«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2007-11-28 | #220, 2007-11-29 | #221, 2007-11-30


ՎԱՀՐԱՄ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «ՀՊԱՐՏ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ ՓԱՌԱԲԱՆԵԼՈՒ ՀԻՄՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Վանո Թադեո Լեւոնին, նույն ինքըՙ Վահրամ Լեւոնի Թադեւոսյանը, որ այսօր հաստատուն տեղ ունի ճանաչում վայելող տենորների շարքում, միայն օժտվածության շնորհիվ չէ մասնագիտական հաջողություններ ապահովելՙ եղել է նաեւ ներքին պայքար, ընտրության դժվարություն: Նախ գեղանկարչությունն է ընտրել ու սովորել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա նրան հանգիստ չի տվել երգարվեստը: Ու թեեւ գույնի լեզուն իրեն հասկանելի էր ասելիք ունենալու չափ, սակայն հնչյունն իր համար ավելի թովիչ էր: Ի վերջո հաղթեց հնչյունը, ու Վահրամը դրսեւորեց սեփական հնարավորությունները վոկալ արվեստում: Առաջին մեծ հաջողությունն այդ ասպարեզում, որ բացեց դուռը դեպի ճանաչում, երգիչը համարում է 1996 թվականին Բարսելոնում Ֆրանցիսկո Վինիասի անվան միջազգային մրցույթում Ջուզեպպե Վերդիի անվան մրցանակին արժանանալը: Դրան հաջորդեց էքստեռն կարգով Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտելն ու համերգների շարքը Իտալիայի տարբեր քաղաքներում: Շարունակվեցին շղթայական հաջողությունները, որ աշխատանքի ու օժտվածության հանրագումար էին, ըստ երգչի, իսկ համաձայն եվրոպական մամուլի. «վերջին ժամանակների յուրահատուկ, փայլուն տենորի արժանի գնահատական»: Վահրամ Թադեւոսյանը փորձ ունի կատարումներով հանդես գալու աշխարհահահռչակ երգիչների հետ: Նրանցից մեկըՙ Ջակոմո Արագալլը, Վահրամի տաղանդը գնահատելով, առաջարկել է իր փոխարեն երգել Մոնսերատ Կաբալիեի հետ: Ի դեպ վերջինը Վահրամի երազանքն էր, որ այլեւս իրականություն է:

Թեեւ արդեն 7 տարի Վահրամ Թադեւոսյանն ապրում է Իսպանիայում ու հանդես գալիս հանրահայտ եւ հեղինակավոր օպերային թատրոններում ու բեմերում եւ, ինչպես ինքն է ասում, բեմական ու մասնագիտական լավ «մարզավիճակում» է, աշխատանքային գրաֆիկն էլ բավականին խիտ է, սակայն գոնե վերջին երեք տարիներին Հայաստանում պարտադիր հանդես է գալիս առնվազն մեկ համերգով: Սա բացատրում է ոչ միայն եւս մի բեմում հանդես գալու ձգտմամբ, այլեւ ուղղակի հայրենիքում ներկայանալու ցանկությամբ: Անցած եւ այս տարի երգիչը Հայաստանի անկախության 15 եւ 16-ամյակներին նվիրված համերգներով հանդես է եկել Երեւանում: Այնուամենայնիվ, Վահրամը նշեց, որ իր ճանաչումն ու տաղանդի գնահատումը նախ հայրենիքից դուրս է եղել, բայց միեւնույն է, ինչպես շատ տաղանդավոր հայորդիներ, այնպես էլ նա հպարտությամբ է ներկայանում աշխարհին որպես հայկականության կրող եւ առիթը բաց չի թողնում Հայաստանը ներկայացնելու. «Երբ 2006-ի դեկտեմբերին եւ ապա այս տարի մարտին Իոսիֆ Կոբզոնի նախաձեռնությամբ հրավեր ստացա ու մասնակցեցի Կիեւում եւ Մինսկում կայացած փառատոներին, արժանացա ունկնդրի բուռն ընդունելությանը: Սակայն առավել հպարտություն ունեցա, երբ Ուկրաինայի եւ Բելառուսի նախագահները բաժակ բարձրացրեցին հանուն այն հողի, որը նման տենորի հայրենիքն է: Հայաստանը փառաբանելու առիթ տալու համար շատ ուրախ եմ, բայց եւ առավել պատասխանատվություն եմ զգում այդ առումով», ասաց Վահրամ Թադեւոսյանը: Երեւի հենց դրանով էլ բացատրվում է այն, որ Վահրամն ինքն իր հետ լինելիսՙ ինքն իր համար երգում է «Կիլիկիա» ու «Հայաստանՙ երկիր դրախտավայր»:

Ի դեպ նրա երգացանկում են նաեւ հայկական եւ հատկապես կոմիտասյան գործեր:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4