«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2007-11-28 | #220, 2007-11-29 | #221, 2007-11-30


«ԵՍ ԻՄ ՏԱՆ ՄԵՋ ԹԱԳԱՎՈՐ ԵՄ, ԻՄ ԱՄԵՆ ՄԻ ՀՐԱՄԱՆ ԲՈԼՈՐԻ ՍՐՏՈՎ Է»

Հակոբկոխյանի մեդալներն ութ միլիոն արժեցան

Երեկ «Ազդակ» ակումբ հրավիրված բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը դժգոհություն հայտնեց հեռուստաընկերություններից իրեն հարցազրույցների չհրավիրելու համար: Բանն այն է, որ Իսրայելը, ինչպես վերջինս խնդրեց իրեն կոչել, հայտարարություններ ունի անելու: Նախ, ընտրություններին իր թեկնածությունը դնելու համար չունի պահանջվող ութ միլիոն դրամը, եւ այս ամենի համար պատրաստ է վաճառել իր վաստակած բոլոր մեդալները: Իսկ թե ինչպես է քաղաքականությամբ հետաքրքրվող չեմպիոնը պատրաստվում պայքարի մեջ մտնել տարբեր քաղաքական ուժերի հետ, վերջինս պատասխանեց.

«Կարո՞ղ է ձեզանից ինչ-որ մեկն ասել, թե ինչ է քաղաքականությունը, ես էլ կասեմՙ նոր եմ մտել, թե՞ ոչ: 90-ականներին երկրում կատարվող իրադարձությունները ուղիղ եթերում ես իմ կարծիքն եմ արտահայտել` մեջբերելով ՀՀՇ-ի վերաբերյալ իմ խոսքը` հավայի հաչող շներ: Սակայն չեմ ուզում դրան անդրադառնալ: Ուզում եմ իմանալՙ քաղաքականությունը արհե՞ստ է, արվե՞ստ է, թե՞ ուտելու բան»:

Իսկ թե չի՞ ափսոսում Հակոբկոխյանը իր քրտինքով վաստակած մեդալները վաճառել թեկնածությունը դնելու համար, ասաց. «Բոլորս ապրում եւ անում ենք ամեն ինչ հանուն մեր երեխաների: Եթե պարկերով միլիարդներ ունենաս ու ափսոսես օգտագործել, ո՞ւմ է պետք այդ հարստությունը: Եթե իմ արյուն-քրտինքով վաստակած մեդալները պետք է դնեմ մի տեղ ու չկարողանամ իմ երեխաներին ապագա ստեղծել, ինչո՞ւ պետք է հայ կոչվեմ: Մարդիկ կան, որ ասում ենՙ դու Սովետական Միության բռնցքամարտիկ ես, դու հայ ազգի համար չես այդ մեդալները բերել: Դրա համար էլ կարելի է դիմել նաեւ Պուտինին` քանի որ այսօր Ռուսաստանն է նախկին Սովետական Միության երկրների լավի ու վատի պատասխանատուն»:

Իսրայելն անդրադարձավ նաեւ այսօրվա իրական վիճակին` հավելելով, որ իրեն ստիպում են ականջներով տեսնել, աչքերով էլ լսել: Եվ խոսում են տնտեսական աճի մասին. «Ես տեսնում եմ աճ միայն մարմնավաճառության եւ հոգեվաճառության բնագավառում: Եթե մի ժամանակ մարմնավաճառ լինելը ամոթ բան էր, այսօր պատվաբեր է դարձել: Այսօր մարմինը վաճառելով շատ լավ սնվում են, շրջապատված են «լավ» մարդկանցով: Մտածում ենՙ միգուցե դա է ճիշտը: Աշխատավարձերը բարձրացնելով գցում են դոլարի գինը: Եթե ասում ենՙ աշխատատեղեր են բացել` դրանք միայն ճորտատեղեր են, մենք էլ ճորտեր»:

Պարզվում է, որ Իսրայելն իր տան մեջ թագավոր է` իր ամեն մի հրաման հաշվի է առնվում ու բոլորի սրտով է: Իսկ թե նույն տրամաբանությամբ ու հոգեբանությա՞մբ է պատրաստվում նախագահ դառնալ` փորձեց պատասխանն այսպես ձեւակերպել.

«Իշխանավորները մեզ համոզում են, որ գալիս են ծառայելու, բայց գալիս, մեզ են ծառայեցնում: Տղամարդու խոսքը բերանից է գալիս, ոչ թե մարմնի այլ մասերից»:

Նախագահի թեկնածություն առաջադրող նախկին բռնցքամարտիկը ներկայացրեց իր մոտեցումները Ղարաբաղի հարցի վերաբերյալ. «Ղարաբաղը պետք է լինի մեկ մարզ, օրենսդրորեն մարզպետ պետք է լինի ընտրությունների ձեւով: Իմ հարցերի հարցն այն է, որ հայ ազգը պետք է ունենա մեկ հայրենիք»;

Իսկ թե ինչ վերաբերմունք ունի նախկին եւ գործող իշխանությունների նկատմամբՙ Հակոբկոխյանը երկար մտորելով ասաց. «Գիտեք, ընկածին չեն խփում: Ներկաներից եթե գոհ լինեի, ինձ չեի առաջադրի: Շատ մեծ ուղեղի տեր մարդ է Սերժ Ազատի Սարգսյանը, շատ էլ լավ մարդկանց հետ շփվել գիտի: Բայց իր գործով նա չի բավարարում, դրա համար էլ ուզում եմ առաջադրվել: Ինչպես կարող է մի նախարար տեղափոխվել մեկ այլ բնագավառ ու լավ աշխատել: Ներկա կադրային քաղաքականությունը լավ չէ»;

Վերջում բռնցքամարտիկ Հակոբկոխյանը հոտնկայս արեց իր հայտարարությունն ուղղված ՀՀ նախագահին. «Նամակ ամենայն հայոց թագավորին: Մեծարգո, հարգարժան, ամենայն հայոց թագավոր Ռոբերտ Քոչարյան: Խնդրում եմ Ձեզ ինձ աջակցեք իմ արյուն-քրտինքով վաստակած մեդալները դնել գրավ Կենտրոնական բանկում: Ձեր օգնությունը կկայանա նրանում, որ պայմանները լինեն այնպիսին, ինչպիսին որ մեր երկրին վարկ են տալիս մյուս պետությունները 0,01 տոկոսադրույքով` մեկ տարի ժամկետով: Գրավի դիմաց պատրաստ եմ դնել ոչ թե մեկ, այլ իմ վաստակած բոլոր մեդալները, որի դիմաց տան ինձ ութ միլիոն դրամ, որպեսզի ես կարողանամ մասնակցել նախագահական ընտրություններին: Չընտրվելու դեպքում խոստանում եմ մեկ տարվա ընթացքում այդ գրավը վերադարձնել»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4