Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվում են հանդիպումներ արվեստի, մշակույթի գործիչների հետ: Երեկ երիտասարդները հանդիպեցին գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ Կիմ Բակշուն:
Նա շատ բարձր գնահատեց նախաձեռնությունը եւ նշեց, որ նման հանդիպումներն անհրաժեշտ են երիտասարդներին: Կիմ Բակշին ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է ճանաչի եւ պահպանի Հայաստանի բազմադարյան հարուստ ժառանգությունը:
Կիմ Բակշին խոսեց հայ ժողովրդի հարուստ մշակույթի, հայի կերպարի, Հայաստան աշխարհի մասին:
Նա գրել է վեց գիրք նվիրված Հայաստանին: «Մատենադարան» ֆիլմի ռեժիսորն է, սցենարիստը: Ցավոք, ֆիլմն անավարտ է մնացել ֆինանսական դժվարությունների պատճառով: Պատրաստվում է հաջորդ տարի հրատարակել գիրք նվիրված Ղարաբաղի պատմամշակութային արժեքներին:
Հանդիպման ավարտին Կիմ Բակշին խոստացավ, որ հնարավորության դեպքում կրկին կհանդիպեն:
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ