Երեւան, նոյեմբերի 29, 2007թ: Ս.թ. նոյեմբերի 21-ին շահագործման հանձնվեց Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վերակառուցված մանկապարտեզը: 53.5 մլն ՀՀ դրամի ծրագիրը ֆինանսավորել են Անահիտ եւ Վարուժան Չյոգյուրյանները` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով:
Ավելի քան 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ կահույքը (մահճակալաներ, պահարաններ, սեղաններ եւ աթոռներ), որ նույնպես տրամադրել է Ֆրանսիայի տեղական մարմինը, երեխաների համար մանկապարտեզը դարձրել է ժամանցի ու կրթության հաճելի վայր:
Մանկապարտեզի շենքը կառուցման պահից` 1964 թվականից, չէր նորոգվել: «Հայաստան» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է մանկապարտեզի տանիքը, սանհանգույցը, ջեռուցման համակարգը: Ամբողջությամբ նորացվել են մանկապարտեզի հատակը, դռներն ու լուսամուտները: Կառուցվել է կաթսայատուն, արտաքին գազատարի եւ ջրագծերի ցանց, կատարվել են ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ:
Մանկապարտեզ հաճախում էր ընդամենը 30 փոքրիկ, այն դեպքում, երբ շենքը նախատեսված է 100 երեխայի համար: Այժմ արդեն Մրգաշենի մանկապարտեզ կարող են հաճախել նաեւ հարեւան Արտամեդ գյուղի երեխաները:
Մրգաշեն գյուղն այսօր ունի 2500 բնակիչ: Մրգաշենի եւ Արտամեդի բնակիչները հիմնականում փախստականներ են Ադրբեջանից:
««Հայաստան» հիմնադրամի յուրաքանչյուր ծրագրի հիմքում մեր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ստեղծելու, սերունդների համար բարեկեցիկ ապագա ապահովելու նպատակն է: Եվ մանակապարտեզում պատշաճ պայմանների ստեղծումը առաջին քայլերից մեկն է»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը:
Մրգաշենի գյուղապետ Արամայիս Արամյանը աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին` նշեց, որ գյուղի դպրոցի ու մանկապարտեզի բարեկարգ պայմանները ենթադրում են ավելի մեծ թվով երեխաների հաճախում եւ աշխատատեղերի ստեղծում նրանց ծնողների համար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ