«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2007-11-30 | #222, 2007-12-01 | #223, 2007-12-04


PKK-ԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՈՐԵՎԷ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Տեղակայման պատրանքով, սակայն, Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանին

Թուրքական մամուլի համար յուրահատուկ է ժամանակ առ ժամանակ մեղադրել Հայաստանին հակաթուրքական գործունեության մեջ: Մեղադրանքները երբեմն պայմանավորվում են Թուրքիայի նկատմամբ Հայաստանին վերագրվող դավադրական մոտեցումներով, իսկ մտացածին այս մոտեցումներըՙ ցանկատեսությամբ:

Խոսքը տվյալ դեպքում «Հյուսիսային Իրաքում անբարենպաստ կացության մեջ հայտնված PKK-ի շփումների մասին է Հայաստանի հետՙ նոր հենակետերի ձեռքբերման համար»: Դեկտեմբերի 3-ի համարում այդ մասին մոտավորապես նույն վերնագրով հոդված է հրապարակել թուրքական «Զաման» թերթը, ընդ որում հոդվածի համար հիմք է ընդունել «Աքշամի» հրապարակումը:

Ինֆորմացիայի արտահոսքի առումով «Աքշամը» բավականին հարմար թերթ է, այսինքնՙ թուրքական համապատասխան ծառայությունները մյուսներին խնայելու մղումով այս թերթն են օգտագործում: Ինչ վերաբերում է «Զամանին», ապա կենտրոնական այս թերթը, որն ունի պատկառելի տպաքանակ, հրատարակվում է նաեւ Ադրբեջանում: «Զամանին» էր թղթակցում մեր հայրենակից Էթիեն Մահճուպյանը: Նկատի ունենալով նաեւ Ադրբեջանում հրատարակվելու պարագան, «Զամանն», այնուամենայնիվ, հայերի եւ Հայաստանի հարցերում ավելի զուսպ է, քան կենտրոնական մյուս թերթերը:

Համենայն դեպս, ըստ «Զամանի» վերոհիշյալ հոդվածի, թուրքական զինված ուժերի ռազմական գործողություններն ստիպել են PKK-ին դատարկել Հյուսիսային Իրաքը, ստեղծված իրավիճակում կազմակերպության հայկական ծագումով ահաբեկիչներն իրենց հայացքն ուղղել են Անդրկովկաս, ապա եւ ծրագրել են հաստատվել «Հայաստանի օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում», ինչը հաջողվել է բացահայտել Թուրքիային:

Ավելին, թուրքական թերթի տվյալներով, երկրի հետախուզական կառույցներին հայտնի է դարձել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ PKK-ի հաստատած կապը եւ որոշվել է ահաբեկիչներին տեղափոխել որեւէ եվրոպական երկիր, որտեղիցՙ Անդրկովկաս, ապաՙ Լեռնային Ղարաբաղ: Իբր Հայաստանը վերջին տարիներին Իրաքից եւ Սիրիայից գաղթած քրդերին արդեն տեղաբաշխել էր Լեռնային Ղարաբաղում, որտեղ PKK-ն ունի թերթեր եւ ռադիոհաղորդումներ:

Ինչո՞վ է «Զամանը» հիմնավորում այս զրպարտությունը: Նոյեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Ադրբեջան, ապա եւ Վրաստան այցերով, թե դրանց ընթացքում քննարկել են Անդրկովկասում PKK-ի գործունեությանն առնչվող խնդիրներ, Իլհամ Ալիեւն ու Միխեիլ Սաակաշվիլին խոսք են տվել, որ Թուրքիայի կողքին կլինեն: Այդ ընթացքում Միլի մեջլիս է ներկայացվել PKK-ականների մուտքն Ադրբեջան արգելելու օրինագիծը, որը կքննարկվի օրերս:

Այս «հիմնավորումը» որեւէ առնչություն չունի PKK-ի հարցում Հայաստանին վերագրվող վերոհիշյալ մեղադրանքի հետ: Դա ավելի շուտ բխում է տարածաշրջանում PKK-ի դեմ ընդհանուր ճակատ կազմելու եւ դրանում անդրկովկասյան հանրապետություններին եւս ընդգրկելու Անկարայի հաշվարկներից: Քանի որ Թուրքիան չունենալով դիվանագիտական հարաբերություններ, չի կարող նաեւ Հայաստանին ներառել այդ ճակատում, ուստի նախապես շանտաժի է դիմում, որպեսզի այդ շանտաժն օգտագործի իբրեւ ճնշման հավելյալ լծակ, PKK-ի միջոցով փորձի ցույց տալ Հայաստանի կապն ահաբեկչության հետ, վերջինին դարձնի ահաբեկչությանն աջակցող երկիր եւ մտացածին այդ ահաբեկչության մեջ, ներգրավելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նախադրյալներ ստեղծի նրա մեղադրման համար եւս:

Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Թուրքիայում PKK-ն համարվում է ոչ միայն ահաբեկչական, այլեւ անջատողական կազմակերպություն, այսինքնՙ երկրում տիրող կարծիքի համաձայն, քրդական այս կազմակերպության նպատակը թուրքական պետության մասնատումն է, դրա համար էլ հենակետեր ունի սահմանակից Հյուսիսային Իրաքում:

Ի՞նչ իմաստ կարող է ունենալ PKK-ականների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, հատկապես հայերի եւ Հայաստանի համար: Այնտեղ նրանք ո՞ւմ դեմ ինչպիսի՞ անջատողական գործունեություն են ծավալելու: Հարցերի պատասխանը թուրքերին հայտնի է, թե ոչ, չգիտենք, բայց որ PKK-ն Թուրքիայում քրդական հարցի կարեւորագույն բաղադրիչն է, իսկ հարցըՙ մեծ քաղաքականության մեծ խնդիր, ակնհայտ է բոլորին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4