Անթալիայում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ցավոք, հայ շախմատիստներն անմասն մնացին խաղարկվող մեդալներից, թեեւ դրա հնարավորությունը կար:
Ինչպես տեղեկացրել էինք, մեր շախմատիստներից մրցանակակիր դառնալու ամենամեծ հնարավորություններն ուներ Սամվել Տեր-Սահակյանը: Մինչեւ 14 տարեկանների մրցավեճում Սամվելն ուներ 8 միավոր եւ ընդամենը կես միավոր էր զիջում աղյուսակը գլխավորող Չեն Վանգին: Մեր շախմատիստը սեւերով մրցում էր լեհ Մարչել Կանարեկի հետ: Երկու շախմատիստներն էլ անցողիկ զինվոր ունեին: Առաջինը մրցակցին հաջողվեց զինվորը թագուհու փոխակերպել, ինչն էլ վճռեց մրցակցության ելքը հօգուտ լեհ շախմատիստի: Այսպիսով, Սամվել Տեր-Սահակյանը զրկվեց մեդալից եւ 8 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը:
Տարիքային այս խմբում մեր մյուս շախմատիստները` Ռոբերտ Աղասարյանն ու Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի ավարտեցին վերջին տուրի հանդիպումները եւ վաստակեցին 6,5-ական միավոր: Նրանք զբաղեցրին համապատասխանաբար 35-րդ եւ 43-րդ տեղերը: Չեմպիոնի հարցը վճռվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Սանան Սյուգիրովի եւ չին շախմատիստ Չեն Վանգի մրցավեճում: Հաջողությունն ուղեկցեց սպիտակներով խաղացող Սյուգիրովին, որը հաղթելով, վաստակեց 9 միավոր: Նա գործակիցներով գերազանցեց նույնքան միավոր վաստակած Մարչել Կանարեկին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Իսկ Չեն Վանգը բավարարվեց բրոնզե մեդալով` լրացուցիչ գործակիցներով առաջ անցնելով նույնպես 8,5 միավոր վաստակած Վլադիմիր Բելոուսից եւ Դարիուշ Շվարցից:
Հայ պատանիներից լավագույն արդյունքի հասավ Ավետիք Գրիգորյանը, որը մինչեւ 18 տարեկանների մրցավեճում 8 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Ավարտական տուրում նա հաղթեց Սեմետեյ Տոլոգոնտեգինին: Հովիկ Հայրապետյանը հաղթելով Քրիստոֆեր Շվարհոֆերին, 7 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը: Նույնքան միավորով 16-րդն էր Հրանտ Մելքումյանը, որը զիջեց Ռոլանդ Պրուիջերսին:
Տարիքային այս խմբում չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Իվան Պոպովը, որը հաղթեց Դավիթ Հովելին ու վաստակեց 9 միավոր: 2-րդ տեղը 8,5 միավորով զբաղեցրեց Ռոման Էդուարդը: Բրոնզե մեդալը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովը (8,5 միավոր): Ռուսաստանցի Պողոս Նահապետյանը 8 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հայ շախմատիստներից բոլորից շատ միավոր վաստակեց մեր ամենակրտսեր մասնակից Տիգրան Հարությունյանը (8,5 միավոր)` զբաղեցնելով 5-րդ տեղը: Ավարտական տուրում նա հաղթեց Շարդուլ Գագարեին: Մանուել Պետրոսյանը 7 միավորով 25-րդն էր, իսկ Հրանտ Մեժլումյանը 5,5 միավորով գրավեց 80-րդ տեղը: Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում բարձր արդյունքներ գրանցվեցին: Բավական է նշել, որ չեմպիոնը` չին շախմատիստ Սեն Վանգ Տոնգը վաստակեց 10 միավոր: Նման արդյունքի հասել էր միայն մինչեւ 8 տարեկանների չեմպիոն, ռուսաստանցի Կոնստանտին Սավենկովը: Ի դեպ, ամենակրտսեր տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոն հայազգի Նիկիտա Այվազյանը, որ բնակվում է Մոսկվայում, 7,5 միավորով գրավեց 7-րդ տեղը:
Մինչեւ 12 տարեկանների մրցավեճում Հովհաննես Գաբուզյանը 6,5 միավորով 37-րդն էր, իսկ Նորայր Թորոսյանը 6 միավորով զբաղեցրեց 50-րդ տեղը: Այստեղ երկու շախմատիստ` ԱՄՆ-ն ներկայացնող Դանիել Նարոդիտսկին եւ ուկրաինացի Իլյա Նիզնիկը վաստակել էին հավասար` 9,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով չեմպիոն հռչակվեց ԱՄՆ-ի պատվիրակը:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարի մասնակից Ռոբերտ Հովհաննիսյանը 7 միավորով գրավեց 12-րդ տեղը, իսկ Դավիթ Գեւորգյանը 6 միավորով 38-րդն էր: Տարիքային այս խմբում միանգամից չորս շախմատիստ վաստակել էր 8,5 միավոր: Լրացուցիչ գործակիցներով չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռումինացի Քրիստիան Խիրիլան:
Մեր շախմատիստուհիների արդյունքներն ավելի համեստ են: Լավագույն արդյունքի հասավ Լուսինե Թորոսյանը, որը 6,5 միավորով մինչեւ 14 տարեկանների մրցաշարում զբաղեցրեց 34-րդ տեղը: 6-ական միավոր վաստակեցին Սվետլանա Միրզաբեկյանը (43-րդ տեղ, մինչեւ 12 տ.) եւ Նունե Դարբինյանը (31-րդ տեղ, մինչեւ 18 տ.): Մարիամ Մանուկյանը (77-րդ տեղ, մինչեւ 10 տ.) եւ Արուսյակ Կարխանյանը (85-րդ տեղ, մինչեւ 16 տ.) իրենց օգտին 4,5-ական միավոր գրանցեցին:
Աղջիկների մրցաշարում տարիքային տարբեր խմբերում չեմպիոններ հռչակվեցին Աննա Ստյազկինան (Ռուսաստան)` 9,5 միավոր, Մարսել Եֆրոիմսկին (Իսրայել)` 9,5, Նազի Պաիկիձեն (Վրաստան)` 9,5, Կետի Չաչալաշվիլին (Վրաստան)` 8,5 եւ Վալենտինա Գունինան (Ռուսաստան)` 9:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ