Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր նախագահության ութ տարիների ընթացքում այդպես էլ մնաց թե՛ երկրի եւ թե՛ հատկապես արեւմտյան քաղաքագիտական կենտրոնների ու վերլուծաբանների համար անհասկանալի եւ անկանխատեսելի քաղաքական գործիչ: Բոլոր այն վերլուծությունները եւ քաղաքական ու փորձագիտական կարծիքները, որոնք տարիների ընթացքում կազմվում եւ ձեւավորվում էին Ռուսաստանի երկրորդ նախագահի մասին, հեշտությամբ քանդվում էին: Պուտինը կատարում էր քայլեր, որոնք անհասկանալի էին Արեւմուտքի համար, ինչպես անսպասելի էր նրա որոշումըՙ 2007-ի Պետդումայի խորհրդարանական ընտրություններին գլխավորել «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ընտրացուցակը:
Եվ այսպես, ընտրությունը կատարված է, անցած կիրակի Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները իրապես կարելի է համարել պատմական: Պատմական մի քանի առումով, նախ Ռուսաստանը իր պատմության մեջ առաջին անգամ ձեւավորեց 5-րդ Դումա, 20-րդ դարի սկզբին այդ երկիրը բավարարվել էր միայն 4 դումաներով, երկրորդը եւ հիմնականը նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած «Միասնական Ռուսաստան» կուսակցության աննախադեպ հաղթանակն էր, որն այսօր արդեն սահմանադրական մեծամասնություն ունի այդ երկրի նորընտիր խորհրդարանում: Ընտրությունների նախնական արդյունքներով (վերջնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 7-ին կամ 8-ին), «Միացյալ Ռուսաստանը» ստացել է ձայների 64.1 տոկոսը, Կոմկուսըՙ 11.6 տոկոսը, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունըՙ 8.2 տոկոսը, իսկ «Արդար Ռուսաստանը»ՙ 7.8 տոկոսը: Այսպիսով, աջ ընդդիմադիր քաղաքական հիմնական ուժերըՙ «Յաբլոկոն», Աջ ուժերի դաշինքը եւ մյուսները չեն կարողացել հաղթահարել 7 տոկոսի արգելքը:
Ինչեւէ, պարզ է մի բան. «Միացյալ Ռուսաստանի» բացարձակ հաղթանակը ոչ այնքան այդ կուսակցությանն է, որքան երկրի նախագահ Վլադիմիր Պուտինինը, քանի որ միայն նրա ներկայությունն այդ ցուցակում հնարավորություն տվեց իշխող քաղաքական ուժին աննախադեպ հաղթանակ տոնելու եւ ձեռնամուխ լինելու նոր խորհրդարանի ձեւավորմանը: Ռուսաստանում այս ընտրությունները շատերը համարում են նաեւ հանրաքվե, որը պետք է պատասխաներ այն հարցին, թե բնակչության մեծամասնությունն աջակցո՞ւմ է երկրի նախագահի նոր «ազգային ծրագրին»: Եվ ինչպես ցույց են տալիս արդյունքները, Վլադիմիր Պուտինն ունի բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը, հետեւաբար կարող է կյանքի կոչել երկրի զարգացման «պուտինյան» ծրագիրը` Ռուսաստանը վերադարձնել տնտեսապես եւ քաղաքականապես հզոր երկրների շարքը եւ ինքնուրույն տեղ զբաղեցնել համաշխարհային քաղաքականության թատերաբեմում: Նկատենք, որ Ռուսաստանը այդ թատերաբեմի այն խաղացողներից է, որը կարող է միայն առաջնային դերերում լինել, զիջելով իր դիրքերը եւ երկրորդական դերեր ստանձնելով Ռուսաստանը կարող է ընդհանրապես կորցնել քաղաքական ինքնուրույնությունը եւ վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից:
Այսպիսով, այդ երկիրը ուղղակի պարտավոր է ուժեղների շարքում լինել, հակառակ դեպքում նրան սպառնում է մասնատում եւ ԽՍՀՄ-ի ճակատագրի կրկնությունը: Քաղաքական նման ըմբռնումն է պատճառը նաեւ, որ պուտինյան Ռուսաստանը, ի տարբերություն ելցինյանի, այդքան ատելի է Արեւմուտքում: Այնտեղ լավ են հասկանում, որ Ռուսաստանի հզորացումը բերում է նաեւ աշխարհաքաղաքական զարգացումներում նոր շեշտադրումների ավելացման եւ Արեւմուտքը ժամանակի ընթացքում ստիպված է լինելու վերականգնել նախկին ավանդույթը, երբ հաշվի էր նստում Կրեմլի կարծիքի հետ: Այնպես որ, «Միացյալ Ռուսաստանի» բացառիկ հաղթանակը նշանակում է նաեւ, որ Պուտինը չի հեռանում քաղաքականությունից եւ ունենալով սահմանադրական մեծամասնություն, կարող է ոչ միայն փոխել գործող սահմանադրությունըՙ կրճատելով նախագահի լիազորությունները ուժեղացնել օրենսդիր մարմինը, այլեւ ինքը կարող է ղեկավարել երկրի նոր կառավարությունը: Հիշեցնենք, որ դեռ մի քանի ամիս առաջ միջազգային քաղաքական փորձագետների ակումբներից մեկում ելույթ ունենալիս նա չէր բացառել դեպքերի նման զարգացումը:
Այսպիսով, երբ քիչ թե շատ պարզ են դառնում Ռուսաստանի նախագահի հետագա քայլերը եւ ուրվագծվում է, թե ինչ է սպասում Ռուսաստանին գոնե մոտ ապագայում ու ինչ քաղաքական կուրսով է նա շարժվելու, միակ քաղաքական հանելուկը մնում է այն հարցը, թե ով կդառնա այդ երկրի նոր նախագահը կամ, ավելի ճիշտ, ում կաջակցի Վլադիմիր Պուտինը: Ինչպես միշտ, կարծիքներն այս հարցում շատ են, սակայն կանխատեսել, թե Ռուսաստանի գործող նախագահը հաջորդ ինչ քայլ կկատարի, անշնորհակալ գործ է, քանի որ վերջինս հայտնի է իր անսպասելի որոշումներով: Հնարավոր թեկնածուներից (վարչապետ Զուբկով կամ փոխվարչապետներ Իվանով ու Մեդվեդեւ) եւ ոչ մեկի անունն էլ կարող է չլինել Պուտինի ցուցակում: Այս առումով Ռուսաստանի նախագահը նման է այն աճպարարին, որը գլխարկում միշտ էլ ունենում է թաքցրած խաղաքարտ, որը կարող է օգտագործել ամենաանսպասելի պահին:
Ռուսաստանում պուտինամետ քաղաքական ուժի հաղթանակը աշխարհում, նաեւ հայաստանյան մի շարք շրջանակների կարող է տարբեր մեկնաբանությունների առիթ տալ: Սակայն միանշանակ է, որ մեր երկրի ռազմավարական դաշնակցի հետագա հզորացումը միայն ձեռնտու է մեզ, հետեւաբար այս գործընթացին պետք է մոտենալ միայն դրականորեն եւ հասկանալ, որ մեր երկրի քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական շահերից է բխում հզոր ու հետեւաբար կանխատեսելի Ռուսաստանի հզորացումը:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ