«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2007-11-14 | #210, 2007-11-15 | #211, 2007-11-16


ՇԱՄԱԽԵՑԻ ՊԱՐՈՒՀԻՆՙ ՀԱՅ ԲԱՆԱՍԵՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը լույս է ընծայել բանասեր, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի եւ ամերիկաբնակ բանասեր, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու Վարդան Մատթեոսյանի Արմեն Օհանյանի կյանքը եւ գործը ներկայացնող «Շամախեցի պարուհին» գիրքը:

Հայոց անցյալի կանանց դիմասրահում հատուկենտ են հետաքրքրական կենսագրությամբ վառ անհատականությունները, ովքեր իրենց կյանքով ու գործունեությամբ առանձնացել են ժամանակակիցներից եւ բարձրացել ապրած ժամանակից:

Այդ քչերից է պարուհի Սոֆյա Փիրբուդաղյանը (Արմեն Օհանյան), մեզանում անհայտ մի անուն, որի չափազանց գունեղ կենսապատումը անցյալի փոշիներից հանելու մտահոգությամբ էլ ձեռնամուխ եղան հեղինակները:

Արծվի Բախչինյանն ու Վարդան Մատթեոսյանը 2002 թվականին այս համատեղ աշխատությունը սկսել են որպես հոդված արեւելահայերենով հրատարակելու նպատակով, բայց Հայաստանում եւ ԱՄՆ-ում նրանց կատարած հետազոտությունները, հետզհետե կուտակվող նյութերը նրանց համոզեցին, որ ավելի նպատակահարմար է, որ հոդվածները գրքի վերածեն:

Հեղինակները գրքի ամփոփումը տվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն եւ պարսկերենՙ այն ազգերի լեզուներով, որոնց հետ անմիջական շփման մեջ է եղել Օհանյանը:

Գիրքը ներկայացնում է Ռուսաստանում, Իրանում, Ֆրանսիայում եւ Մեքսիկայում բնակված դերասանուհի, պարուհի, գրող եւ գրականագետ Արմեն Օհանյանի (1887-1976) վիպական հարուստ եւ հետաքրքրաշարժ կյանքը եւ ժամանակին աղմուկ հանած ինքնատիպ ստեղծագործությունը: Շամախեցի պարուհին մի առիթով գրել է.

«Ես ծնեալ պարուհի եմ, ինչպես լինում են ծնեալ բանաստեղծներ... Ես նաեւ գրում եւ արտասանում եմ իմ պարերի մէջ: Ես պաշտում եմ պարը, այն իսկական կրօն է, եւ ամէն անգամ երբ պարում եմ, մի սրբազնագործություն է, որ իրականացնում եմ ես»:

Հայազգի նշանավոր արվեստագիտուհու անունը շարունակում է մնալ համաշխարհային պարագիտության եւ պարարվեստի ուշադրության կենտրոնում: Նա ստեղծել է պարային մի նոր որակ, նոր խոսք է ասել արեւելյան պարի կատարման բնագավառումՙ համադրելով այն մոդեռն պարի եւ ոճավորված անտիկ պարարվեստի հետ: Արմեն Օհանյանի մասնակցությունը հայ մշակույթին եղել է սակավադեպ: Նա որպես արվեստագետ-գրող կայացել է օտար շրջաններումՙ ներկայանալով նախ որպես պարսկական պարուհի, ապա որպես ֆրանսիական գրող, հետագայումՙ մեքսիկական գրականագետ: Թե՛ պարի, թե՛ գրականության մեջ նա եղել է արեւելյան տարաշխարհիկության կրող եւ ներկայացնող: Նվիրվելով գրականությանըՙ նա ֆրանսիական գրականության մեջ թողել է մի քանի ինքնակենսագրական-հուշագրական, ուղեգրական եւ արեւելյան բնույթի գրքեր:

Գրքից տեղեկանում ենք, որ Օհանյանն իր գրական-մշակութային գործունեությունը շարունակելով Մեքսիկայումՙ դարձել է մասնավորապես ռուս գրականության մեկնաբան: Նա կապի մեջ է եղել Հայաստանի եւ սփյուռքի հետ, մասնակցել հայկական միջոցառումներին, իսկ ֆրանսերեն եւ իսպաներեն գրություններում անդրադարձել է Հայաստանին: Իր պարային համարներում հայ երգահանների ստեղծագործությունների լայն օգտագործման շնորհիվ մասնավորապես տեղ է գրավել նաեւ հայ պարարվեստի պատմության մեջ:

ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4