Այս կարծիքը հայտնեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում աղքատության հաղթահարման ռազմավարության իրականացման աջակցման նպատակով նախօրեին 18,5 մլն դոլար վարկի տրամադրման առնչությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Նա հայտնեց, որ այս ծրագրին աջակցության շրջանակներում սա 4-րդ վարկն է եւ ընդհանուր գումարը կազմել է 87 մլն դոլար: 18,5 մլն դոլարը նույնպես տրամադրվել է արտոնյալ պայմաններով:
Ո՞րն է այս վարկի տրամադրման նպատակը: Ըստ Արիստոմենե Վարուդակիսի, նպատակներից մեկը հարկային եւ մաքսային վարչարարության առավել բարելավումն է: Ներկայումս ՀԲ աջակցությամբ ներդրվել է համակարգ, որը հնարավորություն է տալիս հարկատուներին իրենց հայտարարագրերն ուղարկելու փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Աջակցություն է ցուցաբերվում խոշոր հարկատուների վարչության աշխատանքի արդյունավետության բարելավմանը:
Մաքսային համակարգում ներդրվել է համակարգ, որը հնարավորություն է տալիս ներմուծողների եւ արտահանողների շփումը մաքսային համակարգի աշխատակիցների հետ հասցնել նվազագույնի, ապրանքների հայտարարագրումն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Ներկայումս ներմուծման-արտահանման շուրջ 70 տոկոսը կատարվում է այդ համակարգով:
«Համաշխարհային բանկի երեք տարի առաջ կատարած ուսումնասիրության համաձայն, արտահանողները նշել էին, որ իրենց ծախսերի 43 տոկոսը կաշառքներն են մաքսավորներին: Այս համակարգի ներդրումից հետո ուսումնասիրություն չե՞ք իրականացրել, թե որքան են փոխվել այդ ցուցանիշները»: Մեր այս հարցին Արիստոմենե Վարուդակիսը նախ պատասխանեց, որ ինքը ծանոթ չէ այդ թվերին: Սակայն երբ մատնանշեցինք, որ այդ տվյալը ստացել ենք հենց ՀԲ երեւանյան գրասենյակից, նա ասաց, որ իրեն հայտնի են 2005-ի ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց, ոչ պաշտոնական վճարները կազմել են 18 տոկոսը: Նա հայտնեց, որ հաջորդ ուսումնասիրությունը կանցկացվի եկող տարի եւ իրենք հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ արդյունք է տվել իրենց աշխատանքը:
Վարկային ծրագրի մյուս ուղղությունը աջակցությունն է կրթության ռացիոնալիզացմանը, որի արդյունքում հնարավոր դարձավ կտրուկ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերըՙ 2004-ինՙ 65 տոկոսով, 2005-ինՙ 16 տոկոսով, 2006-ինՙ 19 տոկոսով:
Վարկային այս ծրագրով նախատեսվում է նաեւ օգնություն տրամադրել ապօրինի անտառահատումների դեմ պայքարելու համար: Դա, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի կարծիքով, բացի բնապահպանական նշանակությունից, լավ պայմաններ է ստեղծում գյուղական բնակավայրերում ներդրումների եւ աղքատության վերացման համար: Մասնավորապես գումարներն ուղղվելու են անտառների պահպանության պետական ծրագրի մշակմանը եւ անտառների պահպանության տեսչությանն օժանդակելուն: Այս առնչությամբ այն հարցին, թե ի՞նչ կարծիքի է ՀԲ ներկայացուցիչը Թեղուտի 357 հա անտառի հատման ծրագրի մասին, Արիստոմենե Վարուդակիսը պատասխանեց, որ դա ապօրինի ծառահատում չէ, բայց ավելացրեց, որ համալիր ուսումնասիրություն է անհրաժեշտ պարզելու, թե այդ ծրագիրն ինչպես կանդրադառնա շրջակա միջավայրի վրա:
Մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունեցողը, ներկայացնելով Համաշխարհային բանկի տեսակետը, հաճախ էր նշում Հայաստանում արհեստական մենաշնորհները վերացնելու անհրաժեշտության եւ այս հարցում կառավարությանն աջակցելու մասին: Ավիացիայում «Արմավիային» տրված մենաշնորհի մասին հարցի վերաբերյալ Արիստոմենե Վարուդակիսը հայտնեց, որ ՀԲ-ն նախաձեռնել է Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ «բաց երկնքի» համաձայնագրի կնքում: Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա, ի պատասխան մեր հարցի, թե «ի՞նչ է նշանակում պայքարել մենաշնորհների դեմ, երբ Հայաստանի օրենսդրությունը թույլատրում է մենաշնորհը եւ արգելում է միայն դրա չարաշահումը», ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ խոսքը հենց այդ չարաշահումները թույլ չտալու մասին է: Դրա համար հարկ է ուժեղացնել այն կառույցը, որը կոչված է զբաղվելու դրանով: Մենաշնորհների չարաշահման դեմ պայքարն անհրաժեշտ է նաեւ այն առումով, որ դա կնպաստի մրցակցության սրմանը եւ որոշ չափով կհակակշռի արտերկրից եկող գների աճին:
«Այս տարվա բյուջեով նախատեսված համախառն ներքին արդյունք-հարկեր 16,9 տոկոս հարաբերակցությունը ռիսկային չէ՞» հարցին Արիստոմենե Վարուդակիսը պատասխանեց, որ սա լուրջ հարց է, քանի որ երկար տարիներ այդ ցուցանիշը 14-15 տոկոսի սահմաններում է եղել: Եվ հենց հարկահավաքման մակարդակի բարձրացմանն է ուղղված նաեւ այս վարկային ծրագիրը, որն օժանդակում է խոշոր հարկատուների վարչությանը հարկերից խուսափողներին հայտնաբերելու համար:
Դարձյալ գազի սուբսիդավորման մասին
Արիստոմենե Վարուդակիսի կարծիքով, գազի գների սուբսիդավորումը եկող տարի Հայաստանի կառավարության համար ավելի մեծ գումար է պահանջելու, քանի որ գազի սպառման ծավալներն ավելանում են: «Արդյոք կառավարությունը կկարողանա՞ պահպանել սուբսիդավորման ծավալը գազի սպառման ծավալների ավելացման պարագայում», հարցադրում արեց բանախոսը: Նշենք, որ գազի սուբսիդավորումը նախատեսված է պահպանել մինչեւ 2008-ի ավարտը: