«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2007-11-28 | #220, 2007-11-29 | #221, 2007-11-30


ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՙ ՉԱՓԱՎՈՐ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՆՅԱՐԴԵՐԸ ԽՆԱՅՈՂ ԳՈՎԱԶԴԻ

Դեռահասության շրջանում շատերն են փորձում կրել մոր բարձրակրունկ կոշիկները կամ հոր գոտին, ու ոչինչ, որ դրանք չափսի, ոճի անհամապատասխանություն ունեն, փոխարենը կա հաճելի ինքնախաբկանքը, թե իրենք հասունացել ու նկատելի լինելու այլ ոլորտներ են տեղափոխվել:

Նմանատիպ ինքնախաբկանք կա նաեւ հայաստանյան գովազդային շուկայում, որտեղ գովազդատուն առաջնորդվում է «որքան շատ ու հաճախ, այնքան լավ» սկզբունքով, բայց ոչ ասելիքի հասցեագրման ճշգրտությամբ: Եվ գովազդատուն ջանքեր չի խնայում սեփական արտադրատեսակի կամ ծառայության գովազդը տեղադրելու հենց PRIME TIME-ում, առանց հաշվի առնելու, որ, ասենք, լվացքի փոշու կամ սպասքի լվացման նյութերի տեսակով հետաքրքրվողն այդ ժամին չէ, որ նաեւ հեռուստադիտող է: Հետեւաբար, այդ սկզբունքով PRIME TIME-ում գովազդ տեղադրելը լավագույն դեպքում դատարկ կրակոց է, իսկ ավելի ճիշտ` հակառակ ազդեցության հիմք, ինչը, վստահաբար, շահեկան չէ գովազդատուի համար, ավելինՙ ֆինանսական կորուստ է պատճառում: Մինչդեռ գովազդի շուկայում խելամիտ վարվելու, ֆինանսական կորուստներից խուսափելու եւ շահույթն ավելացնելու հնարավորություն կա, անգամ կա այդ հարցում պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կազմակերպություն Հայաստանում, անվանումն էլՙ «TV MR AM» ընկերություն: Միջազգային «AGB Nielsen MR» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Որպես հեռուստա եւ ռադիոեթերների գովազդաշատությունից հոգնած հայաստանաբնակՙ փորձեցինք «TV MR AM»-ի գործադիր տնօրեն Խորեն Բեգլարյանից պարզել, թե ո՞ւմ հետ եւ ինչպե՞ս է աշխատում ընկերությունը:

- Ո՞րն է ձեր ղեկավարած ընկերության գործունեության նպատակը:

- Ամերիկացի մի գործարարՙ Ջոն Վանդերմեյկերը մի հակիրճ ու դիպուկ խոսք է ասել. «Լավ գիտեմ, որ իմ գովազդային գումարների կեսը զուր է ծախսվում, բայց թե որ կեսըՙ անհայտ է»: Կարելի է ասելՙ մենք հենց այդ անհայտն ենք պարզում: Նպատակը հեռուստատեսային, գովազդային շուկան զարգացնելն ու հեռուստաալիքների վարկանիշի բարձրացումն է: Իսկ դա նշանակում է, որ օգնում ենք ճշգրտելու ոչ միայն գովազդների, այլեւՙ ողջ հեռուստաեթերի որակն ու արդյունավետությունը:

- Եվ որո՞նք են այն մեթոդներն ու գործիքները, որոնցով իրականացնում եք վերոնշյալ նպատակները:

- Եթե շատ պարզ ձեւով ասելու լինենք, ապա ողջ գործընթացն ունի հետեւյալ հաջորդականությունըՙ փիփլմեթր, ընտանիք, ընկերություն, հեռուստաընկերություն: Սակայն սա գործընթացի ամբողջական պատկերը չէ: Նախ տեղական հարցում է կատարվում, որով ձեւավորվում է ընտանիքների բոլոր տիպերը բնութագրող բազա, այնուհետեւ ընտրվում են մասնակից ընտանիքները, որոնց հեռուստացույցներին տեղադրվում է հեռակառավարման վահանակով փիփլմեթր կոչվող սարքը: Այն շուրջօրյա աշխատելու հնարավորություն ունի եւ արձանագրում է, թե օրվա ո՛ր ժամին ո՛ր հեռուստադիտողը ի՛նչ տեւողությամբ ո՛ր հեռուստաալիքի ո՛ր հաղորդաշարն է նայել: Տվյալներն ամենօրյա ռեժիմով վերլուծվում են ընկերության կողմից ու նույն ամենօրյա ռեժիմով տրամադրվում հեռուստաընկերություններին: Դիտարկումները կատարում ենք 4 տարեկանից բարձ բնակչության շրջանում:

- Եվ դա բավակա՞ն է հեռուստատեսության եւ գովազդի շուկայի որակական փոփոխման համար:

- Ո՛չ, իհարկե, ոչ: Գործի հաջորդ մասն ադեն յուրաքանչյուր հեռուստաընկերության անելիքն է: Այդ նրանք, վերլուծելով մեր տրամադրած տվյալները, որոնցում սուբյեկտիվությունն ըստ էության գրեթե բացակայում է, որոշում են հաղորդաշարերի տեսակն ու ուղղվածությունը, հաղորդման, անգամ լրատվական ռեպորտաժի տեւողությունը: Այդ կերպ կարելի է կառավարել ե՛ւ հեռուստադիտողի քանակն ու որակը, ե՛ւ շահագրգռել գովազդատուին, քանի որ հեշտությամբ ապահովվում է գովազդի հասցեականությունը: Վերջինը նշանակում է գովազդը դարձնել սպասված, արդյունավետ: Մյուս կողմից էլ, յուրաքանչյուր գովազդատու, համաձայն տվյալների վերլուծության, կարող է ընտրել այն հեռուստաընկերությունը, որն առավել հասցեական, նպատակային կդարձնի գովազդը: Ճիշտ պլանավորելու դեպքում գովազդատուն հնարավորություն ունի ավելի քիչ գումար ծախսելով ավելի նպատակային աշխատել ու հասնել ցանկալի արդյունքի:

- Ձեզՙ որպես կազմակերպության ղեկավարի եւ որպես հեռուստադիտողի, այդ իմաստով տեսանելի՞ է որոշակի փոփոխություն:

- Հիմնական փոփոխությունն այն է, որ մեր պատվիրատու հեռուստաընկերությունները տեսնում են հեռուստաեթերի թվային տվյալները, որ դրանք ամեն օր փոփոխվում ենՙ աճ է զգացվում: Ընդհանուր հեռուստատեսային դաշտը աճում է: Այն հեռուստաալիքները, որոնք համագործակցում են մեզ հետ, արդեն երկու տարի ունեն աճող ռեյտինգՙ վարկանիշ, որը տատանվում է, բայց կա երկու տարվա հաստատուն աճ: Տարբեր հեռուստաընկերությունների աճը տարբեր չափով է դրսեւորվում, բայց կա: Դա էլ բացատրվում է հեռուստաընկերությունների տարբեր «քաշային կարգերով»:

Կարելի է արձանագրել, որ «TV MR AM» ընկերությունն իր ծառայություններով բացառիկ հնարավորություն է ընձեռում հայաստանյան թե՛ հեռուստաընկերություններին, թե՛ գովազդատուներին համակարգված, իսկապես շահութաբեր գովազդ ունենալուՙ չձանձրացնելով գովազդախեղդ եղած հեռուստադիտողներիս:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4