«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2007-11-24 | #218, 2007-11-27 | #219, 2007-11-28


«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹ ՉԿԱ»

Կարապետ Ռուբինյանն ու Արշակ Սադոյանն իրար չհասկացան

«Մեզ մոտ ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու ավանդույթ չկա եւ, ՀՀՇ-ի սխալներից կարելի է ասել ամենակարեւորը ես դա եմ համարում, որ մեզ չհաջողվեց ընտրությունների միջոցով իշխանությունը փոխանցել օրինական ընտրված որեւէ այլ քաղաքական ուժի», երեկ «Հայելի» ակումբում ասաց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանը:

Կարապետ Ռուբինյանի ու նրա հետ ակումբում հյուրընկալված Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի միջեւ բանավեճն անխուսափելի էր, քանի որ նախագահական ընտրություններում անելիքների վերաբերյալ պատկերացումները տարբեր էին: Սադոյանն առաջ էր քաշում իր կարծիքով ամենակարեւոր հարցը, իսկ Կ. Ռուբինյանն առաջնային էր համարում իր ասածը:

Եվ այսպես, Արշակ Սադոյանը արդեն քանի օր լայնորեն լուսաբանում է հեռուստաընկերություններով եւ առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին համախմբվել ընտրական գործընթացը վերահսկելու գաղափարի շուրջը: Եվ սա, ըստ նրա, թիվ մեկ խնդիրն է: Նա անգամ քաղաքական ուժերին ժամանակ է տվել մինչեւ դեկտեմբերի 5-ն արձագանքելու իր առաջարկին, հակառակ դեպքում Սադոյանը կհայտարարի ժողովրդին, որ իր առաջարկին չմիացած ուժերը կողմ են ընտրությունների կեղծմանը. «Իմ կոչն էլ կազդի ժողովրդի վրա»:

ՀՀՇ անդամ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը վստահ է, որ անգամ եթե կեղծիքների մասին բավական փաստեր հավաքեց Արշակ Սադոյանի առաջարկով համախմբված միավորումը, անհայտ է հետագայի անելիքը. «Այսինքն, ի՞նչ պիտի լինի հետո, երբ պարզվի, որ կեղծիքներ եղել են»: Այլ կերպ ասած, կեղծիքների մասին տեղեկություններ ունենալով ոչ մի հարց չի լուծվելու: Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի մեծ ռեսուրս ունի հաղթելու, եւ այդ պատճառով է ինքը կանգնած նրա կողքին: Կարապետ Ռուբինյանի կարծիքով, ընտրությունների ավարտին, երբ թվեր նկարված կլինեն, ժողովուրդը պետք է հանցախմբին հեռացնելու ուժ գտնի իր մեջ:

ՀՀՇ անդամն անգամ ասաց, որ այսօրվա ներքաղաքական իրավիճակից «հեղափոխության հոտ» գալիս է: Նա նույնիսկ հնարավոր համարեց, որ գործը չի հասնի ընտրություններին, եթե ժողովուրդն ակտիվ լինի: Իսկ թե ինչ կպատահի, չմանրամասնեց. «Հեղափոխության հոտ գալիս է, քանի որ հասարակության լայն զանգվածները չեն ուզում հանդուրժել այսօրվա ռեժիմը, որտեղ իրենք ամեն օր նվաստացում են ապրում: Խնդիրն այն է, թե մենք կկարողանա՞նք դժգոհության այդ պոտենցիալն ուղղել ժողովրդավարական ուղի»:

ԱԺԴ նախագահն ու Կ. Ռուբինյանը մի լավ բանավիճեցին, թե որի առաջարկն է կարեւոր: Ա. Սադոյանն անգամ նեղսրտեց, թե ինքը ընտրական գործընթացը վերահսկելու 10-15 հազարանոց խումբ է ցանկանում ստեղծել, իսկ մենք` լրագրողներս, դա մանր-մունր գործ ենք համարում եւ ավելի շատ մտածում ենք բաժանող, սադրող հարցեր տալու մասին:

Կարապետ Ռուբինյանը հավելեց, որ եռաբեւեռ կամ քառաբեւեռ ընտրությունների չեն գնում, որովհետեւ երբ այդ բեւեռին հաջողվի իշխանություններին հեռացնել, խնդիր է դառնալու, թե ով պետք է ստանձնի իշխանությունը: Միեւնույն ժամանակ չբացառեց, որ դեռ նման բեւեռ կազմավորելու հնարավորությունը կորած չէ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4