Ընկերներիցս տեղեկացա, որ Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) ում բացվել է Մարտին Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը: Հանկարծ վերհիշեցի 1976-ին Նկարչի տանը բացված նկարչի առաջին անհատականը: Առաջինը դահլիճ մտնողին դիմավորում էր «Սայաթ-Նովա» կտավը: Ես տասնմեկ տարեկան էի, կախարդվածի պես էի դիտում Մարտինի «հեքիաթային» գործերը, որոնք բացահայտ կերպով տարբերվում էին իր սերնդակիցների գործերից: Հիշում եմ, նույնիսկ ուզում էի Մարտինի պես նկարել եւ երբ մեծերը հարցնում էին, թե ամենից շատ որ նկարչին եմ հավանում, ասում էի Մարտին Պետրոսյանին:
Վերջին տարիներին հատուկենտ գործեր էի տեսել իրենից եւ այն, ինչ տեսել էի, ինձ այնքան էլ հոգեհարազատ չէին: Եվ ահա, 30 տարի անցՙ Մարտին: Անհամբերությամբ, տեղեկանալուս հաջորդ օրն իսկ շտապեցի պատկերասրահ: Հետաքրքրական էր` վերջապես ի՞նչ գեղագիտական եզրահանգումների է եկել 70-ամյա նկարիչը, ինչպիսի՞ն է նրա ամբողջական նկարագիրը:
Դահլիճներից երկար ժամանակ դուրս չէի կարողանում գալ: Ցնցումը չափազանց խորն էր: Չէի կարծում, որ ինքս դավանելով որոշակիորեն տարբեր արվեստային չափանիշների, Մարտինը այդպես կապշեցնի: Տեսա արվեստագետ, որը հիմնային հարցեր էր առաջ քաշում արվեստի, հարաբերվելու, լինելու շուրջը: Մարտինը քննում էր ես-ը, նկարչի ես-ը, ի՞նչ ասել է ստեղծաբանել, ի՞նչ պահմտոցի է մարդու հետ խաղում գեղեցիկը: Նկարիչը խաղ էր անում քաղաքակրթությունների կողմից ստեղծված պատկերագրական, զգայական, գեղագիտական սահմանների վրա: Ամեն մի նոր աշխատանք վարկած է առաջ քաշում, թե ինչպես կարելի է այդ սահմանները տեղաշարժել, կապակցել, անձնականացնել:
Հանկարծ ինքս ինձ խոստովանեցի, որ Մարտինը ազդում է մոգականորեն, մի բան, որը այլեւս շատ հազվադեպ էի զգացել որեւէ պատկերի առջեւ: Զգացի, որ եթե ուզում եմ Մարտին ըմբռնել, ստիպված պիտի հրաժարվեմ կարծրացած աչքերիցս: Զարմանալիորեն իր պատկերները սարքված էինՙ չակնկալելով որեւէ արագ հիացմունք, դրանք միտված էին ջինջ աչքի եւ աննշան թրթիռներ արձանագրելու ունակ դիտողին: Մարտինի տարածքը խոնարհ էր դիտողի առջեւ, մաքրում էր դիտողին, պատվի արժանացնում: Նրան հաջողվում է եզակի դերակատարություն տալ արվեստ առարկային, ստեղծագործելու «ծես»-ին վերանայել, երբեմն նաեւ խախտել «չափ» հասկացողությունը: Միայն գործերի չափերի մասին չէ խոսքս, այլ նաեւ գույնի, խորհրդանիշների, դիտողի վրա ներազդելու «չափ»-ին: Հե՞շտ է արդյոք հասկանալ, թե ո՞վ է Մարտին Պետրոսյանը, ո՞ր քաղաքակրթության պտուղն է, ամենուրեք արծարծվող «Հայաստանի» տեսիլքը իր գործերում այլաբանական կամ երազային ո՞ր ոլորտներում է գտնվում:
Անդադար կրկնաբանելով կանացի ֆիգուրըՙ յուրաքանչյուր գործում նկարիչը հասնում է մի այնպիսի սեղմ ակնարկի, որը անշուշտ բնորոշում է արվեստագետի գեղարվեստական կեցվածքը: Մի կեցվածք, որը ի զորու է իր մեջ պարունակել ճապոնական նրբությունը, զվարճանախշը, Հովնաթանյան, հնդկուհու անծայր խաղաղությունը, նաեւ Կրանախ: Եվ այս ամենը նկարչի բարդ չափիչով յուրացված:
Մարտինի պարագան ուսումնասիրության լուրջ նյութ է նաեւ նրանց համար, ովքեր հետախուզում են «ազգայինը», «ավանդույթը», «գլոբալիզացիան» եւ դրանց սահմանները:
Ցուցահանդեսից խորապես տպավորվածՙ մի քանի թարմ ու կցկտուր միտք որոշեցի հանձնել թղթին: Ցնցված լինելով Մարտինովՙ ցնցվեցի նաեւ այն անփութությամբ, որով ՀԱՊ-ի տնօրենությունը վերաբերվել էր այս հեղինակին: Մարտինի ցուցահանդեսը ազդարարող ոչ մի պաստառ չկար պատկերասրահի շենքի ճակատին, ոչ մի պաստառ շենքի ներսում եւ նույնիսկ ոչինչՙ Մարտինի դահլիճների մուտքին: Հարց է առաջանում: ՀՊԱՊ-ի տնօրենությունը գիտակցում է, որ այս շենքը աշխարհում միակ «ինստիտուտն» է, որտեղ հայկական հին եւ նոր պատկերագրությունը հարաբերվում է համաշխարհային արվեստի հզորագույն ուժերին: Ներկա գտնվելով Ֆրանսիայում Հայաստանի օրերի միջոցառումներին, արդյո՞ք չնկատեցին, որ արվեստի հանդեպ հարգանքը ֆրանսիացու մոտ սկսվում է նախ եւ առաջ իր նկարիչներին հարգելուց եւ բարձրացնելուց:
Մարտին Պետրոսյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը իր հայրենիքում անցավ աննկատ, դատարկ դահլիճներով եւ «Մարտին Պետրոսյան» անունից զուրկ Ազգային պատկերասրահի միջանցքներով: Իրեն սակավաթիվ իմացողները եկան եւ տեսան լուրջ արվեստ: Փորձենք այս իրողությունը եւս գցել «ժամանակների» վրա եւ սպասենք եւս մի 1000 տարի, մինչեւ որ 3007-ին Լուվրից կվերադառնա Armenia Sacra-ն: Այդ ժամանակ մեր ընտանիքներով կվազենք պատկերասրահՙ դիտելու բարբարոս դարերի հաստ փոշու տակից մեզ վրա նայող Մարտինի հրաշքով փրկված կանացի ֆիգուրները:
ԱՐԱ ՀԱՅԹԱՅԱՆ
Խմբ. կողմից.- Զարմանալի է, որ ՀԱՊ-ը հրավեր չէր ուղարկել նույնիսկ մամուլին: Գոնե անվճար հայտարարություն տային ... մեր թերթին: