29-30 նոյեմբերի, 2007թ., Մադրիդ
Պարոն նախագահ,
հարգելի գործընկերներ,
Քանի որ արդեն օրն իր հանգրվանին է մոտենում, թույլ տվեք մի քանի հարցի անդրադառնալ: Մեկը` ԵԱՀԿ բարեփոխումներն են: Երկրորդը` ԵՍԶՈՒ-ն, երրորդ` մի քիչ Հայաստանի եւ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Թեեւ կազմակերպությունն իր սկզբնավորման օրվանից զարգանում է, մենք իսկապես փոխվել ենք այս վերջին կես տասնամյակի ընթացքում: Այս փոփոխություններից մի քանիսը կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, թվում է թե երբեմն ծանրաբեռնում են կազմակերպության օղակները եւ անգամ խախտում այն նուրբ հավասարակշռությունը, որ գոյություն ունի այն գաղափարի տարբեր բաղադրիչների միջեւ, որը մենք դեռեւս ճիշտ ենք համարում, այն է` անվտանգությունն անբաժանելի է:
ԵԱՀԿ երեք հարթությունները մեզանից յուրաքանչյուրին հենարան են տվել: Այսօր մեր երեք հիմնասյուների հավասարակշռությունը սկսել է խաթարվել խաչաձեւվող առաջնայնությունների ու շահերի կենտրոնախույս ազդեցության հետեւանքով: Տհաճ շեղում է արձանագրվել հավասարակշռության մեջ:
Սա է պատճառը, թե ինչու Հայաստանը չի մտածում, որ բարեփոխումը տաբու պետք է լինի, կամ որ բարեփոխումների գործընթացն ապարդյուն է: Ոչ մի խոշոր, համալիր կազմակերպություն, լինի դա մասնավոր, թե հանրային, չի կարող իր կարեւորությունն ապահովել եւ բարելավել գործունեությունը պարզապես ենթադրելով, թե ամեն բան կարգին է: ԵԱՀԿ-ում մեր ամենամեծ մարտահրավերն այն պատվիրակությունների փորձի փոփոխությունն է, որոնք կարծում են, թե խաղի պայմաններն անհավասար են: Կոնսենսուսի վրա հենվող կազմակերպությունը ենթադրաբար դավանում է հավասար պայմանների ապահովմանը: Սա հավասար լինելու կամ զգալու մասին չէ, այլ մեր շահերը պաշտպանելու հավասար իրավունք ունենալու:
Քանի որ այս անհավասարությունն ավելի ակնհայտ ու խնդրահարույց է դառնում հաստատությունների ու առաքելությունների հարթության վրա, հավատալով ԺՀՄԻԳ-ի արդյունավետության եւ անկախության աստիճանի բարձրացմանը, մենք փորձեցինք ԺՀՄԻԳ-ում հասնել ավելի մեծ անկողմնակալության, թափանցելիության, ընտրովի վերաբերմունքի բացակայության եւ տարածաշրջանների հանդեպ միատեսակ վերաբերմունքի, հատկապես` ընտրություններին առնչվող վերջինիս գործունեության մեջ:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ առաքելություններին, Հայաստանն արդեն իսկ բարձրացրել է այս հարցը` ապավինելով նաեւ Երեւանյան գրասենյակի շատ լավ, արդյունավետ ու համագործակցային գործունեությանը: Բայց մենք հավատացած ենք, որ մինչ նրանց թիվը, մանդատը եւ գործողություններն ավելանում են, առաքելությունների ամբողջական համակարգում ճշգրտումների կարիք է առաջանում` նախընտրելի ուղիների ու երբեմն թվացյալ մշտական կախվածության զգացողությունը նվազեցնելու համար: Յուրաքանչյուր առաքելության օգուտը այն կլինի, որ իր աշխատանքի ավարտին այն ավելորդ դառնա: Այս պատճառով է, որ մենք շեշտում ենք կարողությունների հզորացումը` որպես Երեւանյան գրասենյակի հաջորդ առաջնայնություն:
Պարոն նախագահ,
Խոսելով այս կազմակերպության առաջնայնությունների մասին որպես ամբողջություն` ես պետք է անդրադառնամ ԵՍԶՈՒ-ին` մի հիմնարար խնդրի, որը տարածաշրջանի ռազմական-ռազմավարական անվտանգության կառույցում կարեւոր դեր է խաղում: Այսօր այն վտանգված է: Մենք անդամ երկիր ենք եւ ուժի մեջ մտած ու լիովին կիրառվող պայմանագրի արդյունավետ կիրառությունը կենսական է մեր ազգային անվտանգության համար: Անկեղծորեն, մենք խորապես մտահոգված ենք հարեւան Ադրբեջանի կողմից բացահայտորեն ու ամբարտավան կերպով պայմանագրով սահմանափակված զինատեսակները զգալիորեն գերազանցելու հանգամանքով: Այս առումով է, որ ԵՍԶՈւ-ի ու վերափոխված հաջորդող փաստաթղթի աշխուժացումը կենսական է բոլոր անդամ պետությունների համար:
Պարոն նախագահ,
Թվում է, թե մեր ողջ տարածաշրջանն ընտրությունների է պատրաստվում: Հայաստանում մենք մայիսին ավարտեցինք խորհրդարանական ընտրությունները եւ արժանացանք միջազգային հանրության բավականին լավ գնահատականին: Մեր կառավարությունը նպատակ ունի պահպանելու այս ձեռքբերումը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը սոցիալապես ու տնտեսապես նոր երկիր է, եւ որտեղ մենք ականատես ենք հույսի ու լավատեսության վերադարձին:
Պարոն նախագահ,
Վերջապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:
Մի կողմից, նախագահների ու արտաքին գործերի նախարարների պարբերական հանդիպումների միջոցով մենք ստացել ենք մի աշխատանքային փաստաթուղթ, որը հիմք կարող է ծառայել նախնական համաձայնության համար: Այսօր մենք հանդիպել ենք համանախագահ երկրների ամենաբարձր աստիճանի դիվանագետների հետ, որոնց հիմնական ուղերձը եղել է ոչ միայն պահպանել ձեռքբերվածը, այլ շարժվել առաջ: Մենք հասկանում եւ գնահատում ենք նրանց հատուկ ուշադրությունն ու գրանցված առաջընթացի ընդունումը:
Այս փաստաթուղթն անդրադառնում է հիմնական խնդրին` ինքնորոշման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, ինչպես նաեւ փախստականների ու տարածքների խնդրին, որոնք ծագել են այդ ինքնորոշման պայքարի արդյունքում:
Ցավոք, բանակցային գործընթացից դուրս այլ` հակասող ու հուսալքող իրականություն է: Նախ, Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակներից պատերազմական կոչեր են հնչում, երկրորդը` Բաքվի կողմից կանոնավոր, կազմակերպված ատելության քարոզչությունը սարսափեցնող աստիճանի է հասել հենց Ադրբեջանի ներսում: Երրորդը, Ադրբեջանի կողմից հակամարտության ու նրա տարածաշրջանի մոնիտորինգն իրականացնող միջազգային ներկայացուցիչներին կամայական խոչընդոտների հարուցումը սպառնում է խաթարել այն նուրբ հավասարակշռությունը, որ մենք պահպանել ենք: Չորրորդը, Ադրբեջանն իր գործն առաջ տանելու համար այլ միջազգային ատյանների ակտիվ ու ագրեսիվ փնտրտուքը հակասում է փոխզիջման գնալու նրանց պատասխանատվությունը:
Որքանով էլ մենք լիահույս ենք, որ բանակցային կարգավորումը հնարավոր է, այս թշնամական մթնոլորտը մտահոգում է մեզ: Հայերը հավատացած են, որ մեր տարածաշրջանում նոր պատերազմներ չեն լինի: Ես սա գիտեմ, որովհետեւ մենք այն չենք սկսի, եւ նրանք գիտեն, որ չեն հաղթի: Այս հակամարտության համար ռազմական լուծում չկա: Միակը փոխզիջման վրա հիմնված լուծումն է, եւ այս առումով, փաստաթուղթը յուրաքանչյուր կողմի մաքսիմալիստական ցանկությունը եւ փոխարենը կենտրոնանում խելամիտ, հարգված, ընդունելի լուծման վրա, որը հնարավոր կլինի բացատրել հասարակ մարդուն: Եվ դա հնարավոր կդարձնի սովորական մարդկանց համար ժամանակի ընթացքում ու քաղաքական սահմանների վրայով կրկին կապ հաստատել մի տարածքում, որը կիսված է պատերազմի ու ատելության հետեւանքով: Որպեսզի դա իրականանա, յուրահատուկ մարդիկ, նրանք, որոնց առաջնորդելու ուժն է շնորհված, պետք է հեռատեսություն դրսեւորեն ու վստահություն ներշնչեն, վերստեղծեն կովկասյան տարածքը եւ իրենց ներդրումը բերեն տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը:
Այս համատեքստում եւ որպես այս ընդգրկուն եվրոպական կազմակերպության անդամներ` մենք նախանձով ենք նայում Եվրոպայի երկրներին, որոնք բոլորը, անգամ նրանք, որ խորքային ցնցումներ են ապրել համաշխարհային կարգերի փոփոխման արդյունքում, միջոց են գտել խնդիրները օրակարգ մտցնել` առանց թույլ տալու, որ դրանց վիժեցնեն օրակարգը: Գուցե մենք Կովկասում կլինենք հաջորդը, որ տարածաշրջանային խնդիրների լուծման համար այսպիսի եվրոպական մոտեցում կորդեգրենք:
Պարոն նախագահ,
Մինչ մենք պատրաստվում ենք ողջունել Ֆինլանդիային եւ հուսով ենք` հետո նաեւ Ղազախստանին, գուցե ես կարող եմ ասել անասելին. այս կազմակերպության տարեկան հանդիպումները երբեք պարզապես ձեւական հավաքներ չեն եղել, եւ դա ավելի քան ճիշտ է այսօր: Նման դեպքերում է, երբ օրը 6-7 լուր է ստացվում ԵԱՀԿ տարածաշրջանում լուրջ լարվածության մասին, մենք շնորհակալ ենք, որ այս ատյանը կա, եւ կարող ենք հանձնառություն ստանձնել` շարունակելու աշխատանքը դրա վերափոխման ուղղությամբ` բավարարելու մեր շարունակաբար աճող պահանջները:
Շնորհակալություն: