Հայաստանի ազգային հավաքականի եւ «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկուն «Կռիլյա Սովետովի» հետ առաջնության վերջին խաղից հետո հաճելի անակնկալ մատուցվեց: Ֆուտբոլասերների հարցման արդյունքներով նա ճանաչվել էր 2007-ի «Խիմկիի» լավագույն ֆուտբոլիստ եւ այդ առիթով ակումբի ղեկավարությունը նրան պարգեւատրեց Chevrolet Blazer ջիպով:
Թանկագին նվերի համար Բերեզովսկին, որ մինչ այդ BMW մակնիշի մեքենա էր վարում, իր շնորհակալությունն է հայտնել. «Զգացված եմ նման թանկագին նվերի համար: Կարծում եմ, որ ֆուտբոլասերների շրջանում ունեցած հաջողությունը պետք է կիսեմ ողջ թիմի հետ: Մրցաշրջանը բավական բարդ դասավորվեց մեզ համար: Ամեն ինչ չէ, որ ստացվում էր: Սակայն «Խիմկիում» չկար մի ֆուտբոլիստ, որ մինչեւ վերջ իր ուժերը չներդներ հաջողության հասնելու համար: Ուստի այս մրցանակին արժանի էր հիմնական կազմի ցանկացած ֆուտբոլիստ: Իհարկե, ֆուտբոլային իմ կարիերայում եղել են ավելի վառ մրցաշրջաններ, սակայն դարպասապահի մոտ կայունությունը տարիքի հետ է գալիս: Այս առումով ավարտված մրցաշրջանից գոհ եմ, լուրջ վրիպումներ թույլ չեմ տվել: Ինձ դուր է գալիս «Խիմկիում» հանդես գալը, այնպես որ ցանկանում եմ շարունակել հավատարմորեն ծառայել մերձմոսկովյան թիմին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ