ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ
ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարական խորհրդի մեկնարկին նախորդած օրը` նոյեմբերի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների հետ Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ ճաշին քննարկվել են նախարարական խորհրդին, ընդունելիք դեկլարացիայում հակամարտությունների կարգավորման ներկա վիճակին առնչվող դրույթներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում դեռեւս չհամաձայնեցված հարցեր:
Մամեդյարովը ձայնակցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմի «փողին»
Երեկ ԵԱՀԿ ՄԽ, Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի մասնակցությամբ հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ տեղի է ունեցել արդեն երեքուկես տարի քննարկվող հիմնարար սկզբունքների ֆորմալացում: Ըստ Մամեդյարովի, ՄԽ-ն ներկայացրել է քննարկված գաղափարի փաստաթուղթը: Ընդ որում, «այդ քննարկված գաղափարների մի մասն արդեն համաձայնեցված է ու կարելի է ընդունել, եւ արդեն բազմիցս ասվել է, որ սկզբունքների մի մասն էլ համաձայնեցված չէ: Կան մի քանի սկզբունքային հարցեր, որոնցում մենք պետք է շփման կետ գտնենք»:
«Ազգի» հարցին, թե քանիսն են դրանք, Մամեդյարովը պատասխանեց, թե ադրբեջանական մոտեցմամբ, «երկու սկզբունքային հարցեր, ես կասեիՙ անգամ մեկ»: «Ազգի» հարցին, թե արդյոք խոսքը Ղարաբաղի կարգավիճակի՞ն է վերաբերում, Մամեդյարովը պատասխանեց. «Որպեսզի դուք իմանաք, ասեմ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը որպես այդպիսին չի քննարկվում: Պետք է լուծում գտնենք ու բանակցային սեղանը մաքրենք խնդիրներից, որոնք խանգարում են մոտենալ լուծմանը: Դա առաջին հերթին հողերի օկուպացիան է, տեղահանվածներ, հաղորդակցության, անվտանգության խնդիրներ եւ այլն»:
Իսկ ընդհանուր առմամբ, ղարաբաղյան խնդրին Ադրբեջանի դիրքորոշումները մնացել են «մոտավորապես այնպիսին, ինչպիսին եղել են, որ Ղարաբաղի բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներ են, Ադրբեջանի մաս, մինչեւ 1988 թվականը Ղարաբաղում ապրած Ադրբեջանի ադրբեջանական ծագմամբ քաղաքացիները պետք է վերադառնան, առանց որոնց կարգավիճակի հարցի լուծումը միջազգային իրավունքի տեսանկյունից անհնար է»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի` պատերազմը վերսկսելու վերջին հայտարարության առնչությամբ Մամեդյարովը նշեց. «Պաշտպանության նախարարը դրա համար էլ պաշտպանության նախարար է, որ նման հայտարարություն է արել, քանի որ նա պատասխանատու է նաեւ օկուպացված տարածքների համար: Ես կարծում եմ, որ քանի դեռ շարունակվում է առկա վիճակը, դա ֆոն է ստեղծում, երբ հայտնվում են եւ, բնականաբար, կան մարդիկ, որ հայտարարում են, թե եթե չենք կարողանում համաձայնել խաղաղ ճանապարհով օկուպացված տարածքներն ազատելու համար, ուրեմն պետք է լուծել ռազմական ճանապարհով»:
«Ազգի» դիտարկմանը, թե համանախագահներ Մեթյու Բրայզան եւ Բեռնար Ֆասիեն հույս են հայտնել մինչեւ հունվար որոշակի պատասխան, անգամ համաձայնություն ստանալ կողմերից Մադրիդում հանդիպման ժամանակ ներկայացված ձեւակերպումների առնչությամբ, Մամեդյարովը հայտարարեց. «Սատանան մանրամասներում է. պետք է ուշադիր ուսումնասիրել այդ մանրամասները: Ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ շատ ավելի ժամանակ կպահանջվի, իր հերթին, հայկական կողմին համոզելու, որ դա Հայաստանի շահերից է բխում: Ես միշտ տպավորություն եմ ունենում, թե բոլոր այն կետերում, որտեղ մենք տեղապտույտ ենք ունենում, հետո ստիպված ենք լինում ավելի շատ ջանք ներդնել հայկական կողմին համոզելու, որ դա իրենց ազգային շահն է»: «Եթե հայեցակարգային մոտեցում ցուցաբերենք, ապա մենք հարեւաններ ենք, ոչ մեկը հողը չի կարող վերցնել, փախչել կամ պատ կառուցել: Պետք է գտնենք հարաբերությունների ուրվագծեր», նշեց Մամեդյարովը:
Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում: Թե որքան ժողովրդավարական են անցնելու այդ ընտրություններըՙ «Ազգի» հարցին Մամեդյարովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը չի քննարկվում եւ, իհարկե, ընտրությունները կանցնեն բացարձակապես ժողովրդավարական, ինչպես ասում են անգլերեն` free and fair (ազատ եւ արդար)»: Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղին «ինքնավարություն» տրամադրելու պատրաստակամության ադրբեջանական հայտարարությունները` «Ազգի» լրացմանը, թե free and fair-ն արդյոք Ադրբեջանում զուգակցվո՞ւմ է լրագրողների ձերբակալություններով, հացադուլներով, արտգործնախարարը նշեց, թե «ձերբակալված լրագրողներից ոչ մեկը չի հայտնվել ներկա վիճակում մասնագիտական գործունեության պատճառով»: «Եվ հավատացեք, որ լրագրողական եւ մամուլի ազատության մակարդակը Ադրբեջանում ոչնչով վատ չէ Հայաստանից: Եթե մենք խոսենք Ա1+-ի, «Նոյյան տապանի» փակ լինելու մասին, չեմ անցկացնում զուգահեռներ, բայց ամեն երկիր ունի զարգացման իր մակարդակը, այդ դեպքում ոչ մեկին խորհուրդ չեմ տա զուգահեռներ անցկացնել»:
Պատերազմի կոչերը վտանգավոր են հենց ադրբեջանցիների համար
Նույն հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Մամեդյարովի հայտարարությունների առնչությամբ «Ազգի» հարցին ի պատասխան նշեց, որ անկախ ռազմատենչ հայտարարություն անողից` դրանք օգտակար չեն, խանգարում են գործընթացին, ժողովրդի մեջ տարբեր տրամադրություններ են ստեղծում, փոխզիջման հնարավորությունն ավելի նվազ է դառնում:
«Իսկ ամենավտանգավորը հենց ադրբեջանցիների համար է, իրենց ժողովրդին ինչ-որ հույսեր են ներշնչում», ասաց Օսկանյանը, ավելացնելով, որ բանակցային գործընթացի առումով նոյեմբերի քսանիննի հանդիպման մակարդակն ավելի բարձր էր` համանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ: «Սա վկայություն է, որ նրանք դեռեւս հույսեր կապում են բանակցային գործընթացի հետ եւ գտնում են, որ սեղանի վրա եղած փաստաթուղթը միակ ճանապարհն է հասնելու հարցի կարգավորմանը»:
Փաստաթղթում դեռեւս կան չհամաձայնեցված հարցեր: «Եվ այսօրվա հանդիպման հիմնական միտումն էր չհամաձայնեցված հարցերի շուրջը նման բարձր մակարդակով ներկայացնել արդեն համանախագահող երկրների տեսակետները կողմերի քննարկման համար: «Ներկայացվել է նույն փաստաթուղթը, որ սեղանին է, դրա թարմացված տարբերակն է` չհամաձայնեցված հարցերի առումով, այսօր համանախագահողները տվել են կողմերին այն, ինչ իրենք են պատկերացնում չհամաձայնեցված հարցերի կապակցությամբ»:
ԼՂ կարգավիճակի հարցը չքննարկելու Մամեդյարովի հայտարարության առումով Օսկանյանը նշեց, որ կարգավիճակը առանցքային հարցերից մեկն է եւ կա ընդհանուր համաձայնություն, որ պետք է թույլ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշվելու: «Եթե Մամեդյարովը նկատի ունի, որ չի քննարկվում, որովհետեւ այնտեղ խնդիր չկա, բոլորը համաձայն են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշվի, ուրեմն հարցն այդ իմաստով լուծված է: Ես կարող եմ ասել, որ կան չհամաձայնեցված հարցեր, որոնց քննարկումները շարունակվում են, դրանք այսօր ավելի կոնկրետ դարձան, սպասենք, տեսնենք, ինչ կլինեն կողմերի պատասխանները»:
Հայաստանի ԱԳ նախարար Օսկանյանի կարծիքով, ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ընդհանուր դեկլարացիայի ընդունումը կասկածելի է: «Կան դեռ բազմաթիվ հարցեր, որոնց շուրջը համաձայնություն չկա` կապված հակամարտությունների, սպառազինության պայմանագրի եւ այլ հարցերի հետ: Բայց եթե լինի դեկլարացիա, այնտեղ կլինի Ղարաբաղի մասին համաձայնեցված պարբերություն, որի առումով մեծ հաշվով համաձայնության եկել ենք, մի քանի փոքր հարցեր մնում են, բայց կարծում եմ` կկարողանանք համաձայնության գալ»:
«Պետք է ամեն ինչ անել հասնելու հարցի կարգավորմանը` հաշվի առնելով այսօր հետաքրքրական, հավասարակշռված փաստաթուղթը: Չհամաձայնեցված հարցերը շատ չեն, բայց ասելՙ մեկ-երկուսն է, սխալ է: Սկզբունքը մեկն է. մինչեւ բոլոր հարցերի շուրջը համաձայնություն չլինի, չենք կարող ասել, որ որեւէ հարցի շուրջը եղել է համաձայնություն: Սա ԵԱՀԿ սկզբունքն է, որը մենք կիրառում ենք նաեւ մեր բանակցություններում», նշեց Օսկանյանը:
Համանախագահներ Բրայզան ու Ֆասիեն մնում են «ժպտադեմ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, իր հերթին, նշեց, որ հանդիպումը հնարավորություն էր երկու կողմերին փոխանցելու համանախագահների լավագույն փոխզիջումային առաջարկը հիմնարար սկզբունքների մասին: Ըստ Բրայզայի, ներկայումս համանախագահներն անում են լավագույնը փոխզիջումային ձեւակերպումներ առաջարկելու համար: Բրայզան հույս հայտնեց, թե ներկայացվածին համաձայնություն կտան մինչեւ ընտրությունները:
«Ազգը» հետաքրքրվեց, թե արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես կգա՞ն հայտարարությամբ: Բրայզան նշեց, թե ներկա դրությամբ ավելի հավանական է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ նշում կարվի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդում պատրաստվող դեկլարացիայում:
Պաշտպանության ադրբեջանցի նախարարի ռազմատենչության առնչությամբ «Ազգի» հարցին ամերիկացի համանախագահը պատասխանեց. «Համանախագահող երեք երկրները մեծապես վստահ են, որ այս երկրների համար որեւէ ռազմական լուծում չկա: Բանակցությունները միակ հնարավորությունն են»: Իսկ որ նման ռազմատենչ հայտարարությունները վնասում են բանակցային գործընթացին, Բրայզան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ գործընթաց է, որում պատերազմը տեղ չունի:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ հայտարարեց, որ նոր առաջարկություն չի արվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, այլ հանձնվել է հիմնարար սկզբունքների ամբողջական ներկայացումը: «Սկզբունքների մեծ մասը կողմերն արդեն ընդունել են որպես արդար եւ հավասար հիմք: Սկզբունքների մի մասը դեռ մնում են որպես դժվար հարցեր»:
Ֆրանսիացի համանախագահի վկայությամբ, իրենք շարունակում են բանակցությունների գործընթացի միջնորդությունը, հաճախակի լինում են Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում, հանդիպում նախարարների ու նախագահների հետ` փորձելով նեղացնել բացը չհամաձայնեցված հարցերում: Ընդ որում, դրանք անհնար փոփոխություններ չեն, այլ արդար առաջարկ նախագահներին` քննարկելու համար:
Տարվա վերջին կամ հունվարի կեսերին համանախագահները կրկին կլինեն տարածաշրջանում` «նախագահներին հարցնելու նրանց արձագանքը, թե ինչն է այս անգամ ընդունելի կամ էլ ինչ նոր գաղափարներ են առաջացել դրանց հիման վրա»: Ֆասիեն կրկին անգամ հիշեցրեց տուն կառուցելու համեմատությունը: «Մենք հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս կողմերին վերջացնել հիմքի կառուցումը եւ ընդհանրական կառուցված այդ հիմքով սկսել մշակել խաղաղ կարգավորումը»:
Նախարարական խորհուրդն ու երկկողմ հանդիպումները
ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհուրդը, ըստ Օսկանյանի, շատ կարեւոր հանդիպում է, քանի որ ԵԱՀԿ օրակարգում են տարբեր հարցեր. Կոսովո, սպառազինությունների հարց, Եվրոպայում բարեփոխումներ, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյին առնչվող հարցեր եւ այլն: Երեկ տեղի ունեցան Վարդան Օսկանյանի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսի, Ղազախստանի, Իսլանդիայի արտգործնախարարների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ: Նախարարական խորհրդում ելույթ ունեցավ նաեւ Վարդան Օսկանյանը: Այսօր Օսկանյանը կհանդիպի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի, Շվեյցարիայի եւ Ռումինիայի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ Մարդու իրավունքների բյուրոյի ներկայացուցչի հետ: Հայաստանի ԱԳ նախարարին կընդունի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը:
Ինչ վերաբերում է նախարարական խորհրդի մոտեցմանը Հայաստանին, ապա Օսկանյանը նշեց, որ բոլորի ուշադրությունը նախագահական սպասվող ընտրություններինն է: «Նաեւ Ղարաբաղի հարցը, Եվրոպայում սովորական սպառազինության հարցը, որն, ի դեպ, վտանգվելու դեպքում կարող է լուրջ խնդիրներ հարուցել մեր ազգային անվտանգության համար, քանի որ միակ համակարգն է, որ թափանցիկություն է ապահովում տարածաշրջանում, քիչ թե շատ մեզ հնարավորություն է տալիս մեր բողոքը հայտնելու եւ առաքելություն պահանջելու, երբ խախտվում են սահմանափակումները Ադրբեջանում: Հայաստանի երկկողմ հանդիպումները կենտրոնանում են ԵԱՀԿ բարեփոխումների վրա, սպառազինությունների խնդիր, ԼՂ հարց, նախագահական ընտրություններ եւ այլն», նշեց Վարդան Օսկանյանը: