ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
Պարոն վարչապետ, տիկին նախարար: Երեւանում ավելի քան երեք տասնամյակ գործած, առանց չափազանցության աշխարհի բազմաթիվ երկրներում լայն ճանաչում ստացած մշակութային եզակի օջախի ավերման մանրամասներին վերջին տարիներին անդրադարձել են Հայաստանի մամուլի տարբեր միջոցներ, այդ թվում նաեւ «Ազգ» թերթը: Հայկական արհեստագործության ուրույն ուղղությունը շարունակող Անահիտ Բերբերյանին վերջին տարիներին բազմաթիվ առաջարկներ են եղել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Շվեդիայից եւ այլ երկրներիցՙ տեղափոխվել իրենց երկրները, վերականգնել թանգարանը եւ շարունակել ստեղծագործել արվեստի այդ եզակի ուղղությամբ: Եվ ահա, այս տարվա նոյեմբերի 1-7-ը Շվեդիայում իր աշխատանքների հերթական ցուցադրումից հետո Անահիտ Բերբերյանը որոշել է ընդառաջ գնալ տեղի հայ համայնքի գործարար շրջանակների առաջարկին, տեղափոխվել Շվեդիաՙ իր հետ տանելով Հայաստանում ավերված թանգարանի իրեն պատկանող արվեստի այն եզակի ստեղծագործությունները, որոնք նա կարողացել է փրկել թանգարանը ավերած, դրա տարածքի զգալի մասը զավթած ոմն Էդուարդ Թախունցի ալան-թալանից: Շվեդիայումՙ փրկված արվեստի նմուշներով Անահիտ Բերբերյանը վերականգնելու է թանգարանի գործունեությունը, դրանք շարունակաբար հարստացնելով նոր նմուշներով: Է. Թախունցի խարդավանքներին զոհ գնացած Անահիտ Բերբերյանը ավելի քան 3 տարվա դաժան ու հուսահատ պայքարից հետո եկել է այն եզրահանգման, որ ժամանակակից Հայաստանում հնարավոր չէ հասնել արդարության հաղթանակի, իսկ ինքը պարտավոր է շարունակել հորիցՙ նշանավոր արծաթագործ Արծրուն Բերբերյանից ժառանգած հայկական արհեստագործության եզակի ուղղությունը, եւ եթե դա մայր հայրենիքում հնարավոր չէ, ապա իր առաքելությունը պետք է շարունակի սփյուռքահայ գաղթօջախներից մեկում, տվյալ դեպքում Շվեդիայում, որտեղ կան նրա աշխատանքները գնահատող գործարար շրջանակներ:
Թանգարան-արվեստանոցի հիմնման պատմությունը
Ծնունդով վանեցի Արծրուն Բերբերյանը, 1963-ին Իրանից ներգաղթելով մայր հայրենիք, շարունակել է իր բեղմնավոր գործունեությունը մետաղամշակության եւ արծաթագործության բնագավառներում: Վան-Վասպուրականի մետաղամշակման ուրույն ավանդույթներն ու գաղտնիքները Բերբերյանների տոհմում փոխանցվել են սերնդեսերունդ եւ պատահական չէ, որ Արծրուն Բերբերյանն այդ արվեստի ավանդական նրբություններին հասու է դարձրել նաեւ իր որդուն ու դստերը, որոնք էլ դարձան այդ առաքելության շարունակողները: Արծրուն Բերբերյանի գործունեությունը Հայաստանում շատ արագորեն գնահատվեց եւ նրան վստահեցին մետաղամշակման, արծաթագործության եւ ոսկերչության հետ կապված ամենապատասխանատու աշխատանքները: Նրա համբավը տարածվեց առանձնապես պեղումների ժամանակ հայտնաբերված նախաքրիստոնեական շրջանի իրերի ու առարկաների վերականգնման եւ ստեղծագործական մեկնաբանման արդյունքում: Պալատական, կենցաղային այդ իրերի վերականգնողական աշխատանքները միաժամանակ մեծ խթան են եղել Արծրուն Բերբերյանի ստեղծագործական գործունեության համար: Էրեբունու թանգարանում վերականգնողի աշխատանքին զուգահեռ, նա ստեղծել է նաեւ արվեստի մեծ գործեր, որոնք ցուցադրվել են ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում եւ աշխարհի մի շարք երկրներումՙ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում եւ այլուր բացված ցուցահանդեսներում: Ա. Բերբերյանը նաեւ անձամբ եղել է Սկանդինավյան երկրներում: Կառավարությունը բարձր գնահատելով Ա. Բերբերյանի վաստակը հնագիտական իրերի վերականգնման ասպարեզում, Երեւանի կենտրոնում, Նալբանդյան 31 հասցեում գտնվող շենքում նրան հատկացրել է 150 քմ տարածքՙ արհեստանոցի համար: Հատկացված տարածքը Արծրուն Բերբերյանը վերածում է արվեստանոց-թանգարանի, որտեղ այցելուներ են եղել աշխարհի տարբեր երկրներից: Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեից մշտապես այդ թանգարան էին ուղեկցում զբոսաշրջիկների, որոնք ներշնչվելով արվեստի օջախի մթնոլորտով, հեռանում էին անջնջելի տպավորություններով: Թանգարանի գործունեության ընթացքում թանգարանից ստացված տպավորությունների մասին գրառումները կազմել են 4 հատոր, որոնցում կան նաեւ անվանի մարդկանց հիացական կարծիքները: Խորհրդային տարիներին Ա. Բերբերյանի հիմնադրած արվեստանոց թանգարանը պաշտոնապես հանդիսացել է ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղը, իրենՙ Ա. Բերբերյանին շնորհվել է ժողովրդական վարպետի կոչում: Արծրուն Բերբերյանը 1992-ին սեփականաշնորհել է արվեստանոց-թանգարանը: Ա. Բերբերյանի մահվանից (1994) հետո այդ արվեստանոց-թանգարանի սեփականատերն ու տնօրենը նրա աղջիկն էՙ Անահիտ Բերբերյանը (որդին ծանր ու երկարատեւ հիվանդությունից հետո նույնպես մահացել է): Արծրուն Բերբերյանի մահվանից հետո, ՀՀ կառավարության որոշմամբ, նա ընդգրկվել է 10 լավագույն մետաղագործների ցուցակում:
Թանգարանի զավթման ու ավերման պատմությունը
2004-ին Անահիտ Բերբերյանի 1-ին կարգի հաշմանդամ եղբայրը ծանր կոտրվածք է ստանում եւ բուժման ծախսերը հոգալու միջոցներ չունեցող Անահիտը ստիպված տեղի է տալիս հարեւան Էդուարդ Թախունցի ամիսներ շարունակ կրկնվող առաջարկներին եւ նախնական գրավոր պայմանագիր է կնքում նրա հետՙ թանգարանի տարածքից վթարային վիճակում գտնվող 22,8 քմ տարածքի վաճառքի մասին: Նոտարով չհաստատված այդ պայմանագրով Է. Թախունցը պարտավորվել է վերանորոգել արվեստանոցի մնացած մասը, նոր կնքել հիմնական պայմանագիր, սակայն արվեստանոցը վերանորոգելու փոխարեն ծավալել է ապօրինի շինարարություն, տեր դարձել արվեստանոց-թանգարանի գույքի, եզակի նմուշների մեծ մասին: Պարզվել է, որ նախնական պայմանագիրը կնքելուց 8 ամիս առաջ, չլինելով տարածքի սեփականատեր, իր օձի լեզվի հաղթանակի վրա վստահ Է. Թախունցը, մի շինծու, ապօրինի պայմանագիր է կնքում ոմն Հասմիկ Հովհաննիսյանի հետ եւ նրան է վաճառում արվեստանոցի 60 քմ տարածքը, իբր ստացել է 13 մլն 100 հազար կանխավճար, որի «հիման» վրա դատարանում պահանջել է արվեստանոցի ամբողջ տարածքը: Այդպես էլ հիմնական պայմանագիր չկնքած Է. Թախունցը Անահիտ Բերբերյանին ներքաշում է երեք տարի շարունակվող դատական քաշքշուկների մեջ, կաշառելով առաջին ատյանի դատարանների եւ վերաքննիչ դատարանի դատավորների, անգամ դատապաշտպանների: Է. Թախունցի ծավալած ապօրինի շինարարության, դատական ատյանների ցուցաբերած հովանավորչության մանրամասները ներկայացվել են մամուլի մի շարք միջոցներում: Մամուլն անդրադարձել է նաեւ Է. Թախունցի մեքենայությունների մեկ այլ զոհիՙ բանաստեղծ, արձակագիր, հաշմանդամ Ռուբեն Ղարիբյանի ընտանիքին Պուշկինի 2 հասցեում գտնվող իրենց սեփական տնից խաբեությամբ դուրս բերման, այդ տան քանդման եւ տեղում 9 հարկանի շենքի կառուցման, այդ ընտանիքին 5 տարի շարունակ դժոխային պայմանների մեջ ներքաշման ահասարսուռ պատմությանը: Այժմ հայտնի են դարձել Է. Թախունցի խարդախությունների նոր զոհեր...
Պարոն վարչապետ, տիկին նախարար, ժամանակն է, որ սույն պատմության փաստաթղթային մանրամասներին ծանոթանալու նպատակով անձամբ ընդունեք Անահիտ Բերբերյանին, լինեք ավերված թանգարանում եւ միջոցներ ձեռնարկեք դրա վերականգնման ուղղությամբ: Այստեղ խնդիրը միայն չի առնչվում մեկ անձի ճակատագրին եւ մշակութային օջախի վերականգնմանը: Խնդիրն ավելի խորքային է, քանի որ այն նաեւ առնչվում է պետական անվտանգության եւ պետական արժանապատվության հարցերին:
ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ