պրոֆեսոր Արբակ Մխիթարյանի մասին
«Հայ» տեղեկագիրը հատուկ համար է նվիրել բելգիահայոց հանձնախմբի ներկայացուցիչների ժողովի նախագահ Արբակ Մխիթարյանին: Այդ խորագիտակ մարդու համբավը Բելգիայում եւ ողջ աշխարհում մեծ պատիվ էր բերում հայ համայնքին:
1994թ. հայ-բելգիական հնագիտական համագործակցության շրջանակներում մեկնեցի Բելգիա` Գենտի համալսարանի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ինստիտուտ երկարատեւ գործուղման` մեկ տարի տեւողությամբ: Երբ հայտնվում ես անծանոթ երկրում, առաջին քայլերից մեկը լինում է ծանոթանալ այնտեղ ապրող հայերի հետ: Մինչ մեկնելս արդեն տեղեկացել էի, որ Բելգիայի հայ գաղութի նախագահ երկար տարիներ եղել է պրոֆ. Արբակ Մխիթարյանը:
Ինձ պատեհություն ընձեռնվեց ոչ միայն ծանոթանալու պարոն Արբակ Մխիթարյանի եւ նրա տիկնոջ հետ, այլեւ ջերմ ու բարեկամական հարաբերություններ հաստատելու այդ զույգի հետ: Հայաստան վերադառնալուց հետո, ակտիվ նամակագրությունը խթանեց այդ ջերմության պահպանմանը: Ծանոթությունը եւ բարեկամությունը Մխիթարյանների հետ իրապես մեծ մխիթարություն էր` այդ ընտանիքի ջերմ մթնոլորտը հեռավոր Բելգիայում օգնում էր ինձ մասամբ հաղթահարել կարոտը հարազատներիս եւ հայրենիքի:
Նամակներում պրոֆ. Մխիթարյանին դիմում էի «Հայրիկ»: Հայրիկի մահից հետո նամակագրությունը շարունակեցի տիկին Մխիթարյանի հետ: Ես դիմեցի Բելգիայի հայ գաղութ եւ Երուսաղեմի համալսարանի պրոֆ. Մայքլ Սթոունին, որպեսզի ինձ ուղարկեն հուշեր պրոֆ. Մխիթարյանի մասին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պարոն Արա Վրույրին (Բելգիա) եւ պրոֆ. Սթոունին` իմ խնդրանքին արձագանքելու համար:
ՄԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԷԴՈՒԱՐ ԺԱԽՅԱՆ
Շատ մեծ մարդը
Տարիներ առաջ հեռուստատեսությունը հաղորդում էր նվիրել Արբակ Մխիթարյանին, նրա գործերին, զբաղմունքին, դասավանդմանը:
Նա ներկայացել էր որպես պայծառ, գրեթե արեգակնային մարդ, որի պատկերն արտացոլում էր ներքին հարստությունը: Արբակ Մխիթարյանը Բելգիայի հայ համայնքի ամենակարկառուն գործիչն էր: Լինելով «Էլիզաբեթ թագուհի» եգիպտագիտական հիմնադրամի գլխավոր քարտուղարը, Արվեստի եւ պատմության թագավորական թանգարանների իսլամի բաժանմունքի տնօրենը, Բրյուսելի ազատ համալսարանում արաբերենի դասախոս, հին եգիպտական եւ իսլամական արվեստների մասնագետ, նա միաժամանակ իրեն նվիրել էր հայկական արվեստի եւ մասնավորապես մանրանկարների ուսումնասիրությանը:
1925 թ. Բելգիա գալուն պես նա մերվել էր հայկական համայնքին, որտեղ իրեն բնորոշ զսպվածությամբ միանգամից հայտնի էր դարձել արվեստի ոլորտում եւ համայնքային կառույցներում: 1964 թ. Մանուկ Բասմաջյանի մահից հետո Մխիթարյանը համաձայնեց նրան հաջորդել համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահի պաշտոնում, մինչ Վարդան Մուրդիկյանը դեռ նախագահում էր հանձնախմբում: Բայց երբ 1977 թ. հանձնախումբն ընդլայնվեց, նա կարողացավ մեծ կարեւորություն հաղորդել ժողովին: Բախտ եմ ունեցել գործակցելու նրա հետ: Այդ բարեպատեհ ժամանակահատվածում է, որ ժողովը կյանքի կոչեց հանձնախմբի նախաձեռնությունները. հանրակացանի ձեռքբերում, կարգավիճակների բարեփոխում, Թուրքիայի արեւելյան նահանգներից ընտանիքների ընդունում, եկեղեցու կառուցում, սոցիալական կենտրոնի ստեղծում (որը հետագայում կրելու էր Արբակ Մխիթարյանի անունը), պայքար հանուն ՄԱԿ-ի զեկույցի հայտնի 30-րդ կետի պահպանման, արգասավոր հարաբերություններ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն կոմիսարիատի հետ, մասնակցություն Եվրոխորհրդարանի 1987 թ. հունիսի 18-իՙ Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձեւին հանգեցրած պայքարին, համայնքի մշակութային, արվեստագիտական եւ սոցիալական կյանքի նորացում եւ այլն:
Եվ երբ 1986 թ. նա համաձայնեց նախագահել հանձնախումբը, ամենքը հասկացան, որ համայնքի միասնությունը կպահպանվի: Բայց մանավանդ 1988 թ. երկրաշարժից հետո էր, որ 77-ամյա Արբակ Մխիթարյանը դրսեւորեց իր ողջ շռայլությունը եւ կապվածությունը սեփական արմատներին: Իր տիկնոջ օժանդակությամբ նա ժամանակ եւ առողջություն չխնայեց համերաշխության արտասովոր ձեռնարկումներում: Արբակ Մխիթարյանն ի հայտ բերեց այն, ինչը գաղտնիք չէր իր մերձավորների եւ բարեկամների համար: Խոսքն իսկական մարդասիրության մասին է, որի իմաստը քչերին է հասու: Այստեղ էր, որ նա ներկայացրեց հայկական հանճարի ամենագեղեցիկ կողմը: Ճարպիկ առեւտրականի սովորական կերպարից զատ կա նաեւ շնչավոր եւ ոգեղեն մարդու կերպար, որն արդեն 2500 տարի կանգուն է իր շիտակության եւ բարոյական ուժի շնորհիվ:
Նրա մեջ մենք սիրում էինք հենց այդ ներքին ուժը, որը գալիս էր շատ հեռվից եւ նրան դարձրել էր մեծ մտավորական, որի կյանքը, գործերը, կողմնորոշումները ներշնչված էին գաղափարներով եւ ծառայում էին յուրայիններին եւ խնամարկյալներին:
Վերջին անգամ նրան տեսել եմ ավելի քան մեկ տարի առաջ: Մենք գրեթե չխոսեցինք համայնքի գործերի մասին, բայց շատ խոսեցինք մեր գրական նախասիրությունների մասին: Ես նրան այնքան վաղուց էի ճանաչում, որ տարիների թողած հետքերը հազիվ էին նշմարվում: Նա գանգատվում էր իր սակավաշարժությունից, բայց խոստովանում էր սեփական մտքի սրությունը: Նրա սքանչելի տիկինը, զավակները, թոռները, եղբայրը ֆիզիկական դիմադրողականության աղբյուր էին: Այս տարվա սկզբներին հեռախոսով վերջին անգամ լսեցի Արբակի մեղմ ու հանգստացնող ձայնը: Մեծությունից ավելի մեծ բան էլ կա. դա պարզությունն է:
Արբակ Մխիթարյանը բնականորեն պարզ էր, քանզի խուսափում էր շքեղությունից եւ պաճուճանքից, արհամարհում միջակությունների անցողիկ փառքը, փնտրում էր իրականՙ սրտի ու մտքի արժեքներ: Նա ուներ մեր ժամանակաշրջանում խիստ հազվագյուտ կյանքի բարոյախոսություն, որը մարդկային էակներին տալիս է իսկական կշիռ եւ անջնջելի հետք թողնում նրանցից հետո:
ԱՐԱ ՎՐՈՒՅՐ
Անցում ի հավերժություն
Պարոն Մխիթարյանն ուներ մի գաղտնիքՙ հավերժական երիտասարդության գաղտնիքը:
Անտեսել էր իրեն շնորհված բազմաթիվ տիտղոսները, քանզի պարգեւներից բարձր մարդ էր:
Երիտասարդ էր, քանզի բոլոր կրքերը պահպանել էր մինչեւ ճանապարհի վերջը: Քանզի ուներ գիտության դեմ հանդիման սկսնակի պես համեստ լինելու հազվագյուտ հատկություն, նույնիսկՙ գագաթներին հասնելուց հետո: Քանզի մշտապես երկխոսությունը նախընտրել էր խրատից եւ ճշմարտացիությունըՙ նորաձեւությունից:
Որպիսի՜ երջանկություն էր հարց տալ պարոն Մխիթարյանին եւ դիտել, թե ինչպես է պահանջվող տեղեկությունը որոնում իր զարմանահրաշ հիշողության հազար ու մեկ գաղտնարաններում:
Հանդարտ հայացքով եւ արթուն մտքով այդ մարդը լսարաններին դիմում էր գերագույն խաղաղությամբ եւ փարավոնային վեհությամբ լի ձայնով: Բայց խոսքը պարզ էր ու հստակ, ճշմարիտ ու շիտակ: Իր անձի նմանությամբ:
Եգիպտոսի Արքայական հովտի դամբարանները ներկայացնող «լուսապատկերային» անմոռանալի գիտաժողովներում կամ Թորոս Ռոսլինի կախարդական աշխարհին նվիրված զեկուցումներում պարոն Մխիթարյանը բաշխում էր իր խորագիտակցության տպավորիչ դրամագլուխը, ինչպես աստվածաշնչյան նահապետներն էին բաժանում իրենց ունեցվածքը, որպեսզի ամեն ոք իր հասանելիքն ստանալու զգացումն ունենա:
Տվյալ սկզբունքներին հավատարիմ մարդը բելգիահայ համայնքի ներկայացուցիչների ժողովի այնպիսի նախագահ էր, որը ծանր պահերին չվախեցավ ստանձնել հանձնախմբի նախագահության պատասխանատվությունը: Նա սովորականի պես գործն ստանձնեց մեծագույն արժանապատվությամբ:
Այդ համարձակ քայլը բավարար չափով գնահատվե՞ց արդյոք...
Բացի դրանից, Հայկական սոցիալական կենտրոնի նկատմամբ նրա գործնական մոտեցումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ինքը ծանոթ է իրավիճակին: Կենտրոնն այսօր կրում է նրա անունը, եւ դա հարգանքի տուրք է նրա խորաթափանցությանը եւ ձեռներեցությնաը, ինչպես նաեւ մեծահոգությանը:
Նրա հայկականությունն օրինակելի էր եւ պայծառ: Դա թույլ տվեց բարձրորակ հրատարակությունների շնորհիվ մեր ժառանգությանը ծանոթացնել հազարավոր մարդկանց:
Նրա համբավը մեր համայնքին պարգեւեց նմանը չունեցող ազնվականական հավաստագիր:
Եվ երբ գրքերի այդ բարեկամը գլուխը բարձրացնում եւ խոսում էր, նրանից ճառագում էր դրական ու ջերմ բարություն: Այդ ժամանակ նա մեզ փոխանցում էր ամենաթանկագինըՙ իր չարաճճի աչքերի խորքում փայլող փոքրիկ բոցը, որն արտահայտում էր այդ մեծ, շատ մեծ պարոնի ողջ հմայքը:
Երջանիկ են նրանք, ովքեր նախանձելի շնորհը կունենան այսուհետեւ իրենց հոգու խորքում պահպանելու իմաստնությամբ լի այդ ժպտուն աչքերի վերհուշը:
ՆՈՒՐՀԱՆ ԳԱՅԴԱ
Սիրելի Մխիթարյան ընտանիք
Սրտաբեկ այս տողերն եմ գրում ասելու, որ կիսում եմ ձեր վիշտը: Գիտեմ, թե ինչպիսի ահավոր դատարկություն է ստեղծվել ամուսնու, հոր մահից հետ: Նա հայր էր նաեւ ամբողջ հայ համայնքի համար:
Իմ առաջին իսկ հանդիպումից ես սովորեցի ճանաչել նրա շռայլությունը, վեհանձնությունը, նրբանկատությունը: Ուրախանում էի, երբ կրկին հանդիպում էի նրան եւ հետը մտերմիկ զրուցում:
Նա հարգարժան եւ հարգված մարդ էր ոչ միայն մեր համայնքում, այլեւ բելգիացի եւ օտարերերկրացի եգիպտագետների միջավայրում:
Ամբողջ սրտով ձեզ հետ եմ եւ մասնակից եմ ձեր վշտին:
ՍՏԵՓԱՆ ՄԱՐՏԻԿՅԱՆ
Պարոն Մխիթարյանի կենդանի դասը
Պարոն Արբակ Մխիթարյանը վախճանվեց իննսուներեք տարեկան հասակում, մեր վերջին հանդիպումից եւ գրկախառնումից ընդամենը մի քանի օր անց: Ձայնը թուլացել էր, ինքը լուռ էր, բայց ուշադիր եւ ժպտադեմ:
Մի քանի տարի առաջ նրան նվիրված հատորում կան այսպիսի տողեր. «Լինելով մեծապես կրթված եւ խորագիտակ մարդ, նա այդուհանդերձ մնում է սիրալիր, կատարելապես զուսպ եւ իսկապես համեստ անձնավորություն»: Սրանով ամեն ինչ ասված է:
Հայկական մանրանկարներին նվիրված եւ «Անապատականների կյանքը» լուսաբանող մի ակնարկում պարոն Մխիթարյանը ներածության փոխարեն վկայակոչում է եգիպտացիներին, որոնք Արեւելքում քրիստոնեություն ընդունած ժողովուրդներից են:
Այդպիսով նա զուգորդում էր իր երկու նախասիրություններըՙ Եգիպտոսը եւ Հայաստանը:
Վաղ հասակում նա հեռացավ Եգիպտոսից, որը, սակայն, երբեւէ չհեռացավ նրանից: Եգիպտագիտությանը նրա բերած նպաստի կարեւորությունը հայտնի է ամենքին: «Էլիզաբեթ թագուհի» եգիպտական հիմնադրամի պատվո գլխավոր քարտուղար, բելգիացի ավագագույն եգիպտագետ, նշանավոր Ժան Կապարի երբեմնի աշխատակից Արբակ Մխիթարյանը միջազգային համբավի էր արժանացել բազմաթիվ երկրներում իր դասախոսություններով, իր ուսումնասիրություններով, մեծաթիվ աշխատություններով: Նրա գործընկերներն անպայման արժանի հարգանքը կմատուցեն նրան:
Նա ծնվել էր հայ եւ ամբողջ կյանքում մնաց հայ: Հետաքրքրվում էր քրիստոնյա Հայաստանի պատմության եւ ժառանգության հետ կապված ամեն ինչով:
Մեր համայնքի ապագայով մտահոգ բելգիահայերս նրան մեծապես պարտական ենք:
Շատ հաճախ մեր համայնքի զանազան ընկերակցություններում տարբեր պատասխանատու պաշտոնների առաջարկներ ստանալովՙ նա ամեն անգամ իր առաքելությունը կատարել է խելամտությամբ եւ չափի զգացումով: Այն տարիքում, երբ ուրիշները հանգստանում են, նա նետվում էր օգնելու Հայաստանին եւ հայերին. դեռ երիտասարդ լինելու ժամանակն էր:
Նրա անունը կրող սոցիալական կենտրոնը մեր համայնքի հոգսերին նրա նվիրվածության վկայությունն է:
Նա հեղինակություն էր, միավորիչ անձնավորություն, երբեմնՙ նույնիսկ վերջին հույսը:
Նա հեռացավ կյանքից, բայց ոչ մեզանից, քանզի մնում է նրա կենդանի դասը, զսպվածության, խոնարհության, ուրիշի հանդեպ հարգանքի դասը, քանզի մենք մեր ինքնասիրությանը հասցված ամենաչնչին վիրավորանքի, ամենափոքր հիասթափության կամ հակասության դեպքում վերածվում ենք օպերետային Բակունինի, չըմբռնելով, որ մեր տարբերությունները մեզ հարստացնում են, իսկ մասնատումներըՙ ոչնչացնում: Կուզենայի, որ դա չմոռանանք:
ՀԱՅԿ ՄԱՐՏԻԿՅԱՆ
Երախտիքի խոսք Արբակ Մխիթարյանին
Ճարտարապետություն ուսանելիս կանոնավորապես հաճախում էի Հիսնամյակի թանգարանի գիտաժողովներին: Այնտեղ առաջին անգամ հանդիպեցի Արբակ Մխիթարյանին: Հետաքրքրությամբ ունկնդրում էի նրա զեկուցումները, որոնք մատուցվում էին հստակ, զուլալ ձայնով եւ հրաշալիորեն ընկալելի էին: «Ահա՛ մի մարդ, որը ջուր չի պղտորումՙ այն ավելի խորը ցույց տալու համար, ահա՛ մեկը, որը փայլելու գայթակղությունը ստորադասում է լուսավորելու մտահոգությանը, մեկը, որի հետ կուզենայի մի օր ծանոթանալ», մտածում էի ես:
Այդ օրը եկավ, երբ Բրյուսելի ազատ համալսարանում արեւելյան լեզուների ուսումնասիրության փորձադրման ժամանակ պրոֆեսոր Էլլեգիերսը ինձՙ ճապոներեն սովորողիս ներկայացրեց Արբակ Մխիթարյանին:
Ես չտիրապետեցի ճապոներենին, բայց մի քիչ հայերեն սովորեցի:
Ուսումնառության այդ տարիներից պահպանել եմ վերհուշն այն մարդու, որն ինձ ծանոթացրեց հայկական արվեստին եւ մասնավորապես ճարտարապետությանը: Նրա շնորհիվ ճանաչեցի հայկական ճարտարապետության ավետարանըՙ Յոզեֆ Ստրիժիգովսկու «Die Baukunst der Armenier und Europa» գիրքը: Ես ծանոթ էի ռոմանական ճարտարապետությանը, բայց առաջին անգամ Արբակ Մխիթարյանն ինձ պատմեց Օռլեանի եպիսկոպոս եւ Սեն-Բենուա սյուր Լուարի աբբահայր Թեոդուլֆի հին աղոթատան մասին. նա 9-րդ դարի սկզբներին Օթոն անունով հայինՙ Էքս-լա-Շապելի տաճարի ճարտարապետին, հրավիրեց կառուցելու Ժերմինյի-դե-Պրեի փոքրիկ եկեղեցին: Վերջինս կատարելապես արտացոլում է կարոլինգյան ժամանակաշրջանի ճարտարապետության վրա հեռավոր հայկական նմուշների գործած ազդեցությունը:
Մի քանի տարի անց Արբակ Մխիթարյանը պատիվ արեց ինձ եւ կնոջս դարձնել իր բարեկամները, մեզ նվիրելով եգիպտական նկարչությանը վերաբերող իր աշխատությունը խորապես հուզիչ ընծայագրով. «Ժաքլինին եւ Հայկին նվիրում եմ այս գիրքըՙ մեր կյանքի ուրախություններից մեկը, մեր բոլոր ամենաջերմ մաղթանքներով: Էմե եւ Արբակ Մխիթարյաններ»: Եգիպտոս մեկնելուց առաջ նա ինձ նվիրեց Նեգիբ Մահֆուզի «Հրաշքների անցումը» վեպը, որը հիանալիորեն ծանոթացնում է մերօրյա Եգիպտոսին: Նա ինձ առաջարկեց այցելել իր ճարտարապետ բարեկամ Հասան Ֆաթիի կառուցած Գուրնա գյուղ եւ այնտեղ մեկնելուց առաջ կարդալ իր «Կառուցել ժողովրդի հետ» գիրքը: Վերջապես, իմանալով իմ հետաքրքրությունը պտղոմեոսյան ճարտարապետության նկատմամբ, նա ինձ խորհուրդ տվեց հանդիպել տվյալ ժամանակաշրջանի մեծ մասնագետ Սերժ Սոնըրոնի հետ:
Եգիպտոսի մասին խոսելիս հաճախ ինձ ասում էր, որ մինչ մեր շուկայական տնտեսությունը մեզ նախրի պես տանում է դեպի աղետալի միօրինակություն, փարավոնյան Եգիպտոսն աչքի էր ընկնում արտակարգ բազմազանությամբ: Եգիպտոսը միմյանց հանդուրժող ժողովուրդների ու դավանանքների ներդաշնակ ամբողջություն էր: Յուրաքանչյուր եգիպտացի ազատ էր ընտրելու իր աստծուն, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնի դատապարտել իր հարեւանին:
Մեր հանդիպումները սակավադեպ էին, բայց շատ արգասավոր: Բրյուսելի եկեղեցու շինարարության ժամանակ նա շատ խորհուրդներ տվեց: Մեկ բաժակ ջուր (խմիչք չէր օգտագործում) ըմպելու ընթացքում ինձ մանրամասն պատմեց Վասպուրականի Գագիկ թագավորի համար Աղթամար կղզում Մանվել ճարտարապետի կառուցած Սուրբ Խաչ եկեղեցու մասին: Երբ խոսեցի եկեղեցում Աստվածամոր պատկեր տեղադրելու եւ տվյալ թեմայի ժամանակակից մեկնաբանություններից իմ մտահոգության մասին, հայկական մանրանկարչության մեծ գիտակն ինձ խորհուրդ տվեց խոշորացնել 13-րդ դարի մանրանկարներից մեկը: Մխիթարյանի հանդուրժողական դիրքորոշումը ոչ թե անտարբերություն էր, այլ ուրիշների հանդեպ հոգածության եւ հազվագյուտ խոնարհության դրսեւորում: Արբակ Մխիթարյանի մասին մտածելիս հիշում եմ Պոլ Վալերիի խոսքն իմաստունի մասին, որը «ժպտում է եւ լռում, նայելով աներեւույթ ավազի ժամացույցին»:
Արբակի նման մարդկանց գոյության շնորհիվ մենք կարողանում ենք կիսաստվերի մեջ լույսի շող նշմարել եւ հավատալ, որ դեռ հնարավոր է ավելի լավ աշխարհի հույս ունենալ:
ՌՈԼԱՆ ՏԵՖՆԵՆ, Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր
Արբակ Մխիթարյան. եգիպտական նկարչությանն ուղղված նոր հայացքի վարպետը
Տեղահանված եւ Նեղոսի գետաբերան հասած հայերի որդի Արբակ Մխիթարյանը ծնվել է Տանտայում, շատ վաղ հասակում տեղափոխվել Բելգիա: Նա ամենից շատ հմայված էր Վերին Եգիպտոսովՙ այդ չոր եւ հակասական շրջանով, որտեղ կանաչ ու նեղ հովիտը գոյակցում է իր երկայնքով ձգվող անապատային լեռան հետ: Վերին Եգիպտոսում մոգական վայր է Թեբեի լեռը, որի ժայռերի եւ չոր բլուրների տակ առկա է աներեւակալի, քողարկված, շլացուցիչ շքեղություն. այդտեղ են առաջին կայսրության երեւելի անձանց ընդգետնյա զարդարուն դամբարանները: Այդ դամբարանները բազմիցս այցելած եգիպտագետ-արվեստաբանը, լինելով դրանց բացառիկ գիտակը, կարող էր միայն խանդավառությամբ ընդունել «Նկարչության մեծ փուլերը» շարքի «Եգիպտական նկարչություն» հատորը կազմելու Ժնեւի «Ալբերտ Սկիրա» հրատարակչության առաջարկը:
Քիչ կլիներ ասել, որ այդ գիրքը վերջնականապես եւ անվերապահորեն փոխեց ինչպես եգիպտագետների, այնպես էլ հանրության կարծիքը եգիպտական նկարչության վերաբերյալ:
Թեեւ Արբակ Մխիթարյանը պեղումներ չի կատարել եւ նկարազարդ նոր դամբարաններ չի հայտնագործել բառիս հնագիտական իմաստով, նա վերաբացահայտել է դրանք, բազմաթիվ արվեստասերների սովորեցրել է տեսնել դրանց իրական նկարչական գեղեցկությունը, զգայական հարստությունը: Պատկերագրական ծրագրերի սառնության պայմաններում նա կարողացավ իր «գործելակերպի» եւ լուսանկարչական տեխնիկայի կախարդանքով (մոտեցման ոսպնյակներով հանդերձավորված սովորական «Լեյկա» ֆոտոխցիկ, բարձր լարման լամպերի լուսավորություն) ի հայտ բերել նկարելիս հնօրյա նկարիչների ապրած բերկրանքը, որը նկատելի է դառնում միայն մոտիկից դիտելիս:
Այն պահից, երբ ճանապարհորդներն ու եգիպտագետները 19-րդ դարի սկզբներին մուտք գործեցին Թեբեի լեռան դամբարաններ, ուշադրության կենտրոնում հայտնվեց դրանց պատկերագրությունը. սկզբում դամբարանները գրավիչ էին, քանի որ պատմում էին հին եգիպտացիների կրոնի եւ առօրյա կյանքի մասին: Դա որոշ իմաստով ազգագրական հայտնագործություն էր. Թեբեում 1837-1841 թթ. ապրած սըր Գարդներ Ուիլկինսոնի «Հին եգիպցացիների բարքերն ու սովորույթները» հիմնարար աշխատությունը դրա փայլուն վկայությունն է: Ինչ վերաբերում է գործերի գրանցմանը, երկար ժամանակ հայտնի էր քիչ թե շատ համապատասխան միայն մեկ գծանկար, որը հատկապես նախատեսված էր «տեսարանների» տեղերը գտնելու համար: Կամաց-կամաց սեւ-սպիտակ լուսանկարչությունը զարգացավ, կազմվեցին արխիվներ, որոնք... խիստ մասնակիորեն հրապարակվեցին: Զգալի առաջընթաց արձանագրվեց Նինա եւ Նորման Գարիս Դեւիսների շնորհիվ, որոնք ստեղծեցին մի շարք կարեւոր դամբարանների ջրաներկ (եւ մասշտաբային) ֆաքսիմիլեները: Այդ հիանալի պատճեններից շատերը հրապարակվեցին 1910-1930-ական թվականներին: Թեեւ եգիպտական նկարչությունն աստիճանաբար վերածնվում էր, այդուհանդերձ չէր արտահայտվում որպես «նկարչություն». մարդու ձեռքի հետք, շարժում, վրձնահարված, ազատ կամ զուսպ գիծ, դարչնագույն ջրաներկ կամ թանձրաներկ, ավյուն կամ մանրակրկիտություն... Այդ նոր չափումը բացահայտելու համար անհրաժեշտ էր այնպիսի հայացք, որը պատկերի մեջ թափանցելովՙ պատկերագրության մտավոր կառույցի տակ կվերագտներ մարդու զգայականությունը: Դժվար է պատկերացնել եգիպտագետ-լուսանկարչի աշխատանքի անտանելի պայմանները զբոսաշրջիկների առջեւ չբացված դամբարաններում (գրեթե բոլորը). մթություն եւ տապ, երբեմն նեղվածք եւ մանավանդ աներեւակայելի, փափուկ եւ անշոշափելի փոշի, որը բարձրանում է անգամ ամենազգույշ քայլքի դեպքում եւ վերանստում միայն րոպեներ անց: Նման ծայրահեղ պայմաններում Արբակ Մխիթարյանն այցելել է տասնյակ դամբարաններ, հայթայթելով « տեսարանները» կամ դրանց ամենափոքր մանրամասները, որոնք լուսանկարներ դիտողին զգալ են տալիս նկարչի հուզմունքը, զգայականությունը, ինչպես նաեւ հնօրյա արվեստագետների անհատականությունները, ովքեր Նոր կայսրության ժամանակաշրջանում համեստորեն կոչվում էին լոկ «ուրվանկարիչներ»: Դա պատճառ էր դարձել, որ եգիպտագետները չնայեն ավելի հեռուն: Պատմագրական առումով նկատելի է, որ «Սկիրա» հրատարակչությունում շարունակություն գտած Արբակ Մխիթարյանի լուսանկարչական նախաձեռնությունը դարձավ իսկական ռումբ, որը ցաքուցրիվ արեց բոլոր մակերեսային պնդումները: Այժմ արդեն տվյալ նկարչությունը դիտվում է ոչ միայն եգիպտագետի տեխնիկական հայացքով, այլեւ արվեստագետի աչքերով: 1954-ից ի վեր պարբերաբար վերահրատարակվող Մխիթարյանի աշխատությունը հրաշալի նվեր է, որը մեզ ստիպում է փոխել մեր տեսակետը, նորովի նայել եգիպտական նկարչությանը:
Նա առաջինն էր, որը փորձեց անանուն նկարիչների մեջ զանազանել անհատականությունները, խմբերը, արվեստանոցները: Եթե այսօր նոր հարցեր են ծագում նկարչի գործիքների, աշխատանքի պայմանների, հասարակական կարգավիճակի վերաբերյալ, պատճառն այն է, որ «Սկիրայի» 1954 թ. հեղաշրջումից ի վեր հին եգիպտացի նկարիչը համարվում է ոչ թե պատկերագրական աշխատանքի մեխանիկական կատարող, այլ միս ու արյունով կենդանի մարդ, որն ունի բնավորություն, խառնվածք եւ գործում է զուտ նկարչական երջանկությամբ:
Սակայն նկարչության համաշխարհային պատմության այդ բացառիկ կողմն անհետացման սպառնալիքի տակ է: Մի շարք հոդվածներում Արբակ Մխիթարյանը խոսել է վերջին կողոպուտների մասին, որպեսզի գիտնականների, արվեստագետների եւ լայն հասարակայնության ուշադրությունը բեւեռի «Թեբեի դամբարանների թշվառ վիճակի» վրա: Նրա կոչերն ապարդյուն չանցան: Միջազգային հանրության գիտակցությունը կամաց-կամաց արթնանում է եգիպտագիտության մեջ, բայց ճանապարհը շատ երկար է, եւ մանավանդ պակասում է ֆինանսական օժանդակությունը: