Նոյեմբերի 30-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի պրոֆեսիոնալ լիգայի գավաթի խաղարկությունը: Մրցասպարեզ դուրս կգան աշխարհի եւ Հայաստանի հավաքականները: Տեղի կունենա 5 ռաունդանոց 5 մենամարտ, որոնց կմասնակցեն աշխարհի չեմպիոնները: Ինչպես տեղեկացրեց դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, դա թվով 6-րդ խոշոր մրցաշարն է, որ անցկացվում է Երեւանում: Նրա հավաստմամբ, բավական դժվար է ուժեղագույն արտասահմանցի մարզիկներին Երեւան հրավիրելը, քանի որ նրանք տեղյակ չեն հայաստանյան պայմաններին: Հաղթողների համար նախատեսված են դրամական մրցանակներ, բացի այդ նրանք կպարգեւատրվեն գավաթներով: Այս մրցաշարը նաեւ միավորներ վաստակելու հնարավորություն կընձեռի մարզիկներին:
Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը տեղեկացրեց, որ այս տարի հայ կարատեիստները մեծ հաջողությամբ մասնակցել են միջազգային խոշոր մրցաշարերի: Մայիսին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում մեր մարզիկները նվաճել են 5 ոսկե, 2 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Այնուհետեւ մեր կարատեիստները մեծ վերելքով հանդես եկան Օդեսայում կայացած Եվրոպայի առաջնությունում եւ տուն վերադարձան մեդալների հարուստ ավարով: Իսկ նոյեմբերի 11-ին անցկացված Հայաստանի բաց առաջնությանը մասնակցում էին նաեւ ԱՄՆ-ից ժամանած մարզիկներ:
Մարզաձեւի ֆեդերացիան Հայաստանում կազմավորվել է 1995-ին: 1998-ից միջազգային ֆեդերացիայի անդամ է, որի կազմում ընդգրկված են 35 երկրներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ