«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2007-11-29 | #221, 2007-11-30 | #222, 2007-12-01


ԻՆՔՆԱՄՈՌԱՑՈՒՄԸ, ԹԵԿՈՒԶ ԵԱՀԿ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ, ՆԵՐԵԼԻ ՉԷ

Երեկ պատերազմից խոսող Մամեդյարովը հիմա էլ խաղաղությո՞ւն է քարոզում

«Մեծագույն մտահոգությամբ ուզում եմ նշել, որ նախագահների եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով երեք տարի ինտենսիվ բանակցություններից հետո մենք դեռ բախվում ենք ադրբեջանական տարածքների օկուպացման եւ ադրբեջանական բնակչության էթնիկ զտումների քաղաքականությունը քողարկելու Հայաստանի փորձերին»: Սա բնավ էլ ադրբեջանական լրահոսի հերթական ու անհասցե քարոզչությունը չէ, այլ ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթը:

Բնավ էլ նորություն չլինելով` նման տեսակետի հնչեցումը ԵԱՀԿ մակարդակով շահեկան չի կարող լինել Ադրբեջանի համար, երբ ռազմական գործողություններ վերսկսելու ակնհայտ ցանկություն ու պատրաստակամություն է հայտնում հենց Ադրբեջանը: Մյուս կողմից, ինչպես տեղեկացրել է «Ազգը» երեկվա համարում, Մամեդյարովը համաձայն է պատերազմ վերսկսելու ադրբեջանական պաշտպանության նախարարի հետ այն դեպքում, երբ բազմիցս ընդգծվել ու կարեւորվել է, որ պատերազմը ոչ մի դեպքում ելք ու լուծում չէ:

Առավել հետաքրքրական է, որ, ըստ Մամեդյարովի, «...հայկական ղեկավարությունը հակամարտությանը կրոնական բնույթ տալու եւ որպես քրիստոնյաների եւ մուսուլմանների հակադրություն ներկայացնելու շատ վտանգավոր փորձեր է անում»: Այս պարագայում ադրբեջանցի ԱԳ նախարարը թերեւս «տեսել է ծուխը, բայց այդպես էլ չի տեսել, թե ուր է կրակը»:

Խնդիրն այն է, որ «Լոս Անջելես թայմսի» հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի խնդրում կա՞ կրոնական գործոն, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել էր դրականորեն` բնավ էլ հակամարտությունը չորակելով կրոնական: Ամեն դեպքում, ըստ Էլմար Մամեդյարովի, բացի նշվածից, Հայաստանը նաեւ «ինտենսիվացրել է Ադրբեջանի բնական ռեսուրսների անօրինական շահագործումը, եւ նման գործելակերպը չի օգնում բանակցային գործընթացին»: Ամենայն հավանականությամբ ընկալման հարց լինելով հանդերձ` դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանի նախարարը այդպես էլ չի տարբերում Հայաստանը Լեռնային Ղարաբաղից, այլապես նման որակումներ չպետք է հնչեին:

Ադրբեջանի արտգործնախարարի ելույթում իբր բերված փաստերից նաեւ հետեւություններ արվեցին: «Այդ քաղաքականությունը դատապարտված է, կավարտվի անհաջողությամբ, քանի որ Ադրբեջանը երբեք չի ընդունի իր տարածքի թեկուզ մեկ սանտիմետրի կորուստ: Հայկական կողմը պետք է թողնի իր անհույս փորձերը եւ խաղաղ բանակցություններ վարի (այստեղ են ասել` ո՞վ է այդ մասին խոսում - Ա.Հ.), որպեսզի մենք կարողանանք հասնել խաղաղ կարգավորման, ինչը բխում է իրար կողքի ապրելու ճակատագիրն ունեցող երկու ժողովուրդների շահերից»:

Սեփական երկրում ժողովրդավարության բազմաթիվ ու դեռեւս շատ լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանի դեպքում ինքնավարության մասին խոսակցությունները չեն կարող վստահություն ներշնչել, առավել եւս, երբ Լեռնային Ղարաբաղն արդեն տասնամյակից ավելի ունի այդ ինքնավարությունը` հանրապետության ձեւաչափով: «Մենք պետք է կենտրոնանանք այնպիսի իրավիճակի ստեղծման վրա, որի դեպքում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական հասարակությունները հնարավորություն կունենային ներգրավված լինելու ադրբեջանական հանրապետության շրջանակներում ինքնորոշման հարցի ուղղակի եւ ամբողջական քննարկմանը»:

Նման «բարձրարժեք» իրողություններ ներկայացնող եւ որեւէ այլ հարթություն հակամարտության կարգավորումը չտանելու կոչ անող Մամեդյարովն այնուհետեւ հակասեց ինքն իրեն` կրկին խոսելով ներկա դրությամբ Ադրբեջանի նախագահությամբ գործող ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախաձեռնությունների մասին, մոռանալով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս ընդգծել է, որ այդ նախաձեռնություններից ՄԱԿ-ում ԼՂ հարցը ի թիվս Մերձդնեստրի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրների, քննարկելը չի նպաստում ներկա բանակցային գործընթացին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4