Շաբաթական իր սյունակներից վերջինում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը «Տիկին Էվանսը բացահայտում է ինտրիգային մանրամասներ իր ամուսնու հետկանչի վերաբերյալ» վերնագրով հոդվածում մեջբերում է Հայաստանի նախկին դեսպան Ջոն Էվանսի տիկնոջ վկայությունները Հայաստանում պաշտոնավարության ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց պարտադրված ինքնազսպման եւ ապրումների մասին: Նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած տարեկան ընդունելության ընթացքում տիկին Դոննա Էվանսն ասել է. «Հայոց ցեղասպանության խնդիրը շատ զգայուն թեմա էր Երեւանի դիվանագիտական շրջանակներում: Դեսպանների տիկնայք նույնիսկ իրենց անձնական շփումների ընթացքում խուսափում էին այդ հարցի շուրջը խոսելուց: Առաջին անգամ, երբ մեքենայով անցնում էինք Ցեղասպանության հուշահամալիրի մոտից, ամուսինս շշնջաց ինձՙ դա է հուշարձանը: Եվ երբ արագ հայացքով նայելուց հետո հայացքս հետՙ դեպի առաջ շրջեցի, հայելու մեջ աչքերս հանդիպեցին վարորդի հայացքին: Ինձ այնքան անհանգիստ զգացի: Ամուսինս ասաց, որ տարին մեկ անգամ միայն մենք թույլատրված ենք այցելել այնտեղ, միայն ապրիլի 24-ին»:
Տիկին Էվանսը, որի ամուսինը ժամկետից շուտ հետ էր կանչվել, որպես պատիժՙ Ցեղասպանության փաստը հրապարակավ ընդունելու համար, հայտարարել է նաեւ, որ Ցեղասպանության թեման ամերիկյան դեսպանատան ներսում միշտ էլ եղել է թաբու:
(Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք մեր առաջիկա համարում):