շենքում կարող են փոխհատուցվել նույն հարկատուների հաշվին` պետական միջոցներից:

Այս ամենին զուգահեռ Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին բարձրաձայնում է, թե դեռեւս շարունակվում են նոյեմբերի 2-ից սկսված բողոքի ցույցերի մասնակիցների, միասնական ընդդիմությունը կազմող կուսակցությունների ու քաղաքական շարժումների ղեկավարների, հետապնդումները:

Իսկ մինչեւ նոյեմբերի 2-ի հանրահավաքը երկրից հեռացված պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, որ դեռեւս սեպտեմբերի 25-ին «Իմեդիի» հեռուստաեթերից մեղադրանքներ էր հնչեցնում Սաակաշվիլու հասցեին, արդեն գտնվում է հետախուզման մեջ: Հետախուզում է հայտարարվել նաեւ, ի թիվս Օկրուաշվիլու այլ համախոհների, Շիդա Քարթլիի շրջանի նահանգապետ Միխայիլ Կարելիի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Օկրուաշվիլուն, ապա նրա նկատմամբ փոխվել է խափանման միջոցն ու ընտրվել է կալանքն այն դեպքում, երբ նույն այդ դատախազությունն էր, թերեւս ստիպողաբար, Օկրուաշվիլուն հասցրել Ֆրանսիա` «բուժման նպատակով»:

Տեղեկությունների համաձայն, Օկրուաշվիլին գուցե նախընտրի քաղաքական ապաստան խնդրելու տարբերակը, պաշտպանության նախկին նախարարի «Հանուն միասնական Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչների խոսքերով, հավանաբար Գերմանիայից: Իսկ թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ 6 մլն դոլարանոց գրավ մուծել` մնում է անհայտ:

Դրա փոխարեն հայտնիության ու ամենապարզ մատուցման ձեւերով են ներկայացնում հակառուսական թեման ինչպես վրաց իշխանական, այնպես էլ հակադիր ճամբարի ներկայացուցիչները: Ավելին, ակնհայտորեն մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, միայն հասկանալի չէ, թե ինչու են նման լուրջ մեղադրանքները մնում անպատասխան:

Միջազգային հանրությունն էլ մնում է ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Մեթյու Բրայզայի շատախոսությամբ, ավելին, այնպիսի մեկնաբանություններով, որ ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխան տալիս:

Մասնավորապես, Աբխազիայում ռուսական զինուժի ավելացումը, հատկապես ծանր սպառազինության ներմուծումը Բրայզան համարում է Եվրոպայում սովորական սպառազինության սահմանափակումների պայմանագրի խախտում:

Բրայզան հայտարարել է. «Վրաստանը լուրջ աջակցություն եւ լուրջ ուժ ունի, նկատի չունեմ ռազմական հզորությունը: Իմ` աշխարհում բավականին ազդեցիկ երկիրը 100-տոկոսանոց աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Եվ մենք երբեք չենք նահանջի նրանից, ինչ կոչվում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հակամարտությունների խաղաղ կարգավորում, նրանում, ինչ կոչվում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնում, Հարավային Օսիան ու Աբխազիան կմնան Վրաստանի տարածք»:

Ընդ որում, թեեւ ռուսական զինուժի տեղաշարժերի մասին տեղեկությունները դեռեւս ճշգրտման կարիք ունեն, եթե Ռուսաստանը ուժեր, ի դեպ, ոչ խաղաղապահ, մտցնի Աբխազիա, ապա, ըստ Բրայզայի, դա կլինի ռիսկային եւ անարդար ակցիա:

Ինչեւէ, առջեւում ընտրություններն են, սակայն արտակարգ դրության պայմաններում ժողովրդավարության ու մրցակցության սկզբունքի պահպանման մասին խոսելն ավելորդ էր, իսկ հետայսու ինչպիսին կլինի իրավիճակը` կանխատեսելը դժվար է, քանի որ բոլոր կանխատեսումներին ու գնահատականներին հակառակ, հեղափոխական «վարդերը»` ժողովրդավարական արժեքները չամրացան վրացական հողում, գոնե այս չորս տարիների ընթացքում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4