Որ իրականությունն ու երազանքը չտարբերի
«Օրինաց երկիր» կուսակցության 650 պատվիրակ երեկ կառավարության նիստերի դահլիճում գոռում էր` «Արթո՛ւր-նախագա՛հ»: ՕԵԿ 8-րդ արտահերթ համագումարը երեկ ՕԵԿ նախագահին երկրի նախագահի թեկնածու առաջադրեց: Եվ ներկա 16 այլ կուսակցությունների ներկայացուցիչները (առնվազն մեկ նախագահի թեկնածու, բացի Արթուր Բաղդասարյանից, ներկա էր` Վազգեն Մանուկյանը), որոնք հավանաբար իրենց մտքում այլ նախագահի թեկնածու ունեին, ստիպված էին տանել օվացիայի բարձր դոզան, որն, ինչպես երեւում է, հետագայում էլ համահունչ է լինելու երեկվա բոցաշունչ տոնայնությանը, բայց առավել մեծ մասշտաբներով նախագահական քարոզարշավի ընթացքում:
Ներկա 16 կուսակցությունների ներկայացուցիչներից նկատվեցին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, «Ժառանգությունից»ՙ Վարդան Խաչատրյանը, ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նրանց ելույթներից էլի պարզ չեղավ` Արթուր Բաղդասարյանին աջակցելո՞ւ են, թե ոչ: Աջակցելու խոստում տվեց միայն առայժմ անհայտ «Արդարություն» կուսակցության ղեկավարը: Հրայր Կարապետյանը ՕԵԿ-ը կայացած կուսակցություն համարեց` այն քչաթիվներից, որոնք գործունեություն են ծավալել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ: Բարձր գնահատեց հենց Արթուր Բաղդասարյանին Հայաստանի ժողովրդավարացման, եվրոինտեգրման ջանքերում: Վ. Մանուկյանը ծանոթ դեմքեր էր տեսել դահլիճում, նույնիսկ շարժման ժամանակներից` «հարազատություն» բառն օգտագործեց: Եվ Հայաստանի երեք` արեւելյան տիպի, համեստ-եվրոպական նմանակման, իրապես ժողովրդավարական եւ եվրոպական արժեքների ճանապարհների ընտրության մասին խոսելով, նկատեց, թե ՕԵԿ-ը արեւելյան արժեքների կողմնակից չէ, այլ ժողովրդավարական ուղու, սա էլ բերում է հարազատության զգացումը: Վարդան Խաչատրյանը հույս հայտնեց, թե ՕԵԿ-ն այսուհետեւ էլ կշարունակի միեւնույն գիծը` «էֆեկտիվ պայքարով հնարավորություն ընձեռելով ընդհանրացնելու դաշտը»: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը չծածկեց, որ կուսակցությամբ դեռ չեն որոշել` ո՞ւմ են պաշտպանելու. հունվարին կորոշեն, բայց ողջամիտ քայլ համարեց նախագահի թեկնածու առաջադրելու ՕԵԿ որոշումը, քանի որ այդպիսով տեսակետներ ներկայացնելով հանրային բանավեճը կկայանա: ՀԺԿ-ից ներկա Գրիգոր Հարությունյանը չարտահայտվեց, ՀՀԿ-ից եւ «Բարգավաճ Հայաստանից» ներկաներ չնկատվեցին:
Արթուր Բաղդասարյանն առաջադրվելուց հետո խոսեց 31 րոպե:
«Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեզ տրված արդար քվեներին (խորհրդարանական ընտրությունների քվեները նկատի ունի-Մ.Խ.), շարունակել մեր վճռական պայքարը, որպեսզի ապրենք ոչ թե զրկանքների եւ դժվարությունների, անարդարությունների եւ ապօրինությունների, երեսպաշտության եւ քաղքենիության, չարության եւ նախանձի, այլ` ազատության եւ ժողովրդավարության, նորարարության եւ բարեփոխումների, սիրո եւ բարօրության, վերջապեսՙ օրենքի եւ արդարության Հայաստանում»:
«Այսօր ունենք երեւութական մի երկիր, ուր հռչակվում է ժողովրդավարություն, բայց իրականում բանտարկվում է ազատ խոսքը, ուր հռչակվում է անկախ դատական իշխանություն, բայց վերահսկվում է արդարադատությունը, ուր հռչակվում է ազատ տնտեսական մրցակցություն, բայց շահութաբեր ոլորտները բաժանվում են կլանային խմբավորումների միջեւ, ուր խոսվում է արդար ընտրություններով ստացված քվեների մասին, բայց երկրում աճուրդի են հանվում աղքատության մատնված ժողովրդի քվեները, ուր խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց անպատիժ են մնում բոլորին տեսանելի ու հայտնի կոռուպցիոն հայրերը, որ բազմել են պետական կառույցները եկամուտի աղբյուր դարձրած առանձին ոլորտներում...Կոռուպցիայի, ծաղկող կաշառակերության եւ շարունակական աճող ստվերային տնտեսության ահռելի ծավալները, պետական ունեցվածքի զանգվածային կողոպուտի դրսեւորումները, օրեցօր բազմացող անօրինականությունների եւ կլանային խմբավորումների անպարկեշտ հաղթարշավը հարձակում են գործել երկրի սահմանադրության վրա...Իշխանությունը չպետք է զբաղվի բիզնեսի բաշխման համակարգը երկրում բաշխելով, մենաշնորհ կամ արտոնյալ պայմաններ տրամադրի հիմնական ապրանքներ ներկրողներին երկրում կամ էլ փորձի անսահման իշխանություն տալ որոշ ընտրյալ իշխանավորների... Չի կարելի ստեղծել մրցակցային շուկա` առանց կոռուպցիայի դեմ իրական պայքարի, չի կարելի օգնել սոցիալապես անապահով մարդկանց, եթե արտոնյալները հարկեր չեն վճարում...»: Ահա այսպիսի թունդ բնորոշումներ պարունակող ելույթ ունեցավ իր կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ա. Բաղդասարյանը, չնայած, ըստ նրա, պետք է ամեն ինչ անել, որ ապագա քարոզչական բանավեճերն անցնեն քաղաքակիրթ տոնով, տարբերությունները թշնամության առիթ չպետք է դառնան:
Որպես նախագահի թեկնածու Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ սկսելու է հանդիպումների շարք առաջադրված թեկնածուների հետ, առաջարկելով նաեւ հրապարակային քննարկումներ: «Ես ոչ այնքան ռոմանտիկ եմ, որ տարվեմ անպտուղ երազանքներով, ոչ էլ այնքան ուտոպիստ եմ, որ երազանքն ու իրականությունը չտարբերեմ»:
Նախագահական ընտրություններին նա մասնակցելու է ոչ թե օլիմպիական սկզբունքով, միայն մասնակցելու համար, այլ` հաղթելու վճռականությամբ:
Այսքան քննադատելուց հետո ինչո՞ւ ՕԵԿ-ը չի աջակցում Լ. Տեր-Պետրոսյանին. «Ոչ միայն նրա համար, որ մենք երկիրը ավազակապետություն չենք համարում, մեր անցած ուղին եւս, եւ Տեր-Պետրոսյանի ներդրումը պետականության կայացման գործում` դեմ ենք իշխանական-պետական համակարգը լիովին կազմաքանդելուն, որովհետեւ անցած 20 տարիներին մենք ձեռք ենք բերել այնքան թանկ անկախությունը, լավ, թե վատ կառուցել ենք մի երկիր, որն ինքնիշխան է, եւ աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում կախված է եռագույնը որպես մեր ինքնիշխանության խորհրդանիշ»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ