Բելմոնտի (Մասաչուսեթս) Լահեյ կլինիկայում 68 տարեկանում վախճանվել է Երեւանի Կոմիտասի անվան երաժշտանոցի սան, նախկին բեյրութահայ Հովհաննես Սալիբյանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ղազարոս Սարյանին եւ Օհան Դուրյանին աշակերտած երաժիշտը եւ մանկավարժը 40 երկար տարիներ ծառայել է երգարվեստին նախ իր ծննդավայր Բեյրութում, ապա հայրենիքում, եւ վերջապես Մ. Նահանգներում (Ատովա, Լոս Անջելես, Բոստոն):
Երաժշտության բնագավառում դոկտորականի աստիճան է ստացել 1980-ին: Դրանից քիչ առաջ նրան հրավիրել են ղեկավարելու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում նորաստեղծ հայ երաժշտության ծրագիրը, որի համար նա ե՛ւ ուսումնական ձեռնարկներ է պատրաստել, ե՛ւ վարչատնտեսական հարցերով զբաղվել: 1987-ին տեղափոխվել է Բոստոն, որտեղ հիմնել է «Մեգ ռիկորդինգզ» ձայնագրման ստուդիան, որը դասական հայ երաժշտության բարձրորակ ձայնասկավառակներ է թողարկել եւ արժանացել արժանի գնահատականների: Հեղինակ է մի շարք սիմֆոնիկ, կամերային եւ մենագործիքային ստեղծագործությունների: Վերջին շրջանում զբաղված է եղել Արմենակ Շահմուրադյանի երգերի վերամշակմամբ եւ վերաթողարկմամբ, ինչպես նաեւ Վահե Օշականի եւ Մահմուդ Դարվիշի բանաստեղծությունների ձայնային տեքստերի թողարկման (խտասկավառակի տեսքով) աշխատանքներով:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ