«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2007-11-28 | #220, 2007-11-29 | #221, 2007-11-30


ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ՖԻՐԴՈՒՍՆՈՑԻ» ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՅՑԸ

Բնակիչները դիմելու են վերաքննիչ դատարան

Մարտ ամսից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի վարույթում գտնվող «Ֆիրդուսնոցի» բնակիչների հայցն ընդդեմ կառավարության որոշման երեկ վերջնականապես «լուծում» ստացավ: Հիշեցնենք, որ «Ֆիրդուսնոցի» կամ 33-րդ թաղամասի բնակիչները դատարանում վիճարկում էին կառավարության 2007-ի հունվարի 25-ի ընդունած թիվ 108-Ն որոշումը` «Երեւան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգն ու նկարագրության օրինակելի ձեւը հաստատելու մասին»:

Դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը բազմամարդ դահլիճում երեկ կարդաց իր կայացրած վճիռը, որով մերժեց բնակիչների հայցն ընդդեմ կառավարության որոշման` նշելով, որ կառավարության որոշման ընդունման ընթացքում խստագույնս պահպանված են օրենքի նորմերի պահանջները, հետեւաբար հայցվորի դիմումն անհիմն է ու ենթակա չէ բավարարման:

Դատավճռի հրապարակումից հետո դատավորն անմիջապես հեռացավ դահլիճից, իսկ 33-րդ թաղամասի բնակիչները սկսեցին բարձրաձայն իրենց դժգոհությունը հայտնել` իշխանություններին ու դատարանին համարելով ծախված, երկիրն` անօրինական, մարդկանց իրավունքները` չպաշտպանված: Մինչ հրապարակումը, թեեւ բազմաթիվ նիստերի ընթացքում պատասխանող կողմից որեւէ ծանրակշիռ հակափաստարկ չէր արձանագրվել, բնակիչներն արդեն համոզված էին, որ վճիռը հօգուտ իրենց չի լինելու եւ արդեն հայտնում էին իրենց դժգոհությունը: 33-րդ թաղամասի բնակիչները պատրաստվում են իրենց գործը հասցնել դատական ամենաբարձր ատյաններին, մինչեւ անգամ դիմել Եվրոդատարան:

Իսկ ո՞րն է բնակիչների հիմնական դժգոհությունը:

Բնակիչների խոսքով, իրենք մինչ օրս չգիտեն, թե իրենց բնակարանների, սեփականությունների տեղում ինչ է կառուցվելու: Դատավարության ամբողջ ընթացքում բնակիչների փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու Վահե Գրիգորյանը բազմիցս բարձրացրել են այդ հարցը: Բնակիչներին հիշյալ հարցն այնքանով է մտահոգում, որ իմանալով, թե ինչ է կառուցվելու իրենց սեփականությունների փոխարեն, նրանք կորոշեն, թե որքանով է իրենց սեփականությունների օտարումը բխում հանրային բացառիկ գերակա շահ ասվածից: Պատասխանող կողմը դատարանում ասել էր, որ իրենց էլ դեռ հայտնի չէ, թե ինչ է կառուցվելու 33-րդ թաղամասում:

33-րդ թաղամասի բնակիչներին հուզող հաջորդ հարցը հետեւյալն էր. Տարածքը ձեռք բերող ընկերության ներկայացուցիչը փաստաբանի հարցին պատասխանելիս դատավարության ընթացքում նշել էր, թե իրենց իրականացրած ծրագիրը շահույթ հետապնդող է, իսկ հետագայում շտկելով իրեն` նշել էր, որ իրենք ոչ թե շահույթ են հետապնդում, այլ իրենց կազմակերպությունն է համարվում շահույթ հետապնդող: «Որքանո՞վ են համատեղելի հասարակության եւ պետության կարիքները շահույթ հետապնդելու հետ», տարակուսում են բնակիչները:

Դատարանից աղմուկով հեռացած բնակիչները որոշեցին առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4