Նոյեմբերի 22-ին, Երեւանում, կյանքի 87-րդ տարում վախճանվեց ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ, «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանի շքանշանակիր Արմինե Սարգսի Կալենցը:
Ծնվել է 1920-ին, Սիրիայում:
1939-ից սովորել է Բեյրութում, իր ապագա ամուսնու` Հարություն Կալենցի արվեստանոցում:
1942-ից Լիբանանի նկարիչների ընկերության անդամ է:
1946-ից ընտանիքի հետ հայրենադարձվել է եւ այդ տարվանից ընդունվել Հայաստանի նկարիչների միության շարքերը: Նույն տարիներից մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսների Սիրիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ այլն: Հեղինակն է Երեւանի երիտասարդության պալատի որմնանկարների:
2000-ին Հայաստանի նկարիչների տանը բացվում է Ա. Կալենցի անհատական ցուցահանդեսը իր 80-ամյակի կապակցությամբ: 2004-ին բացվում է նրա վերջին ցուցահանդեսը Երեւանի Գեղարվեստի ակադեմիայում:
Նրա բազմաթիվ ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի եւ այլ երկրների թանգարաններում ու անհատական հավաքածուներում:
1997 եւ 2003 թթ. հրատարակվեցին նրա «Ներիր ինձ, Հարություն...» եւ «Արմինեն` Արմինեի մասին» ինքնակենսագրական գրքերը:
Մեծ է Արմինե Կալենցի ներդրումը 20-րդ դարի հայ ազգային կերպարվեստում:
Արմինե Կալենցի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում:
Հոգեհանգիստը` նոյեմբերի 25-ին, ժամը 18.00, հասցենՙ Երեւան, Հարություն Կալենցի փողոց, տուն 18:
Քաղաքացիական հոգեհանգիստը` նոյեմբերի 26-ին, ժամը 12-14-ը` Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ նկարիչների միություն