«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2007-11-30 | #222, 2007-12-01 | #223, 2007-12-04


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՆԱԿԵՏ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Դիտարկում են Իրանի Ուրմիա նահանգի գործարարները

Նոյեմբերի վերջին Հայաստանում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ուրմիա նահանգի գործարարների 20 հոգուց բաղկացած պատվիրակությունը: Հայաստանում գտնվելու օրերին նրանք հանդիպումներ ունեցան Հայաստանի իրենց գործընկերների, հայ գործարարներին միավորող կառույցներիՙ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, մեր երկրի գործարար եւ ներդրումային միջավայրին ծանոթացան Զարգացման հայկական գործակալությունում:

Իրանական պատվիրակությունը ղեկավարում էր Արեւմտյան Ատրպատականի առեւտրային կազմակերպության նախագահ Ջաֆար Սադեդ Էսքանդարին, իսկ պատվիրակության մեջ գերակշռում էին գյուղմթերքների վերամշակման (չարազի, չորացրած մրգերի, մրգահյութերի, կոնցենտրատների եւ այլ արտադրություններ) ընկերությունների ղեկավարները: Իրանցի գործարարների թվում էին նաեւ շինարարության, փոխադրումներ իրականացնող, պլաստմասսայե իրերի, շինանյութերի եւ անգամ ավտոմոբիլների արտադրության ընկերությունների ներկայացուցիչներ:

Հայկական կողմը նույնպես ներկայացնում էին հիմնականում սննդարդյունաբերության ոլորտի ընկերություններըՙ «Արտաշես», «Նոյան», «Մուլտի ագրո», «Ագրոսպասարկում» եւ այլն:

Ուրմիայի նահանգը բնակչությամբ եւ տարածքով շատ նման է Հայաստանի Հանրապետությանը: 30 հազար կմ տարածքի վրա բնակվում է 2,8 մլն մարդ, սակայն արդյունաբերական ձեռնարկությունների թիվն այստեղ անհամեմատ մեծ էՙ մոտ 1200:

Հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ իրանցիները ցանկություն հայտնեցին համատեղ գործարար ծրագրեր իրագործելու Հայաստանում եւ անգամ որոշ նախնական համաձայնություններ ձեռք բերեցին: Նրանք նշեցին, որ Հայաստանը դիտարկում են որպես հենակետ եւ տարանցիկ երկիրՙ ԱՊՀ երկրներ դուրս գալու համար: Այս առումով մասնավորապես մտադրություն կա մեր երկրում բացելու իրանական ապրանքների կենտրոն, անցկացնելու իրանական ապրանքների ցուցահանդեսներ, հիմնելու համատեղ ձեռնարկություններ:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը կարեւորեց մեր հարեւան երկրի հետ գործարար համագործակցության ընդլայնումը: Նա միության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու համատեղ ձեռնարկությունների ստեղծման, հարկային եւ մաքսային օրենսդրության պարզաբանման, տեղեկատվության տրամադրման եւ այլ հարցերում:

Իրանցի գործարարները եւս տեսակետ հայտնեցին, որ հայ-իրանական տնտեսական համագործակցությունը հեռանկարային է եւ երկուստեք փոխշահավետ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4