«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2007-11-28 | #220, 2007-11-29 | #221, 2007-11-30


«ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ 2008-Ը ԱՎԵԼԻ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ»

Հավաստիացնում է Հայաստանի եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

Յուրաքանչյուր քաղաքական գործընթաց այս կամ այն կերպ ազդում է տնտեսության ու գործարարության վրա: Կախված երկրներում ժողովրդավարության, քաղաքական ավանդույթների, տնտեսական զարգացման մակարդակից, հասարակության ընկալումներից այդ ազդեցությունը կարող է աննկատ լինել կամ լրջորեն արգելակել տնտեսության զարգացումը: Հայաստանն այս առումով, ներկա փուլում, ի՞նչ վիճակում է հայտնվել: Այս հարցի շուրջը զրուցեցինք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանի հետ, որը, թերեւս, մեր գործարար կյանքի բոլոր նրբերանգներն ամենալավ իմացող մարդկանցից է:

- Սովորաբար քաղաքական գործընթացներն իրենց ազդեցությունն են ունենում տնտեսության վրա եւ հատկապես նախընտրական շրջանում: Արդեն անցած խորհրդարանական ընտրությունների շրջանում Դուք այդպիսի միտումներ նկատեցի՞ք եւ առաջիկա նախագահական ընտրությունների առնչությամբ նման մտահոգություններ կա՞ն:

- Արդեն 17 տարվա անկախ պետություն ենք եւ 15 տարվա ձեւավորված շուկայական տնտեսություն ունենք: Ունենք հմուտ եւ ճկուն հայ գործարարություն եւ սովորել ենք նախընտրական ժամանակներում բիզնեսը կառավարել այնպես, որ ազդեցությունը նվազագույն լինի: Դա հատկապես երեւաց խորհրդարանական ընտրություններից առաջ: Բոլորիս մեջ կար մտահոգություն, որ այն կարող էր ազդել զարգացման տեմպերի վրա, բայց դա չեղավ: Ըստ էության այն նախանշումները, որ կային սահմանված թե՛ պետության կողմից (բյուջեի մասով), թե՛ մասնավորի կողմից, չենթարկվեցին բացասական ազդեցության նախընտրական պայքարի ժամանակ: Սա համոզմունք է առաջացնում, որ գործարարությունը սովորել է նման իրավիճակներում նորմալ բիզնես անել:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին: Ինքնին պարզ է, որ որոշակի տագնապներ կան: Հասարակությունն ավելի շատ ժամանակ, ակտիվություն, ռեսուրսներ, ֆինանսական ծախսեր է կատարում քաղաքական գործընթացների վրա եւ վտանգը կա, որ տնտեսության ու բիզնեսի աճման տեմպերը նվազեն: Ի՞նչ անենք, որ դա չլինի:

Բոլորս պետք է հասկանանք, որ քաղաքական պայքարը եւ տնտեսությունն ու բիզնեսը տարբեր հարթությունների վրա են, որ այլեւս գործարարը չպետք է մտածի, թե ո՞վ կգա իշխանության գլուխ եւ դա ի՞նչ հետեւանք կունենա իր բիզնես ծրագրերի եւ իր տնտեսության վրա: Ազատական եւ շուկայական տնտեսության ջատագովներ են քաղաքական դաշտում նախագահի հավակնորդ համարվող բոլոր հիմնական թեկնածուները: Եթե չպետք է փոխվեն երկրի տնտեսական զարգացման դոկտրինան, սկզբունքները եւ օրենսդրությունը, որը մոտեցված է եվրոպականին, ապա այդ դեպքում գործարարը տագնապելու լուրջ պատճառներ չպետք է ունենա: Եթե հասարակության մեջ չեն լինում քաղաքական ցնցումներ, զանգվածային գործադուլներ, անկարգություններ, անհնազանդություններ, որոնք գցում են երկրի վարկանիշը որպես կայուն երկրի, ապա չեմ կարծում, որ մեր հասարակությունն այս ընտրություններին նման վտանգի առաջ կանգնած լինի: Քանզի թե՛ քաղաքական ուժերը, թե՛ գործարարությունը հասկանում են իրենց դերն ու նշանակությունը: Այո, որոշակի վտանգ կա եւ դա մեզ պետք է ստիպի ավելի հմուտ, քաղաքակիրթ պայքար մղել, հարգել մեկը մյուսին, հանդուրժող լինել, այլակարծությունը հարգել, հասարակությունը չբեւեռացնել սեւի եւ սպիտակի: Այդ դեպքում նախընտրական գործընթացների ազդեցությունը տնտեսության վրա կլինի նվազագույն:

- Սակայն բացառված չեն այսպիսի զարգացումներ: Երբ իշխանություն է փոխվում, գործարարության այս խավը համարվում է արդեն նախկին դարձած իշխանությունների կողմնակից, եւ նրանց նկատմամբ կիրառվում են տնտեսական ճնշամիջոցներ: Նման մի բան հիմա կարծես թե կիրառվում է գործարարներից մեկի նկատմամբ, որը հայտարարել է նախկին նախագահին աջակցելու մասին:

- Բարդ հարց է: Լավ ասացիքՙ «կարծես թե»: Տվյալ դեպքի հրապարակային գնահատման համար անհրաժեշտ է լիարժեք եւ մանրամասն տիրապետել ամբողջ տեղեկատվությանը եւ փաստերի վերջնական իրավական գնահատականին: Գործարարների այն խավի համար, ովքեր աշխատում են օրինականության դաշտում, բարեխիղճ հարկատու են եւ հարգում են ազատ մրցակցության սկզբունքները, ովքեր չեն ձգտում օգտվել հովանավորչությունից, պետական այս կամ այն պաշտոնյայի հետ սերտաճելուց, որպեսզի ունենան որոշակի արտոնություններ իրենց ոլորտում եւ ստանան արհեստական մրցակցային հնարավորություններ, էական չպետք է լինեն քաղաքական վերնախավի փոփոխությունները: Պարզապես Հայաստանում յուրաքանչյուր փոքրիկ կրպակի տիրոջից եւ արհեստագործից սկսած պատրանք են ստեղծում, որ իրենք ընտրական գործընթացների մեջ են: Գործարարության այն խավի համար, որը մեր միության անդամ է, ես չեմ տեսնում որեւէ վտանգ եւ հեռանկարային խոչընդոտ: Որքան այս հարցը ես քննարկել եմ իմ գործընկերների հետ, նրանցից ոչ ոք իր հեռանկարային ծրագրերում 2008-ը ավելի ռիսկային չի համարում, քան 2007, 2006 կամ 2005 թվականներն էր համարում: Գործարարների այն հատվածը, որը սովորել է աշխատել հովանավորչական ռեժիմով, երբ այդ կապը կտրվի, մտնելու է մրցակցային դաշտ ու այդ դեպքում նրա համար կենսական նշանակություն է ունենալու: Դրա համար ենք հաճախակի նշում արհեստական մենաշնորհների կամ առավելությունների վերացման անհրաժեշտության մասին, որն այդ մարդկանց բիզնեսը կաթվածահարման վտանգի տակ է դրել: Յուրաքանչյուրն իր բիզնեսի հասարակական կամ քաղաքական ակտիվության վարքագիծն ինքն է ընտրում եւ ինքն էլ պետք է պատասխան տա դրա համար: Համաշխարհային եւ Հայաստանի փորձը ցույց է տալիս մի բանՙ եթե բիզնեսի հիմքում դնում ես առողջ մրցակցությունը, ապա դու անպարտելի ես ամեն պարագայում, իսկ եթե բիզնեսի հիմքում դնում ես արտոնություններ ստանալով արագ կապիտալի կուտակումը, ուրեմն դու ռիսկայնության ես դիմում:

- Իսկ Հայաստանի մրցակցային դաշտը որքանո՞վ է առողջ Ձեր կարծիքով:

- Մենք հստակ նշում ենք, որ Հայաստանում ռազմավարական խնդիր է հովանավորչության եւ կոռուպցիայի դեմ պայքարը, որ արհեստական գերիշխող դիրք ունեցող կառույցները մեր տնտեսության զարգացման «աքիլլեսյան գարշապարն են»: Թե ո՞ր ոլորտներում եւ ի՞նչ չափով են առկա այս երեւույթները, հաշվարկներով կարելի է իմանալ: Դրան զուգահեռ ունենք ապրանքային շուկաներ, որտեղ ահավոր ակտիվ մրցակցություն կա: Նույնիսկ ներկրվող մթերային ապրանքների ոլորտում, որտեղ հաճախ շահարկվում է այս կամ այն գործարարի անունը, երբ իրական պատկերն ուսումնասիրում ես, տեսնում ես, որ բացի այդ գործարարի ներմուծածից, ներմուծման մնացած ծավալների համար 50-60 ընկերություն կռիվ են տալիս: Վերջերս հանդիպել էինք ռուսական արտահանողների պատվիրակության հետ, որոնք զարմացել էին, որ այսպիսի փոքր շուկայի եւ փոքր քանակի ապրանքների ներկրման առկայությամբ, ինչպես ենք փող աշխատում: Իմ գործընկերներից գործարարների գիտեմ, որոնք սկսելով մեկ կամ երկու կոնտեյներ ներկրելուց, տարիների ընթացքում դարձել են խոշոր ներկրողներ: Իսկ եղած արհեստական մենաշնորհներն էլ այսպիսի սահմանափակ սպառում ունեցող երկրի համար պատմական օրինաչափություն են, որից պետք է շատ արագ ազատվել: Իմ կարծիքով, հովանավորչական ռեժիմով աշխատող գործարարներից շատերը հասկանում են, որ նման գործունեության վերջը եկել է: Նախՙ նրանց հետեւից արդեն գալիս են մրցակցողները, երկրորդՙ այդ վիճակում աշխատելով միշտ վախը սրտումդ է, որ մի օր հարկահանության մամլիչով կտանեն այդ ամենը: Ինչպես այսօր ես տեսնում եմ, հարկային վարչարարության այս խստացումը, որ սկսվել է, տարածվում է գրեթե բոլորի վրա: Սա էլ քաղաքական համարձակություն էր այս փուլում, այլ ոչ թե, ենթադրենք, եկող տարվա գարնանից հետո նման քայլի գնալը: Ես հավատում եմ, որ իշխանությունների դրսեւորած այդ քաղաքական կամքը շարունակական է լինելու եւ 2008-2009 թվականներին ունենալու ենք որակապես այլ պատկեր: Այլապես 2,5 մլրդ դոլարանոց բյուջեն, որքան էլ սրանից հանենք դոլարի արժեզրկման տոկոսները, առանց հարկային մամլիչը հավասար բոլորի վրա տարածելու, հնարավոր չէ կատարել: Այն ռեսուրսը, որ կարելի է քամել միայն բարեխիղճ հարկատուներից, սահմանափակ է եւ սա գիտակցվում է: Համենայն դեպս ես այդ հույսն ունեմ: Ժամանակը ցույց կտա դա իրականություն կդառնա, թե՞ ոչ:

- Այդուհանդերձ, վերադառնալով նախընտրական տրամադրություններին, նշենք, որ բիզնեսում կան որոշակի սպասողական տրամադրություններ: Օրինակ, այսօր ամենաբուռն զարգացում ապրող շինարարության ոլորտում գործող ընկերություններից շատերը, իմ ունեցած տեղեկություններով, մինչ նախագահական ընտրությունների ավարտը նոր շինարարություն չեն սկսում:

- Որոշակի սպասողականությունն այն ոլորտներում, որոնք կապված են անմիջապես պետության գործառույթների հետՙ հողահատկացումներ, խոշոր շինարարական ծրագրեր եւ ընդհանրապես խոշոր ներդրումներ ինչ-որ ոլորտում, բնական է, պետք է լինեն: Ամեն մի երկրում նախագահական ընտրություններն ամենալուրջ քաղաքական գործընթացներն են: Բացի այդ, մեր աչքի առջեւ են հարեւան երկրներումՙ Ուկրաինայում կամ Վրաստանում տեղի ունեցող գործընթացները: Ուկրաինայում 5-րդ տարին է տնտեսությունը անկում է ապրում եւ այնտեղից եկող ապրանքների, օրինակՙ ձեթի, թանկացումն օբյեկտիվ է: Վանաձորի քիմպրոմի համար այդ երկրից բերվող հումքը յուրաքանչյուր ամիս 15-20 դոլար թանկանում է կապված երկրի անկայունության վիճակի հետ: Այսինքն, օբյեկտիվ է, որ երկարաժամկետ ներդրումային ծրագրերում որոշակի սպասողական ռեժիմ պետք է լինի:

- Այսինքն, եթե ամփոփենք, կարո՞ղ ենք ասել, որ գործարարների մեջ առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ լուրջ մտահոգություններ չկան, բայց կան որոշակի սպասողական տրամադրություններ:

- Ինչպես ամբողջ հասարակության մեջ: Եթե չլինեին այդ տրամադրությունները, ապա դա կնշանակեր, որ այդ ընտրությունները ոչ թե ընտրություններ են, այլ իշխանության արհեստական վերարտադրություն: Հասարակության մեջ, որ ունի ժողովրդավարական զարգացման ցանկություն եւ ուղղվածություն, այդ տրամադրությունները պետք է լինեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4