«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2007-11-28 | #220, 2007-11-29 | #221, 2007-11-30


ԴԱՍԱԿԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՒԺԸ

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համերգասրահը Արամ Ղարաբեկյանի շնորհիվ հաջողությամբ հավակնում է դառնալ Երեւանի համերգային հարթակներից մեկը: Եվ քանի որ մայրաքաղաքում չկա ակուստիկ բոլոր պարամետրերին համապատասխանող որեւէ համերգասրահ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի կողմից զանազան սրահների ազատ օգտագործումը, ընդհուպ բացօթյա ելույթները զարմանք չեն հարուցում:

Գլխավորն այն է, որ վերջին տասնամյակում Արամ Ղարաբեկյանը ամբողջ հանրապետությունում եւ Արցախում (ընթացիկ սեպտեմբերին այնտեղ անցկացվեց առաջին փառատոնը) պլանաչափորեն սեր է սերմանում ակադեմիական երաժշտության նկատմամբ: Դժվար է գերագնահատել այդ փաստի նշանակությունը ներկայիս երաժշտաբնապահպանական իրավիճակում, երբ բացակայում են պատկերացումները ճաշակի, ոճի, երաժշտական արտադրանքի որակի ու գեղարվեստականության վերաբերյալ: Այդ արտադրանքի իրացման շուկան վերածվել է արեւելյան հսկա վաճառատեղի, որտեղ ամեն առեւտրական մտահոգված է իր ապրանքի վաճառքով, չհոգալով հանուրի բարօրության մասին:

Այն, որ ներկայումս նկատվում է շուկային ակադեմիական, նախ եւ առաջ դասական արվեստով հակադրվելու միտում, լավատեսություն է ներշնչում: Այդ շարժման ակտիվ մասնակից Հայաստանի կամերային նվագախումբը մայիսից շրջել է ամբողջ հանրապետությունում: Կարելի է միայն պատկերացնել տվյալ ձեռնարկման կարեւորությունը. Հայաստանում քանի՜-քանի՜ մարդ տարիներով չէր լսել կենդանի դասական երաժշտություն:

Ահա թե ինչու, չնայած Սլավոնական համալսարանի սրահի խոցելի ակուստիկային (հնչողության չորությունը խանգարում էր նվագախմբի տեմբրային միաձուլմանը), դրական է որ ուսանող երիտասարդության նոր սերունդը հաղորդակցվում է երաժշտությանը: Յ. Փախելբելի, Յ. Հայդնի եւ Լ. վան Բեթհովենի ստեղծագործություններ ընդգրկած նոյեմբերի 24-ի համերգի ծրագիրն անտարբեր չթողեց նաեւ գիտակներին: Մասնավորապես, 17-րդ դարի գերմանացի կոմպոզիտոր Յոհան Փախելբելի լարայինների Կանոնն ու Ժիգան, կատարվելով առանց դիրիժորի, բայց նվագախմբի առաջին ջութակ Թամար Պետրոսյանի առաջնորդությամբ, հաստատեցին basso ostinato հնարքի վրա հիմնված պոլիֆոնիկ ձեւերի կարեւոր այժմեականությունը: Թե ջազը եւ թե մինիմալիզմը մեզ հիշեցնում են «համառ բասի» դինամիկ ուժը, որի վրա տարբեր համադրություններով ավելանում են փոփոխվող ձայները: Նվագախումբը, անգիր նվագելով` երաժշտությանը հաղորդեց non-stop հայտնի ոճով իմպրովիզացնելու ոգեւորությունը: Փախալբելը հնչեց թարմ եւ արդիական:

Դահլիճի վատորակ համերգային դաշնամուրը հանրապետության ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին ստիպեց փոխել ծրագիրը. նա մենակատարն էր Յ. Հայդնի դաշնամուրի ու նվագախմբի ռե մաժոր Կոնցերտում (կոմպոզիտորի մոտ «կլավիչեմբալո» է եւ ոչ թե դաշնամուր): Հետաքրքրական է, որ Կոնցերտի առաջին մասը հիմնված է նույն թեմայի վրա, ինչ Մոցարտի դաշնամուրի ու նվագախմբի սոլ մաժոր Կոնցերտը: Ավելին, երկու կոնցերտներն էլ ստեղծված են 1784-ին: Բացառված չէ, որ Հայդնը գտնված լիներ իր կրտսեր ժամանակակցի ազդեցության տակ: Ճիշտ է, Կոնցերտի երկրորդ մասը տիպիկ հայդնյան է: Ի տարբերություն Մոցարտի մելոդիկ գեղեցկությունների, Հայդնը նախընտրում է զուսպ, ավելի ինքնախորասուզված քնարերգությունը: Ի դեպ, Հայդնի դանդաղ մասի տիպը զարգացում ստացավ Բեթհովենի ստեղծագործության մեջ: Վերջինս նույնպես հակված էր ձեւի դասական համամասնությունները խախտող դանդաղ երաժշտության ազատ հոսքին:

Հայ դաշնակահարի վարպետությունը եւ անվիճելի առաջնությունը հաստատած Սվետլանա Նավասարդյանը Հայդնի կոնցերտը նվագեց ներքին մեծ ազատությամբ: Նա համարձակորեն միավորեց կառուցվածքների մասնատվածությունը եւ պասաժների (ավելի ճիշտ` հնչյունների մարգարտացայտերի) ռիթմիկ շեշտվածությունը անկանխատեսելի տեմպային տեղաշարժերով, միջին ձայներում առանձին ֆրազների կամ նվագանցի ընդգծմամբ: Սովորականի պես լինելով ոչ միայն մենակատար, այլեւ մեկնաբանության նախաձեռնող, Նավասարդյանը Հայդնի պարտիտուրը ներկայացրեց ոչ թե որպես երաժշտական մասունք, այլ որպես ներշնչանքի եւ ստեղծագործական փորձարարության աղբյուր:

Երեկոյի երկրորդ բաժնում հնչեց Բեթհովենի վերջին ստեղծագործություններից մեկը` դո դիեզ մաժոր թիվ 14 Լարային կվարտետը (երկ 131)` լարային նվագախմբի համար Արամ Ղարաբեկյանի մշակմամբ: Բեթհովենի յոթ մասանոց, ոչ ավանդական հայեցակարգով, առավելապես դանդաղ տեմպերով կվարտետն ասես աշխարհին հրաժեշտ տվող արվեստագետի խոստովանանքը լինի: Դանդաղ առաջին մասի սկզբնական ֆուգայից մինչեւ չորրորդի բարձրակետ Andante-ն հանդարտ զարգացումը վերածվեց տեւական ռոմանտիկ խորհրդածության: Առհասարակ թիվ 14 Կվարտետը կարելի է համարել 20-րդ դարի բազմաթիվ դանդաղ ստեղծագործությունների նախօրինակը:

Ղարաբեկյանի նվագախմբային լուծումը, բնականաբար, խոշորացրեց կերպարները, առավել հստակ բացահայտեց ֆակտուրայի ներքին ձայների միահյուսումը, ինչպես նաեւ վերջին մասերի հակադրությունը: Անչափ բարդ այս ստեղծագործության գլխավոր արժանիքը միջանցիկ հոգեւոր կերտվածքի ապահովումն է, որը գրեթե հինգ ժամ լարվածության մեջ պահեց ամբողջ դահլիճը:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4