Ռումինական պաշտոնական վիճակագրության համաձայն, այսօր Ռումինիայում ապրում է 2000 հայ: Ռումինիայում գործում են հայկական եկեղեցիներ, կիրակնօրյա դպրոց, լույս է տեսնում հայատառ պարբերական: Ռումինիայի հայերի միությունն իր գործունեությունը վերսկսեց 1990 թվականին: Միության նախագահը Վարուժան Ոսկանյանն է, որը նաեւ Ռումինիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարն է:
- Հայերը Ռումինիայում գաղութներ հիմնել են շուրջ հազար տարի առաջ: Ի՞նչ ճանապարհ է անցել հայ համայնքը կազմավորումից մինչ օրս:
- Հայերն առաջին անգամ Ռումինիա եկան Անիի կոտորածներից հետո: Այստեղ հաստատեցին փոքրիկ համայնքներ, կառուցեցին եկեղեցիներ: Այսօր էլ Ռումինիայում պատմագիրներն ընդունում են, որ հայերը մասնակցել են ռումինական իշխանությունների կազմավորմանը: Ռումինիայում հայերը միայն առեւտրով չէին զբաղվում: Միաժամանակ հիմնադրեցին դպրոցներ, մշակույթի տներ եւ տպարաններ: Հետաքրքրական է, որ 16-18-րդ դարերում հայերն առանձնահատուկ բարբառ ստեղծեցին` մայրենին միախառնելով տեղացիների լեզվի հետ: Դժբախտաբար, գոյատեւման երկար դարերի ընթացքում մեծամասնությունը կորցրեց իր ինքնուրույնությունը: 20-րդ դարի սկզբին շատերն այլեւս հայերեն չէին խոսում: Ներգաղթողների նոր ալիքը Ռումինիա եկավ ցեղասպանությունից հետո: Ռումինիան առաջին երկիրն էր, որ իր նավահանգիստներում ընդունեց նանսենյաններին: 1919 թվականին կազմավորվեց Ռումինիայի հայերի միությունը` նպատակ ունենալով միջնորդի դեր կատարել հայ ներգաղթողների եւ Ռումինիայի կառավարության միջեւ: Համաշխարհային երկրորդ պատերազմից առաջ Ռումինիայի հայ համայնքը զորավոր էր եւ մտավոր բացառիկ ուժ ուներ: Պատերազմից հետո շատերը գաղթեցին ԱՄՆ, Ֆրանսիա, հազարավոր հայեր վերադարձան Հայաստան, եւ համայնավարության տարիներին հայ համայնքի թիվը նվազեց: Այդ տարիներին մեր աշխարհիկ կազմակերպություններն արգելված էին: Համայնավար ուժը ստեղծեց Հայաստանյան ճակատ, որն իրականում սովետական դեսպանատան քաղաքական մարմինն էր: Հայապահպանության գործառույթն այդ տարիներին եկեղեցին էր ստանձնել եւ այսօր ինքնության պահպանման համար եկեղեցուն ենք պարտական: Մինչեւ 1990 թվականը, երբ Ռումինիայում հայերի միությունը վերսկսեց իր աշխատանքը, մենք աշխարհիկ կազմակերպություն չունեցանք: 1990-ական թվականներին գաղութը քայքայված էր, համայնքը կենտրոնատեղի չուներ, ընդամենը մեկ թերթ էր տպագրվում «Նոր կյանք» անվանմամբ: Մենք կենտրոնատեղի ձեռք բերեցինք, հիմնեցինք տպարան եւ հրատարակչություն: Կիրակնօրյա պաշտոնական դպրոց ունենք, ուր երեխաները հայերեն են սովորում: Տպագրում ենք նաեւ «Արարատ» ռոմանատառ թերթը, միության մասնաճյուղերն են գործում երկրի տարբեր մասերում:
- Ավելի քան 22 մլն բնակչություն ունեցող Ռումինիայում ինչպե՞ս է հաջողվում փոքրաթիվ հայ համայնքին պահպանել ինքության գործոնը:
- Վերջին մարդահամարի ընթացքում 2000 մարդ նշեցին, որ ազգությամբ հայ են: Ոչ պաշտոնական տվյալներով հայերի թիվը Ռումինիայում 4000-5000 է: Սակայն այս թիվն էլ չափազանց փոքր է ձուլման դեմ պայքարելու համար: Ինքնության պահպանումն ամենօրյա պայքար է, որովհետեւ չկա մեկը, որի հետ կարող ես հայերեն խոսել: Իմ ընտանիքում կինս ռումինացի է: Դստերս Արմինե հայկական անվամբ եմ կոչել, սակայն այսօր հայերեն խոսելու հնարավորություն քիչ է ունենում: Մի քանի անգամ Երեւան է եկել, սակայն այդտեղ էլ խոսելու դժվարություն է ունենում, քանի որ մանկուց արեւմտահայերեն է սովորել: Վերջին երեք տարիներին ամեն ամառ 4-5 ռումինահայ երիտասարդների հետ մեկնում է Մխիթարյանների միաբանություն: Աղջիկս այսօր վարժ հայերեն է խոսում, սակայն սա ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն: Չես կարող հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին ուղարկել Վենետիկ կամ Երեւան: Շատերն իրենց հայկական արմատները չեն կարողանում զարգացնել եւ հայերեն չեն խոսում:
- Հայերի միությունը ղեկավարելուց բացի, Ռումինիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն եք: Ինչպե՞ս է հաջողվել ազգային փոքրամասնության ներկայացուցչին հաջողության հասնել քաղաքական ասպարեզում:
- 1990-ական թվականներին մեզ հաջողվեց փոփոխություն մտցնել սահմանադրության մեջ, որի շնորհիվ ազգային փոքրամասնությունները հնարավորություն ստացան ներկայանալու խորհրդարանում: Ընտրական օրենսդրության համաձայն, ազգային փոքրամասնությունները կարող են մրցակցել քաղաքական կուսակցությունների հետ: Բայց եթե քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ էր ավելի քան 20.000 քվե, ազգային փոքրամասնությունները կարող էին խորհրդարան անցնել շուրջ 2000 քվեի դեպքում, այժմ, սակայն անհրաժեշտ է գրեթե 3500 ձայն: Եվ թեպետ ողջ Ռումինիայում հայերի միությունն ունի շուրջ 2000 հայ քվեարկող, մենք ստանում ենք գրեթե 15.000 քվե: Բազմաթիվ ռումինացիներ իրենց քվեն տալիս են հայերի միությանը: 1990-1996-ին ես ներկայացրի հայ համայնքը խորհրդարանում, միաժամանակ 18 ազգային փոքրամասնությունների խմբի լիդերն էի: 1996-ին ստեղծեցի «Աջակողմյան ուժերի միավորում» կուսակցությունը եւ մուտք գործեցի Սենատ` գլխավորելով ֆինանսաբյուջետային հանձնաժողովը: 1999-ին` ընտրություններից առաջ, ձախակողմյան ուժերին հաղթելու նպատակով իմ կուսակցությունը միացավ Ազատական ազգային կուսակցությանը: Այժմ Ազատական ազգային կուսակցության փոխնախագահն եմ: 2004 թվականին վերընտրվեցի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ: 2006 թվականին իմ կուսակցությունն ինձ առաջարկեց առեւտրի եւ էկոնոմիկայի նախարարի պորտֆելը, ապրիլից նախարարությունն ընդարձակվեց, այժմ ես ղեկավարում եմ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը:
- Այլ ազգության ներկայացուցիչ լինելը Ձեզ չի՞ խանգարել քաղաքական գործունեության ընթացքում:
- Երբեւէ գաղտնի չեմ պահել իմ ծագումը: Եվ չնայած ես ռումինական կուսակցություն եմ ներկայացնում եւ հստակ պարտականություններ ունեմ, միաժամանակ պաշտպանում եմ նաեւ հայ համայնքի շահերը: Ես հայկական կրթություն եմ ստացել: Առաջինը հայերեն եմ սովորել, քանի որ ընտանիքում միայն հայերեն էինք խոսում: Երբ Բուխարեստում հայկական դպրոց հիմնեցինք, 14 տարի հայոց լեզու եւ գրականություն էի դասավանդում: Ռումինացիները բարի ժողովուրդ են, հայ համայնքն էլ հարգված եւ սիրված է նրանց կողմից: Իհարկե, եթե փորձես նախագահ դառնալ, ապա ազգության հարցն առաջ է քաշվում: Երկրի նախագահ լինելու համար պետք է մեծամասնության ներկայացուցիչ լինես: Ես իբրեւ հայ իմ արժեքներն ունեմ, ես աղոթքս հայերենով եմ արտաբերում, մանուկների հետ հայերեն եմ խոսում, որովհետեւ անուշ խոսքերն ավելի անուշ են հայերենով: 1980-ական թվականներին, երբ առաջին անգամ Ռումինիայում տպագրվում էին իմ բանաստեղծություններն ու արձակ գործերն, ինձ առաջարկեցին փոխել ազգանունս: Ես հրաժարվեցի, բայց այսօր նաեւ Ռումինիայի գրողների միության փոխնախագահն եմ եւ հպարտ եմ իմ հայկական ազգանվամբ:
- Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկու խոսքն ուղղված հայ բժշկին, թե վերջապես հանդիպեցի լավ հայի, հայկական համայնքը գնահատեց իբրեւ խտրականության դրսեւորում: Ի՞նչ քայլեր ձեռնարկեց հայ համայնքը:
- Վստահ կարող եմ ասել, որ որեւիցե մեկն այդ հայտարարությունը չպաշտպանեց: Խտրականության ազգային հանձնաժողովը նախագահին մեղավոր չճանաչեց, որովհետեւ այս տարվա ընթացքում Բասեսկին մեկ անգամ արդեն մեղավոր ճանաչվել էր` գնչու լրագրողին «աղտոտ գնչու» անվանելու համար: Եթե երկրորդ անգամ նախագահը գրություն ստանար հանձնաժողովից, ապա պետք է պատասխան տար օրենքի առջեւ: Հանձնաժողովն իրականում խուսափեց հարցին քաղաքական ենթատեքստ տալուց: Ես ելույթ ունեցա հեռուստատեսությամբ եւ նշեցի, որ Ռումինիայի ղեկավարներից որեւէ մեկը հայերի դեմ ուղղված նման հայտարարություն երբեւէ չի արել: Նախագահի հայտարարությունը ես բնութագրեցի իբրեւ «բարոյական ցեղասպանություն»: Խտրականության ազգային հանձնաժողովի որոշումից հետո հայ համայնքը որոշեց չշարունակել պայքարը եւ չդիմել դատարան: Բավարար է այն, որ հասարակությունը պաշտպանեց հայ համայնքին եւ իրականում սուր քննադատության ենթարկեց Բասեսկուն: Ի դեպ, Տրայան Բասեսկուին վիրահատող հայ բժիշկ Միլչա Գեմիջյանն էլ էր վիրավորվել նախագահի խոսքերից եւ հայտնել իր դժգոհությունը:
- Որպես ռումինական կառավարության անդամ ինչպե՞ս եք գնահատում հայ-ռումինական հարաբերությունները:
- Երկու երկրների դիվանագիտական կապերը զարգացած են, ստորագրված են մի շարք միջպետական համագործակցության պայմանագրեր: Տնտեսական համագործակցությունը դեռ զարգացման ճանապարհին է: Հեռավորությունը երկու երկրների միջեւ մեծ է, չկա օդային ուղիղ ճանապարհ: Փորձեցինք բացել օդային ուղիղ ճանապարհ, ավիաընկերությունների համար տնտեսապես անշահավետ էր: Սակայն թե՛ Ռումինիայի, թե՛ Հայաստանի իշխանությունները նպատակամետ են հարաբերությունները զարգացնելու, խոչընդոտներն այստեղ միայն առարկայական են:
- Ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայ համայնքը Ռումինիայում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
- Ռումինիան Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկիր է եւ տնտեսական սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Ռումինիայի իշխանությունները շատ զգույշ են եւ չեն ուզում բարկացնել թուրքերին: Եթե պետական մակարդակով ցեղասպանության ճանաչումը դեռեւս անլուծելի խնդիր է, ապա նույնը չեմ կարող ասել հասարակական կարծիքի մասին: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մամուլում լույս են տեսնում բազմաթիվ հոդվածներ, լրատվամիջոցներն ակտիվորեն մասնակցում են այդ օրն իրականացվող միջոցառումներին:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Բուխարեստ