Արամ Խաչատրյան տուն-թանգարանի համերգասրահը համակ ուշադրությամբ վայելում էր կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանի լավագույն ստեղծագործությունները: Կարիք էլ չկար ներկայացնելու ինտելեկտով, տաղանդով հարուստ մի կոմպոզիտորի, որի ստեղծագործություններն արդեն իսկ նրա կյանքի բնութագիրն են: Պետական ոչ մի մրցանակ չստացած կոմպոզիտորին չեն էլ հետաքրքրում այդ մրցանակները, քանի որ մշակույթ ներկայացնող անձը մրցանակի է արժանի յուրովի` իր տաղանդով, ստեղծած արվեստով: Ազգային տարրեր կան Ռուբեն Սարգսյանի ստեղծագործություններում`ժողովրդի անցած դառը պատմություններ, Եղեռն, ստեղծագործություններ Կոմիտասից:
«Պետական մրցանակի ներկայացրել եմ չորս ստեղծագործություն, մարդը չի հրաժարվում իր հոգեւոր սկզբունքներից, բայց այսօր մշակույթը շատ վատ վիճակում է: Վերջին ստեղծագործությունս «Պատարագ ուրվականինն» է, նշեց Ռուբեն Սարգսյանը:
Համերգային ծրագրին մասնակցեց «Նարեկացի» կամերային նվագախումբը, թավջութակ` Արամ Թալալյան, դաշնամուրՙ Անուշ Մարկոսյան: Համերգը նվիրված էր Ռուբեն Սարգսյանի ուսուցիչ Ղազարոս Սարյանին:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ