Երկու բառով ներկայացնելը դժվար էր, իսկ մեկ բառով` շատ հեշտ
Վերջերս իմ ընկերների հետ «Մոսկվա» կինոթատրոն այցելեցի Դոն Ասկարյանի նկարահանած «Արարատ-14 պատկեր» կինոնկարի շնորհանդեսին հաճելի ու արժեքավոր, պատմական-գեղագիտական նոր կինոնկար դիտելու ակնկալիքով: Նախ վերնագիրը նման տրամադրություն էր ստեղծում, եւ մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ ֆիլմի առաջին մի քանի րոպեն այդ էին հուշում:
Իմ ավագ ընկերների առաջին քննադատական խոսքերն ուղղված էին կազմակերպիչներին: Պատճառը` հրավիրատոմսերը գրված էին միայն օտար լեզվով: Հավանաբար` կյանքի փորձն ավագ ընկերներիս դրդեց մինչեւ կինոնկարի ցուցադրումը հեռանալ դահլիճից:
Ընդունված կարգի համաձայն ցուցադրումից առաջ համառոտ ներածական խոսք ասաց կինոբեմադրիչը, որն ավարտեց լրագրողների «Երկու խոսք ֆիլմի մասին» հարցին պատասխանելով. «Դա հնարավոր չէ, եթե երկու խոսքով կինոնկարները ներկայացվեն, ապա ֆիլմեր չեն նկարահանվի»:
Հարգելի ընթերցող, ֆիլմը դիտելուց հետո այդ երկու բառը (առանց դժվարության) ես գտա հոդվածի վերջում, մեկ բառով էլ կներկայացնեմ:
Կինոնկարը սկսվեց Արարատ լեռան գեղեցկությանը վերաբերող հարցազրույցով, որը նկարած էր Մամուլի տան վերին հարկի միջանցքից: Հարցազրույց տվողը, որը Բաքվի 1990-ի փախստականներից էր, մասամբ անդրադառնում էր այդ օրերին իրենց կրած անմարդկային փորձություններին:
Թե ինչ նպատակով էր հարցազրույցի ձայնագրությունը կատարվել աղմկոտ միջանցքում (3-4 րոպե տեւողությամբ հարցազրույցում մի քանի անգամ միջանցքի երկաթե դուռը բարձր չրխկաց եւ ֆիլմի գուցե միակ արժեքավոր մասի խոսքերը խլացվեցին աղմուկով):
Անցնելով բուն կինոնկարին կարճ ասեմ, որ մնացածն այլեւս Արարատի հետ ոչ մի առնչություն չուներ: Դա ցածր մակարդակի դետեկտիվ էր Երեւանում հին մետաղյա իրերի ապօրինի վաճառքով զբաղվող մի քանի մարդկանց գործունեության մասին, որը սովորաբար ավարտվում է միմյանց հետ հաշվեհարդար տեսնելով:
Կինոնկարի սկզբից 15-20 րոպե անց, տաքսու վարորդի բերանով ասված. «Էս ինչ ոչխար ժողովուրդ է» ֆրազից հետո երկու երիտասարդ վեր կացան եւ համապատասխան խոսքեր քրթմնջալով դուրս եկան...
Իսկ ընկերոջս ուսանողուհի դուստրը (կիրթ ու պարկեշտ մի ընտանիքի զավակ), որ կինոնկարը դիտելու էր եկել ծնողների հետ, դահլիճը լքեց ամոթից` կինոնկարի կեսից, իրար հաջորդող, էրոտիկ կոչվող տեսարանների պատճառով, որը կատարվում էր հին իրեր վերավաճառողի եւ նրա ոչ շատ հեռու բարեկամուհու միջեւ, ում ծնողները այդ երիտասարդին հյուրընկալել, ապաստան էին տվել: Ինչ-ինչ, բայց հայ իրականությանը խորթ, ոչ բնորոշ երեւույթ է:
Կինոարվեստը հզոր քարոզչության միջոց է: Ինչ են ուզում քարոզել օտար լեզվով հնչող այս կինոնկարով նրա ստեղծողները (հեղինակը, հովանավորները եւ այլք): Երբ փոխվում է սպառման ոլորտը, նրան այլ պահանջներ են ներկայացվում: Այն, ինչ թույլատրելի է միայն տանը (ընտանիքում) ցածրաձայն քննարկել, օտար հրապարակներում բարձրաձայնելը կամ աղավաղելն ու ուռճացրած ներկայացնելը, նշանակում է մտածված խայտառակել հոր օջախը: Ի՞նչ էին քարոզում մռայլ գույներով նկարահանված կինոնկարի հեղինակները:
Այսօր բազմաթիվ հայ գործիչներ ջանքեր են գործադրում միջազգային հանրությանը մեր ստեղծած բարձրորակ մշակույթը ներկայացնելու, մեր թշնամիների վարած լայնածավալ քարոզչությանը դիմագրավելու: Եվ ահա, օտար լեզվով մի կինոնկար, որը վաղը ձեռք կբերի մեզ բարին չկամեցողը եւ կօգտագործի հակաքարոզչական նպատակներով:
Մի՞թե այլ ասելիք չուներ Արարատի անունը հոլովող բեմադրիչը, ինչո՞ւ նման գործերն իրականացնելու համար միշտ գտնվում են ե՛ւ հովանավորներ, ե՛ւ կատարողներ, այնինչ բազմաթիվ ստեղծագործողների արժեքավոր աշխատանքներ մնում են թղթի վրա, որոնց հեղինակը բախտ չի ունենում իր կենդանության օրոք հրատարակված տեսնել, եւ տասնամյակներ նրա ձեռագրերը դառնում են առնետների ու որդերի կերակուր:
Ո՞ւմ պատվերն են կատարում նման գործեր ստեղծողները:
ԱՐԹՈՒՐ ԽԱՆՋՅԱՆ