«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2007-11-24 | #218, 2007-11-27 | #219, 2007-11-28


ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻՆ ԲԱՆԿԵՐԸ ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԵՎ ԴՈԼԱՐԻ ՀՈՍՔ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Փոխարժեքի կտրուկ տատանումների վերաբերյալ Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունները արված են «քաղաքական նկատառումներով»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանի փոխանակման կետերում տեղի ունեցած իրարանցումը կարծես թե սկսում է հանդարտվել: Դոլար-դրամ փոխարժեքը վերադառնում է իր շուկայական, այսինքնՙ ֆոնդային բորսայում արձանագրվող արժեքին: Վերջին երկու օրերին այն կազմել էր 305 դրամ, իսկ առուվաճառքը երկուշաբթի օրվա 25-26 մլն դոլարի դիմաց երեկ կազմել էր 5-6 մլն դոլար: Բնականաբար, փոխանակման կետերում նույնպես փոխարժեքը երեկ մոտեցել էր բորսայական ցուցանիշին, կազմելով 302-306 դրամ 1 դոլարի դիմաց: Նախօրեին, հանգստյան օրերին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքի մինչեւ 275 դրամի կտրուկ արժեզրկման մասին Կենտրոնական բանկից այն պարզաբանումն էինք ստացել, որ դա հետեւանք էր շուկայում ստեղծված «աժիոտաժային» իրավիճակի, որ փոխանակման կետերում կատարվում է շաբաթական ընդհանուր 170 մլն դոլար շրջանառության փոքր մասըՙ մոտ 8 մլն դոլարը, որ բանկերը այդ օրերին չէին աշխատում, ինչից էլ օգտվել էին փոխանակման կետերը եւ խուճապի հետեւանքով իրավիճակն ավելի էր բարդացել:

Սակայն դարձյալ երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այլ կերպ էր մեկնաբանել այդ օրերին շուկայում տեղի ունեցածը: Ըստ նախկին վարչապետի, այդ օրվա դրամի կտրուկ արժեւորման պատճառը ԿԲ նոյեմբերի 21-ի որոշումն էր, ըստ որի, 8 տոկոսից 12 տոկոսի է բարձրացել բանկերի կողմից Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պահուստների նվազագույն չափը: Ինչն էլ, Հրանտ Բագրատյանի կարծիքով, դրդել է բանկերին արագորեն հրաժարվել դոլարից: Ճիշտ է, նախկին վարչապետը չէր նշել, թե ինչպե՞ս էին բանկերը դա արել շաբաթ-կիրակի օրերին, երբ չէին աշխատում եւ ինչո՞ւ այդ դեպքում երկուշաբթի օրվանից փոխարժեքը վերադարձավ ուրբաթ օրվա փոխարժեքին մոտ:

Հայաստանի արտարժույթի շուկայում տեղի ունեցած երեւույթների եւ դրանց վերաբերյալ նախկին վարչապետի գնահատականների առնչությամբ երեկ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին («Ազգ», «Հայոց աշխարհ», «Առավոտ» թերթեր եւ «Ազատություն» ռադիոկայան) «մասնագիտական պարզաբանումներ» տվեց ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանը: Վերջինս նախ ներկայացրեց, թե ինչի մասին է ԿԲ վերոնշյալ որոշումը:

Գոյություն ունի պարտադիր պահուստավորման նորմատիվ: Այն ենթադրում է, որ բանկերը ինչքան միջոցներ են ներգրավել բնակչությունից կամ տնտեսվարողներից ավանդների տեսքով, այդ միջոցների ինչ-որ տոկոսի չափով պետք է գումարներ պահեն Կենտրոնական բանկի իրենց հաշիվներում: Եթե այդ տոկոսն իջեցվում է, դա նշանակում է, որ բանկերի գումարը վերադարձվում է նրանց, որը կարող են օգտագործել վարկավորման նպատակով: Եթե վարկավորումն ընդլայնվում է, ապա գնաճը ավելանում է: Իսկ եթե տոկոսը բարձրացվում է, ինչպես այս դեպքում, դա նշանակում է, որ դրամական զանգված է կրճատվում, քանի որ բանկերին ստիպում է բերել ավելի մեծ գումարներ պահել ԿԲ-ում, ավելի քիչ հնարավորություն ունենալ դա օգտագործել վարկավորման նպատակներով, ինչը գնաճի վրա զսպողական ազդեցություն է ունենում:

Այն մեկնաբանությունները, որ բանկերի պահուստավորման 8 տոկոս չափը գնաճի զսպման նպատակով 12 տոկոսի բարձրացնելը հակառակ արդյունքն է տվել եւ բանկերը ցանկացել են արագ հրաժարվել դոլարից, Դավիթ Սարգսյանի գնահատմամբ, արված են քաղաքական նկատառումներով: Դրանց մասնագիտական պատասխանն այն է, որ, իսկապես, երբ այդ տոկոսը բարձրացնում ես, դոլարի արժեքը ոչ թե պետք է նվազի, այլ ավելանա: Այդ օրերին բանկերի հաշվեկշիռների կտրուկ փոփոխություններ եւ դոլարի հոսք տեղի չեն ունեցել: Այդ հաշվեկշիռներին կարելի է ծանոթանալ եւ տեսնել, որ նման երեւույթ չկաՙ բանկերի արտարժութային կառուցվածքը մնացել է այնպես, ինչպես կար:

Այնուհետեւ, բանկերը չեն կարող հենց այնպես այդ միջոցները դոլարից դարձնել դրամ: Եթե բանկը, ենթադրենք, 100 միավոր գումար է ներգրավում դրամով, ապա չի կարող դրամով ներգրավված այդ գումարով պարտավորություն կատարել դոլարով: Բանկերի կառավարիչները դա անվանում են «բաց դիրք»: Դա նշանակում է, որ կորստի մեծ ռիսկ կա փոխարժեքի փոփոխության դեպքում: Բանկիրները նման քայլի չեն գնում: Նրանք ձգտում են ունենալ «փակ դիրք», երբ ներգրավված դոլարը պահվում եւ օգտագործվում է դոլարով, դրամըՙ դրամով: Հետեւաբար, այս որոշումը ոչ թե բերում է նրան, որ բանկերը հրաժարվում են դոլարից, այլ որ նրանք պետք է ձգտեն դոլարով ավանդներ չներգրավել: Դա նպաստելու է շրջանառվող դոլարի պակասելուն եւ նրա փոխարժեքի ավելացմանը, այլ ոչ թե նվազմանը: Բացի այդ, շաբաթ-կիրակի օրերին բանկերը փակ են եղել, դրանցից ոչ մի գումարային հոսք չի եղել:

Շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցածի պատճառներին վերստին անդրադառնալով, Դավիթ Սարգսյանը նշեց, որ երբ բանկերը եւ նրանց ավելի քան 300 մասնաճյուղերը չեն աշխատում, փոխանակման կետերը իրենց փոքր ծավալներով ի վիճակի չեն մեծ պահանջարկ առաջանալու դեպքում բավարարել այն: Երբ շաբաթ-կիրակի օրերին մարդիկ ավելի մեծ գումար ցանկացան փոխանակել, ինչ-որ պահից փոխանակման կետերը չկարողացան դա անել: Իսկ սուբյեկտիվ պատճառն այն է, որ որոշ փոխանակման կետեր, բացի օբյեկտիվ պատճառներից, փորձեցին թելադրել իրենց ձեռնտու գինը: ԿԲ արձանագրել է խախտումներ եւ դրանց վերաբերյալ որոշումներ կլինեն:

«Հնարավո՞ր է, որ փոխանակման կետերը համաձայնության գան, թե՞ ոչ» հարցին Դավիթ Սարգսյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ ամբողջ նախորդ շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքի արժեւորման արդյունքում մարդկանց մեջ սպասումներ էին ձեւավորվել, ինչն էլ իր արտացոլումը գտավ կանխիկ շուկայումՙ փոխանակման կետերում: Իսկ ընդհանուր առմամբ իրավիճակը նույնն էր, ինչ մնացած շաբաթ եւ կիրակի օրերին: Դրա վկայությունն այն է, որ երկուշաբթի փոխարժեքը վերականգնվեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4