Երեկ կառավարության նիստերի դահլիճում գումարած իր արտակարգ գերագույն ժողովում ՀՅԴ-ն նախագահության թեկնածու առաջադրեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին: Ժողովին ներկա էին ՀՀԿ նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, «Բարգավաճ Հայաստանից» ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ու խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, այլ քաղաքական ուժերից Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Խոսրով Հարությունյանը, Ալբերտ Բազեյանը. մի խոսքով` համարյա բոլոր քաղաքական ուժերից տարբեր «կալիբրի» ներկայացուցիչներ կային:
ՀՅԴ երկու թեկնածուների օգտին ժողովականների տված ձայները բաշխվեցին այսպես` 60 պատվիրակ իր ձայնը տվել էր Վ. Հովհաննիսյանի օգտին, 13-ը` Արմեն Ռուստամյանի: Ի դեպ, վերջինս մինչեւ փակ գաղտնի քվեարկությունը ինքնաբացարկ էր հայտնել` այնուամենայնիվ ձայներ ստանալով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ավարտվել էր ՀՀ քաղաքացիների կողմից ՀՅԴ երկու թեկնածուների նախնական քվեարկությունը, որը մեծ տարբերություններ չէր արձանագրել` քվեարկողները համապատասխանաբար 53 եւ 47 տոկոս ձայները տվել էին Հովհաննիսյանին եւ Ռուստամյանին:
Վ. Հովհաննիսյանը քվեարկությունից հետո ողջագուրվեց Ա. Ռուստամյանի հետ, որից, ըստ նրա, շատ բան է սովորել մինչեւ այժմ եւ սովորելու է հետո:
Իր տեսակետները առաջադրված նախագահի թեկնածուն հայտնեց մինչեւ քվեարկությունը եւ քվեարկությունից հետո հնչեցրած ելույթներում, ինչպես նաեւ` լրագրողների հարցերին պատասխանելով: Անդրադառնալով առաջիկա քարոզարշավին` Հովհաննիսյանը նկատեց, թե ուրիշներին մեղադրելու, գոտկատեղից ներքեւ հարվածելու ճանապարհով չեն գնալու, քանի որ ընտրելու են այնպիսի իշխանություն, որը ենթարկվելու է օրենքին, եւ ոչ թե օրենք է պարտադրելու: Նրա խոսքով` ՀՅԴ-ի համար ընդունելի չէ նախորդ եւ ներկա իշխանությունների կողմից արհեստական երկու բեւեռի ստեղծումը. «Մենք նման խաղի կանոններով չենք առաջնորդվելու»:
Դաշնակցական նախագահ ընտրվի, թե որեւէ այլ կուսակցությունից, ՀՅԴ-ն էլի Հանրապետական կուսակցության հետ համագործակցելու է. «ՀՀԿ-ն հայկական առաջատար քաղաքական ուժերից մեկն է: Մենք չենք կարող Լեւոն Տեր-Պետրոսյանի նման հայտարարել, թե բոլորի հետ կհանդիպեմ, հանրապետականների հետ չեմ հանդիպի: Ինչո՞ւ չես հանդիպի, հարց է առաջանում: Մենք այդ մոտեցումը, այդ սեւ-սպիտակի բաժանելը, իրար չեզոքացնելու փորձերը չենք ընդունում»:
Նոր նախագահը, որը հավակնում է դառնալ ՀՅԴ թեկնածուն, նոր սահմանադրությամբ, սակայն, սահմանափակ իրավունքներ ունի` էլ ինչպե՞ս է հավակնում այդ դեպքում համակարգը բարեփոխելու: «Նախագահը երկրում լուրջ դերակատարում ունի, նախագահն է պատասխանատու սահմանադրական կարգի պահպանման, արտաքին հարաբերությունների եւ անվտանգությունն ապահովելու համար եւ այս գործառույթներն ունենալով` նա չի կարող լինել թույլ ֆիգուր: Նախագահի ձեռքում կադրային եւ այլ շատ լծակներ կան»: Եվ բացի այդ. «Ո՞վ ասաց, որ մենք մեկ միահեծանությունը բացառելով փորձելու ենք մեկ այլ միահեծանություն ստեղծել առանցքում միայն Դաշնակցությունն ունենալով»: ՀՅԴ-ն ընտրություններից հետո համագործակցելու է ե՛ւ ընտրություններում պարտված, ե՛ւ հաղթած ուժերի հետ:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Վահան Հովհաննիսյանը կաշկանդված չէ՞, որ խնամիական կապեր ունի Ս. Սարգսյանի եղբոր հետ, Վ. Հովհաննիսյանը հակադարձեց. «Երջանիկ եմ, որ մեր երկրում նման հարցերը կորցրել են իրենց կարեւորությունը: Հայաստանը արտերկրի գաղութներից չէ, որտեղ ռամկավարը հնչակյանին աղջիկ չի տալիս, հնչակյանը դաշնակցականին: Սա նորմալ, ազատ երկիր է, եւ եթե երկու երիտասարդ իրար հետ սովորելով ու ընկերություն անելով որոշել են իրենց ճակատագիրը միացնել, ուրախ եմ, որ նրանք չեն կաշկանդվում իրենց որոշման մեջ, իրենց հայրերի կուսակցական-քաղաքական պատկանելությամբ: Հայրերն էլ չեն կաշկանդվում երիտասարդների ընտրությամբ... Եթե քաղաքական պայքարը իշխանության համար պայքար է, Ձեր ասած գործոնները կարող են նշանակություն ունենալ: Բայց Դաշնակցությունը քաղաքական-գաղափարական պայքար է վարելու»:
Նորաթուխ նախագահի թեկնածուն բացառեց, որ երկրորդ փուլի առկայության դեպքում թեկնածուներից մեկը կարող է դաշնակցական չլինել: Այնուամենայնիվ` եթե այդպես լինի: Վ. Հովհաննիսյանի խոսքով` կնայեն գաղափարական ընդհանրությանը, անցած ճանապարհին, որովհետեւ կան ուժեր, որոնց ընդհանրապես չի պաշտպանի ՀՅԴ-ն: Բայց մինչ այդ Դաշնակցությունը փորձելու է իր առանցքի շուրջը հավաքել բոլորին, ում հետ գաղափարական թեկուզ փոքր ընդհանրություն ունի` համագործակցության ձեւը գտնելով:
Իսկ ավելի վաղ Վահան Հովհաննիսյանը ԳԺ-ի ժամանակ հնչեցրած ելույթում քննադատել էր մեր իրականությունը, ասելով, թե օրենքն ու իրականությունը չեն համընկնում եւ պետք է ընտրել` ապրել տիրապետող օրենքի՞ տակ, թե՞ օրենքի տիրապետության ներքո. «Մեր հասարակությունն ընտելացել է, որ հեղինակությունը կարող է հենվել միայն ուժի եւ նյութական կարողության վրա: Ոչ խելքի, ոչ գիտելիքների, տաղանդի, այլ միայն ուժի եւ փողի»: Եվ իր իսկ հարցադրումը` պայքար իշխանությա՞ն, թե՞ գաղափարի համար, այս պատասխանն ունեցավ. «Դաշնակցությունն ընտրում է երկրորդը... իշխանության համար պայքարում պարտվում են բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` թվացյալ հաղթանակ արձանագրածները, որովհետեւ իրական պայքարն այդ դեպքում լինում է բյուրոկրատական ապարատինը, որը բնազդաբար ձգտում է անվերահսկելիության»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ