«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2007-11-14 | #210, 2007-11-15 | #211, 2007-11-16


«ԱՐԴԵՆ ԳՏԵԼ ԵՆՔ ՁԵՎԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԵՐ ԱՍԵԼԻՔԸ ՏԵՂ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Ասում է Սուրեն Աբրահամյանը

Երեկ «Ազդակ» ակումբում կայացավ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հանդիպումը լրագրողների հետ: Չնայած ասուլիսին շատ քիչ լրագրողներ էին մասնակցում, դա չընկճեց պրն Աբրահամյանին ու նա իր խոսքն սկսեց այսպես. «Ողջունում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ, առաջիկայում ու այժմ մի նոր որակ բերեց, ճահճային վիճակում գտնվող քաղաքական դաշտը էլեկտրականացրեց ու երանգ տվեց: Ցավոք սրտի, ոմանք ճիշտ չգնահատեցին ու կարծիք հայտնեցին, թե սա հին ու նոր իշխանությունների վեճ է, կռիվ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հին իշխանություն է, ապա ովքե՞ր են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը», հարցականով դիմեց լրագրողներին պրն Աբրահամյանը: «Հոկտեմբերի 26-ին առաջին նախագահը որպես կարող ուժ եւ քաղաքական գիտակ մարդ բավականին լուրջ հայտ ներկայացրեց եւ, իմ կանխատեսումներով, ներկայիս լաչառ իշխանությունները ինչ էլ ուզում են անեն, մեկ ամսում հանրությունը կունենա ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչ, այլ ՀՀ նախագահ...»: Այնուհետեւ պրն Աբրահամյանը տեղեկացրեց, որ արդեն գտել են այն ձեւը, որ հանրահավաքին իրենց ասելիքը տեղ հասնի ու դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ ելույթ է լինելու, բայց չի բացառում, որ մինչեւ այժմ հնչած մեղադրանքներին կտրվի պատասխան:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4