«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2007-11-24 | #218, 2007-11-27 | #219, 2007-11-28


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ՈՒՆԵՆԱ

Նշում են թուրքական լրատվամիջոցները

Ֆուտբոլի աշխարհի 2010-ի առաջնության ընտրական մրցաշարի միեւնույն խմբում Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների ընդգրկումը լայն արձագանք է գտել հարեւան երկրում: Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են այդ հարցին:

2010-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միեւնույն խմբում հայտնվելը Թուրքիայի համար երկու երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից գնահատվել է որպես «փոքրիկ հույս»: Հայաստանով հետաքրքրվող տարբեր շրջանակներ նշել են, որ ի վերջո սա ֆուտբոլի մրցաշար է եւ ճիշտ չի լինի այն խառնել քաղաքականության հետ: Ինչ վերաբերում է Թուրքիայի հավաքականի հետ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին, ապա դա հետեւյալ գնահատականներին է արժանացել: Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է. «Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է: Մեր մեջ միայն դիվանագիտական հարաբերություններն են բացակայում, որոնք ոչ պաշտոնական ձեւով հաստատվում են Վրաստանի միջոցով: Թուրքիան ՖԻՖԱ-ի լուրջ եւ ծանրակշիռ անդամներից է, ուստի միջազգային այսպիսի միջոցառմանը մասնակցելու համար հայ ֆուտբոլիստները Թուրքիա մուտքի թույլտվության որեւէ խնդիր չեն ունենա: Այդ հարցը հեշտությամբ կլուծվի»:

Թուրքական պատմական ընկերության նախագահ Հալաչօղլուն ընդգծել է. «Սպորտը պետք է զերծ մնա քաղաքականությունից: Չպետք է այն տպավորությունը ստեղծել, թե Հայաստանի հետ ֆուտբոլային մրցախաղեր անցկացնելու համար Թուրքիան կբացի սահմանը կամ երկու երկրների հարաբերություններում դա նոր շրջանի սկիզբը կլինի: Ժողովուրդները միմյանց հետ որեւէ խնդիր չունեն: Խնդիրը Թուրքիայի նկատմամբ հայաստանյան վարչակարգի անհասկանալի դիրքորոշմամբ է պայմանավորված»:

Ինտերնետային կայքէջերում նշվում է, որ պետական գործիչներին չհաջողվեց հասնել հարեւան երկու երկրների հաշտեցմանը, բայց ճակատագիրը հաճելի անակնկալ մատուցեց, որի շնորհիվ կանաչ խաղադաշտում ազգային երկու հավաքականներ են մրցելու: Հույս է հայտնվում, որ երկու խաղերում, թե՛ Հայաստանի եւ թե՛ Թուրքիայի ժողովուրդները կդրսեւորեն իրենց հյուրընկալությունը: Այս ամենի մասին նշվել է թուրքական կենտրոնական «Հյուրիեթ» թերթի երեկվա համարում: Այդ թերթն ավելի քան 1 մլն տպաքանակ ունի Թուրքիայում, իսկ Արեւմուտքում այն հասնում է 250 հազարի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4