Օրեր առաջ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին` թռուցիկներ բաժանելու համար, եւ մի քանի ժամ պահելով ազատ էին արձակել:
Իսկ երեկ, նոյեմբերի 15-ին, ժամը 11-ին Նորք տանող ճանապարհին, երեք դիմակավորված անձինք «Ժիգուլի-06» մակնիշի մեքենայով կանգնեցրել են տաքսի ծառայության մեքենան, որի մեջ եղել է Նարեկ Գալստյանը, վերջինիս ահաբեկել ու սպառնացել են, եթե մեկ անգամ էլ մամուլին տեղեկատվություն փոխանցի, ապա կսպանեն, ու ենթարկել են ծեծի: Նարեկին արյունլվա տեղափոխել են նախ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, հետոՙ Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Հեռախոսով կապվեցինք «Շտապ օգնության» վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Գոհար Նավասարդյանի հետ եւ տեղեկացանք, որ «Նարեկ Գալստյանը բաժանմունք է ընդունվել բավարար վիճակում, գլխի վրա կտրտված վերքերով: Նրան ցույց է տրվել համապատասխան բուժօգնություն, զննել են տարբեր մասնագետներ, ուրիշ օրգանների վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ներկայումս նրա վիճակը համարվում է բավարար: Հիվանդը մեկ օր դեռ կմնա բաժանմունքում, ըստ ընդունված կարգի, որից հետո կտեղափոխվի համապատասխան նեղ մասնագիտական բաժանմունք»:
Արդեն սովորական դարձած հերթական բռնարարքին, ծեծին, սպանությանը, անօրինականությանը, լկտիությանը հաջորդում է հասարակության նույնքան սովորական, անօգուտ հարցադրումըՙ ինչո՞ւ, ապաՙ ինչքա՞ն է սա տեւելու... Եվ իրոք, մինչեւ ե՞րբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ