Պավել Սաֆարյանը հավաստիացնում է, որ ՀՆԱ-հարկեր 16,9 տոկոս ցուցանիշը ուղենշային է լինելու ամբողջ տարվա համար
Պատգամավորների առաջարկությունների հիման վրա 2008-ի լրամշակված պետական բյուջեիՙ երեկ կառավարության հաստատած նախագիծը լրագրողներին ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա նախ նշեց, որ գումարային առումով էական փոփոխություններ չեն եղել: Կապված փոխարժեքի հետ միայն 727 մլն դրամով նվազել են ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերը: Բանն այն է, որ բյուջեի հիմքում որպես հաշվարկային փոխարժեք դրվում է այն ներկայացնելու ամսվա փոխարժեքը: Հոկտեմբերի մեկի դրությամբ այն կազմել է 1 դոլարը 336 դրամ, իսկ նոյեմբերի 1-ի դրությամբՙ 325 դրամ: Արդեն լրամշակված տարբերակով բյուջեի եկամտային մասը կազմել է 744 մլրդ դրամ, ծախսայինըՙ 820 մլրդ դրամ:
3,7 մլրդ դրամի փոփոխություններ են կատարվել հիմնականում հօգուտ կրթության ոլորտի: Բացի այդ, ավելացվել է զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին տրվող փոխհատուցման գումարների չափը, 10 տոկոսով ավելացվել են ոստիկանության կրտսեր եւ միջին սպայական կազմի աշխատավարձերի համար տրվող գումարը, ժողովրդական կոչման համար տրվող պատվովճարները, օպերայի եւ բալետի պետական թատրոնի սուբսիդավորումը եւ այլն:
Պատասխանելով «Ազգի» հարցին, թե 2008-ի բյուջեում որպես հիմք ընդունված համախառն ներքին արդյունք-հարկեր հարաբերակցության 16,9 տոկոս ցուցանիշն արդյոք չի՞ նվազեցվի, ինչպես դա եղավ այս տարի, Պավել Սաֆարյանն ասաց, վստահ է, որ այդ ցուցանիշն ուղենշային է լինելու ամբողջ տարվա համար, եւ եթե ունենանք ավելի մեծ տնտեսական աճ, քան կանխատեսվում է, ապա այս տոկոսը պահպանվելու է:
Պաշտպանության ոլորտին տրվող հատկացումների մասին հարցի առնչությամբ էլ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ որոշում է ընդունվել մեր ՀՆԱ 3,5 տոկոսը կազմելու համար: Դա, ըստ պաշտպանական գերատեսչության պատասխանատուների, բավարար է մեր պաշտպանունակությունը պահպանելու համար: Այս տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր գումարը կազմել է 122 մլրդ դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ