Ամերիկացին վրեժխնդիր եղավ
Վաղուց արդեն մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճը լեփ լեցուն չէր եղել մարզասերներով, որոնք երեկ տեղ էին զբաղեցրել տրիբունաներումՙ հետեւելու դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի պրոֆեսիոնալ լիգայի գավաթի խաղարկությանը: Մրցասպարեզ էին դուրս եկել մարզաձեւի Հայաստանի եւ աշխարհի հավաքականները:
Մինչեւ մրցասպարեզը կտրամադրվեր կարատեիստներին, կայացավ մրցումների բացման արարողությունը, որն ուղեկցվեց պարային համույթի ելույթով: Բացման խոսքով ներկաներին ողջունեցին դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:
Առաջինը մենամարտելու պատիվը տրվել էր մինչեւ 61 կգ քաշայիններ Յուրի Բաղյանին ու Դմիտրի Բոգաչուկին (Ուկրաինա): 20-ամյա երկու կարատեիստներն էլ մենամարտելու մեծ փորձ ունեին: Յուրի Բաղյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մի շարք մրցաշարերի մասնակից: Մարզիչ Լեւոն Խաչատրյանի սանը, որ 2003-ից մարզվում է Գոռ Վարդանյանի գլխավորությամբ, անցկացրած 23 մենամարտից հաղթել էր 19-ում (7-ըՙ նոկաուտով), մեկն ավարտել էր ոչ-ոքի, 3-ում պարտվել էր: Դմիտրի Բոգաչուկն Ուկրաինայի բազմակի չեմպիոն է, 2006-ի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր: Նա անցկացրել էր 30 մենամարտ, որից շահել էր 28-ը (9-ըՙ նոկաուտով), կրել 2 պարտություն:
Երկու մարզիկներն էլ շատ ակտիվ սկսեցին մենամարտը, գրագետ էին վարում մարտը: Առաջին երեք ռաունդներում ավելի ակտիվ էր հայ կարատեիստը, որը մրցակցի նկատմամբ առավելության հասավ համապատասխանաբար 6-5, 9-3 եւ 7-3 հաշիվներով: Հենց դա էլ վճռեց մրցակցության ելքը: Թեեւ մյուս երկու ռաունդներում ուկրաինացի մարզիկն ավելի ակտիվ էր ու միավորներով գերազանցեց Բաղյանին (5-3, 9-3), բայց մենամարտի ընդհանուր ելքի վրա չկարողացավ ազդել: Արդյունքում Յուրի Բաղյանը հաղթեց 3 միավորի առավելությամբ (28-25) եւ առաջին հաղթական միավորը պարգեւեց Հայաստանի հավաքականին:
Մեր թիմի հաղթարշավը շարունակեց աշխարհի, ԱՊՀ-ի եւ Կովկասի չեմպիոն Կառլեն Մինասյանը, որը գեղեցիկ ոճով պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող Արտյոմ Շարաշկինին (39-36): Մինասյանը շատ ակտիվ սկսեց մենամարտը եւ արդեն առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցինՙ վաստակելով 3 միավոր: Հետագայում էլ նա պահպանեց առավելությունն ու արժանի հաղթանակ տոնեց:
Իհարկե, մարզասերները հատկապես մեծ հետաքրքրությամբ էին սպասում Էրիկ Օհանյանի եւ ամերիկացի Ջերալդ Փիփլսի մենամարտին: Պատճառը երկու օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ երկու մարզիկների միջեւ տեղի ունեցած տհաճ միջադեպն էր, որի արդյունքում ամերիկացի կարատեիստը հայտնվել էր հատակին: Սպասվում էր, որ Փիփլսը կփորձի վրեժխնդիր լինել: Եվ դա նրան լիովին հաջողվեց: Մենամարտը տեւեց ընդամենը 10-15 վրկ: Փիփլսի հուժկու հարվածը գետին տապալեց Օհանյանին, որն այլեւս ի վիճակի չէր շարունակելու մենամարտը: Եվ այսպես, մրցամարտի հաշիվը դարձավ 2-1ՙ հօգուտ ՀՀ հավաքականի:
Մրցասպարեզ դուրս եկած Արամ Մեհրաբյանը կարծես իր թիմակցի կրած պարտության դիմաց վրեժխնդիր լինելու վճռականությամբ էր մենամարտում: Առաջին ռաունդում նա նոկդաունի ենթարկեց Կանադայի բազմակի չեմպիոն Ֆրեդ Հարիսին: Հետագայում էլ հայ կարատեիստը ձեռքից բաց չթողեց նախաձեռնությունը եւ ի վերջո մենամարտն ավարտեց իր օգտին (42-29): Փաստորեն, Արամ Մեհրաբյանն իր հաղթանակով վճռեց մրցակցության ընդհանուր ելքըՙ 3-1:
Վերջինը մրցասպարեզ դուրս եկան աշխարհի, պրոֆեսիոնալ լիգայի չեմպիոն, մի շարք մրցաշարերի հաղթող Նորայր Ավետիսյանն ու աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բելառուսցի Արթուր Յանչենկոն: Վերջինս բավական փորձառու մարզիկ է, անցկացրել էր 65 մենամարտ, որից 57-ը (10ՙ նոկաուտով) շահել էր: Նորայրը շատ ակտիվ սկսեց մենամարտըՙ մի ողջ հարվածաշար տեղալով մրցակցի վրա, որի արդյունքում Յանչենկոն հայտնվեց նոկդաունում: Ավետիսյանը նույն ակտիվությամբ շարունակեց մենամարտը եւ մեծ առավելությամբ հաղթեցՙ էլ ավելի համոզիչ դարձնելով Հայաստանի հավաքականի առավելությունն աշխարհի հավաքականի նկատմամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ